Երեւան: Մեդիամաքս: Արցախում իրավիճակը շարունակում է կայունանալ, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ եւ ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն արձանագրվել:
«Առանց որեւէ լուրջ միջադեպերի հաջողվում է ապահովել նոյեմբերի 9-ի՝ եռակողմ հայտարարության հիմնական դրույթներ իրականացումը, դրական միտումները Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից հաստատված ուղու ճշմարտացիության ծանրակշիռ ապացույցն են»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա ասել է, որ հայտարարությունից բխող բոլոր հարցերն եղել են Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում եւ պարբերաբար քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում:
Մարիա Զախարովան ասել է, որ ռուսաստանցի խաղաղապահները շարունակել են ստեղծել նպաստավոր պայմաններ փախստականների վերադարձի համար, իրականացրել են ականազերծման, անհետ կորածների որոնման եւ զոհվածների դիերի դուրս բերման աշխատանքներ: Ստեղծվել է հումանիտար կենտրոն, որի աշխատանքներում ներգրավվել են Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներ: Աշխատանքներում ակտիվ ներգրավվել են նաեւ միջազգային համապատասխան կառույցները:
Նա կարեւորել է մարդասիրական օգնությունը չքաղաքականացնելը եւ աշխատանքների հրատապ իրականացումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում հումանիտար իրավիճակի սրությունը:
«Տարածաշրջանում կարեւոր է ապահովել մշակութային հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի ամբողջական պահպանումը, հասնել միջկրոնական, միջէթնիկական հաշտեցման եւ համաձայնության»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Արցախում պատմամշակութային հուշարձանների եւ սրբավայրերի խստագույնս պահպանման վերաբերյալ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները եւ հույս հայնտել, որ այդ կառույցների փորձագիտական ներուժը կներգրավվի աշխատանքներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: