Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Սերգեյ Լավրովի խոսքերին Ռուսաստանի համար հասկանալի չէ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը:
«Ճիշտն ասած, այնքան էլ լավ չենք հասկանում հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը: Միգուցե, Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութերը կամ ներկայացրել են սեփական մեկնաբանությունը», - ասել է ՌԴ ԱԳՆ-ն:
Այստեղ նշել են, որ Լավրովի մեկնաբանություններում «նախատինք չկար ո՛չ Ադրբեջանի, ոչ էլ որևէ այլ երկրի հասցեին»:
«Խոսքը գնում էր մեր ծայրաստիճան մտահոգության մասին՝ Անդրկովկասյան տարածաշրջան վարձկան-զինյալների մուտք գործելու վերաբերյալ: Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին ավելի ուշադիր լինել սկզբաղբյուրներին ծանոթանալիս», - ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Նա նշել է, որ Մոսկվան մշտապես «առավելագույնս նրբանկատ» է վերաբերվել միջնորդի իր դերակատարությանը:
«Նախագահ Ալիևը ինքն է բազմիցս հայտարարել այդ մասին: Մենք վերահաստատում ենք մեր հանձառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը նպաստելու հարցում: Միեւնույն ժամանակ, մնում ենք համոզված, որ վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը և անվտանգությանը», - ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: