Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին եւ Արտյոմ Միրզոյանին:
Այդ մասին այսօր հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր եւս. հանգամանքները դեռեւս ճշտվում են:
Արտակ Բեգրալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ահաբեկչական վարձկան խմբերի օգտագործումը վտանգավոր է ինչպես Արցախի բնակչության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
«Ահաբեկիչները՝ իրենց ցեղասպանական փորձառությամբ, մեծ վտանգ են ներկայացնում: Սա միայն մեր պայքարը չէ, սա բոլորիս պայքարն է համընդհանուր ահաբեկչության դեմ»,- ասել է Արտակ Բեգլարյանը։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թիրախավորված քաղաքացիական բնակչության շրջանում արդեն կա առնվազն 25 զոհ, 102 վիրավոր:
«Ադրբեջանը համակարգված կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, կենսական նշանակության ենթակառուցվածքները՝ կիրառելով բարձր ճշգրտությամբ (այդ թվում՝ միջազգային իրավունքով արգելված հրթիռներ եւ ԱԹՍ-ներ) զենքեր եւ հասցնելով ուղիղ թիրախային հարվածներ: Ադրբեջանը հատուկ թիրախավորել է լրագրողներին, ու միջազգային հանրությունը պետք է այս բոլոր պատերազմական հանցագործությունների հանդեպ հետեւողական լինի եւ մեղավորները պետք է պատժվեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ ներկայացնելով 2-րդ միջանկյալ զեկույցը:
Նա խոսել է Ադրբեջանի զինված ուժերի ներքո գտնվող հայ զինծառայողների աճյունների մասին՝ ասելով, որ արդեն կան որոշակի ապացույցներ, որ դրանց նկատմամբ կոպտագույն հանցագործություններ են կատարվել:
«Թեեւ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում, սակայն շատ կարեւորում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ քայլեր կատարվեն, որպեսզի երկկողմանի այս մարդասիրական գործողությունները կատարվեն»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: