Երեւան։ Մեդիամաքս։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ասել է, որ դատարանի կողմից Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ դիմումը բավարարելու եւ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը կարելի է մեծ հաջողություն համարել։
«Որոշման մեջ թե Ադրբեջանին, թե Հայաստանին կոչ է արվում զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն Կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքի խախտումներ, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշումը կայացվել է ՀՀ դիմումով ու ապացույցների հիման վրա։ Որոշման մեջ, ճիշտ է, նշված են երկու պետությունները, բայց, կարծում եմ, բեռն ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա։ Կարեւոր է նաեւ այն, որ դատարանը հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, որը սովորաբար արվում է»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը։
Նա նաեւ ասել է, որ եզակի դեպք է, երբ ՄԻԵԴ-ը պետության դիմումի հիման վրա ընտրում է միջանկյալ միջոց։
«Սա թվով երրորդն է, առաջին երկուսը վերաբերել են Ուկրաինայի դիմումներին։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադարձել է երկու կողմերին։ Զուտ այս տեսանկյունից էլ, կարելի է ասել, որ սա մեզ համար մեծ հաջողություն է»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը։
Եվրոպական դատարանի որոշման մեջ նաեւ ասված է, որ կողմերը պետք է հնարավորիս շուտ տեղեկացնեն ձեռնարկված միջոցների մասին, որոնք ուղղված են Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովմանը։
«Առաջիկա օրերին Հայաստանը կներկայացնի ձեռնարկված միջոցառումները, որոնք, վստահ եմ, ավելի քան բավարար կլինեն։ Կսպասենք նաեւ Ադրբեջանի կառավարության արձագանքին, դրա հիման վրա կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ասել է նա։
Կիրակոսյանը նաեւ նշել է, որ Հայաստանը դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 27-ի երեկոյան, իսկ դրան հաջորդող օրերին շարունակել է տրամադրել լրացուցիչ ապացույցներ, որոնցով ներկայացրել է իրավիճակը, շեշտադրումներ արել կոնկրետ դեպքերին, քաղաքացիական բնակչության թիրախավորմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: