Փաշինյանը մեկնաբանել է «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» խոսքերը - Mediamax.am

6507 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» խոսքերը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունն ունի «շատ պարզ ու կոնկրետ բացատրություն»։

«Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է», - ասել է Փաշինյանը փետրվարի 13-ին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում: 

 

Վարչապետն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ 

 

«Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որեւէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարեւոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի…

 

Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել։ Որովհետեւ, երբ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս։

 

Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որեւէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ 

 

Մենք որեւէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մեզ հաջողվել է հասնել նրան, որ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, տարածաշրջանում, շփման գծում լարվածություն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն եւ հանդարտ իրավիճակը, այլեւ առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին