Ջոն Բոլթոն. ԼՂ խնդրի լուծումը բխում է նաեւ ԱՄՆ շահերից - Mediamax.am

5835 դիտում

Ջոն Բոլթոն. ԼՂ խնդրի լուծումը բխում է նաեւ ԱՄՆ շահերից


Ջոն Բոլթոնը
Ջոն Բոլթոնը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր ասել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն առաջնային են ԱՄՆ-ի համար։

«Այս տարածաշրջանը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար»,- Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ամերիկացի դիվանագետը։

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ջոն Բոլթոնը նշել է, որ խնդրի վերաբերյալ ինքը «որեւէ նոր առաջարկ չի ներկայացրել, այլ փորձել է ավելի շատ տեղեկություն ստանալ»։

 

«Մենք ցանկանում ենք օգնել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր ունեցած դերի շրջանակում, այնպես էլ հնարավոր այլ տարբերակներով, քանի որ այս խնդրի լուծումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, այլեւ՝ ԱՄՆ-ի»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

 

Ջոն Բոլթոնը նկատել է, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն առաջնային է։

 

«Եթե կանխատեսումներն իրականություն դառնան եւ նա (Նիկոլ Փաշինյանը - խմբ․) ընտրվի վարչապետ, ապա հզոր մանդատ կունենա մի շարք կարեւոր քայլերի համար։ Վճռական քայլեր կատարելու համար լավագույնը պահն ընտրություններից հետո է»,- ասել է նա։

 

Ջոն Բոլթոնն ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանի կողմից հակամարտող կողմերին զենքի վաճառքը չի նպաստում գործընթացի կարգավորմանը։

 

Այսօր ամերիկացի դիվանագետին ընդունել են նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին