Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախյան խնդրի կարգավորման մասին - Mediamax.am

11677 դիտում

Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախյան խնդրի կարգավորման մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բացառել է ԼՂ հիմնախնդրի այնպիսի լուծում, որը «ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար»:

«Չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է նման որոշում կայացնել», - այսօր մամուլի ասուլիսում ասել է կառավարության ղեկավարը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր համար ընդունելի է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւը, Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Իսկ Ադրբեջանի համար ընդունելի՞ է այդպիսի լուծումը: Ինչո՞ւ ենք մենք քննարկում փոխզիջումների գնալու մեր պատրաստակամությունը, եթե Բաքուն փոխզիջումների  պատրաստ չէ: Եթե Ադրբեջանից ազդակ ստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման գնալ, այդ ժամանակ ազգովի կքննարկենք, թե որն է մեզ համար փոխզիջման ընդունելի սահմանագիծը»: 

 

Մեկնաբանելով բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին իր հայտարարությունները, վարչապետն ասել է, որ դրանք չեն բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկխոսությունը:

 

«Ես նախկինում ասել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, եւ այսօր վերահաստատում եմ դա», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ, նշել է նա, Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը շարունակում է մտահոգիչ մնալ եւ  «առանց վստահության մթնոլորտի ձեւավորման, դրական արդյունքներ ակնկալել չենք կարող»:

 

Նա տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպել են նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ բանակցային գործընթացի մանրամասներին տեղեկանալու նպատակով: Վարչապետը չի բացառել, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալով նաեւ ապագայում:

 

Խոսելով ՀՀ առաջին նախագահի հետ վերջերս կայացած իր հանդիպման մասին,  Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է իրեն տեղեկատվություն փոխանցել ԼՂ կարգավորման գործընթացի մասին:

 

«Հանդիպումը շատ օգտակար էր, սակայն Տեր-Պետրոսյանի տրամադրած տեղեկություններին ես տիրապետում էի», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին