Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր հրապարակել է «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով տուգանքների չափերը:
Դատարանը միաձայն ընդունել է, որ «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» հայցի առնչությամբ Հայաստանի կառավարությունը պետք է հայցվորներից յուրաքանչյուրին վճարի 5000 եվրո՝ նյութական եւ ոչ նյութական վնասի համար, եւ ընդհանուր 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ ծախսերի համար:
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով էլ դատարանը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հայցվորին վճարի 5000 եվրո՝ նյութական եւ ոչ նյութական վնասի համար եւ ընդհանուր 30 000 եվրո՝ ծախսերի համար:
«Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» հայցը ՄԻԵԴ է ներկայացվել 2005թ.: Դրանում հայցվորները նշում էին, թե ղարաբաղյան հակամարտության հետեւանքով 1992թ. ստիպված են եղել թողնել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանում գտնվող իրենց գույքը եւ տեղափոխվել այլ վայր: Հայցվորները դատարանից պահանջում էին վերականգնել այդ գույքի հանդեպ իրենց իրավունքները կամ պարտավորեցնել Հայաստանին դրա դիմաց տրամադրել արդարացի փոխհատուցում:
2006թ. Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված հայցում Սարգսյանների ընտանիքը պահանջ է ներկայացրել ապահովել իրենց վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղ եւ վերականգնել այնտեղ թողած սեփականության հանդեպ իրենց իրավունքները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: