Պարզաբանում. «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» - Mediamax.am

exclusive
3406 դիտում

Պարզաբանում. «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի»


Լուսանկարը` REUTERS


Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերով: Այս վճիռները բուռն արձագանք գտան հայ հասարակական շրջանակներում, մինչդեռ ադրբեջանական քարոզչամեքենան փորձեց դրանք ծառայեցնել իր շահերին:

 

Ի՞նչ են իրականում իրեցնից ներկայացնում այս գործերը եւ ո՞րն է դրանց իրավական գնահատականը: Մեդիամաքսի «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը օգնել են պատրաստել ՄԻԵԴ նախկին դատավոր, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն ու միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

1. Ի՞նչ են իրենցից ներկայացնում «Չիրագովն ու ուրիշները ընդդեմ Հայաստանի» ու «Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործերը եւ ի՞նչ վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ը:

 

Ալվինա Գյուլումյան -Չիրագովի գործը վերաբերում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության հետեւանքով որոշակի տարածքներից հեռացած անձանց սեփականության, ընտանեկան կյանքի իրավունքին, որը պաշտպանվում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Չիրագովը եւ մյուսները պնդում են, որ հակամարտության հետեւանքով հեռանալով այդ տարածքից՝ կորցրել են իրենց սեփականությունը եւ այդպիսով միջամտություն է եղել իրենց անձնական կյանքին: Բացի դրանից, նրանք պնդում են, որ միջոց չեն ունեցել պետական ատյաններում պաշտպանելու իրենց իրավունքները, եւ քանի որ Ղարաբաղի “անջատողականներին” աջակցում է Հայաստանի Հանրապետությունն ու այնտեղ իրականացնում է որոշակի իրավազորություն այդ պատճառով ՀՀ-ն պետք է մեղավոր ճանաչվի:

 

Տարոն Սիմոնյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել է իրավասու կողմ, որը պարտավոր է փոխհատուցում տրամադրել տեղահանության հետեւանքով տուժած անձանց, համապատասխանաբար՝ Չիրագովին եւ Սարգսյաններին: Ըստ դատարանի որոշման՝ կողմերին ժամանակ է տրվել բանակցությունների միջոցով փոխհատուցման շուրջ համաձայնության գալու համար: Նման որոշմամբ գուցե փորձ է արվում հնարավորություն տալ երկու կողմերին, որ բանակցությունների միջոցով ոչ մի կողմը փոխհատուցում չտրամադրի: Որոշման տեքստը ճկուն է, այնտեղ գրված է, որ փոխհատուցում կա, սակայն թե որքան, ինչ պայմաններում, հստակեցված չէ:

 

2. Ինչպիսի՞ ձեւակերպումներ կան, որոնք ցանկալի չէին Հայաստանի Հանրապետության համար եւ ինչպե՞ս կարող են օգտվել հայ քաղաքացիներն այս որոշումից:

 

Ալվինա Գյուլումյան -Համաձայն դատարանի որոշման՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է արդյունավետ վերահսկողություն երեք հիմնական եղանակով՝ ռազմական աջակցություն, ֆինանսական ու նյութական օգնություն եւ քաղաքական աջակցություն: Այսինքն, ԼՂՀ-ն չի կարող գոյատեւել առանց Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցության, որով էլ պայմանավորվում է վերահսկողության արդյունավետությունը:

 

Տարոն Սիմոնյան – ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, իհարկե, առկա է համագործակցություն, սակայն արդյո՞ք այդ համագործակցությունը վերահսկողություն է: Ինչ վերաբերում է հակամարտության հետեւանքով իրենց գույքից զրկված հայ քաղաքացիներին՝ եթե փաստական հանգամանքները համընկնում են՝ կարելի է ցիտել «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը եւ պնդել, որ կիրառվի դատարանի տված մեկնաբանությունը ու փոխհատուցում տրամադրելու որոշում կայացվի: Սակայն, մյուս կողմից եթե դիտարկենք, հայ քաղաքացիները, ովքեր զրկվել են իրենց գույքից՝ մոտ 300-400 հազար են, գուցե սրա կրկնակին ադրբեջանցիներն են:

 

3. ՄԻԵԴ-ի որոշումը ինչպիսի՞ հիմքերի վրա է կայացվել:

 

Ալվինա Գյուլումյան - Որոշում կայացնելիս դատարանը ղեկավարվեց այնպիսի փաստարկներով, որոնք, իմ կարծիքով, չէր կարելի դնել վճռի հիմքում, օրինակ՝ առանձին անձանց կողմից արված հայտարարությունները: Նման դեպքում տվյալ անձի ասածը պետք է ստանա ապացույցի ուժ եւ վերջինս ներկայանա իբրեւ վկա:  Սակայն դատարանը դրան չգնաց եւ որոշեց, որ բավարար է օրինակ Ժիրայր Սեֆիլյանի՝ որեւէ առիթով ասած խոսքերը կամ Վազգեն Մանուկյանի մի հարցազրույցում արտահայտած մտքերն օգտագործել, որոնք երբեմն համատեքստից կտրված էին: Հենց դա էլ, կարծում եմ. դատարանի վճռի թույլ կողմերից էր, որի համար առանձին կարծիք եմ ներկայացրել:

 

Որոշում կայացնելիս Դատարանը ղեկավարվում էր ոչ թե նրանով, թե ով է մեղավոր հակամարտության մեջ, այլ՝ ինչպես պաշտպանել մարդու իրավունքները: Իմ գործընկերների կարծիքների մեջ այդ միտքն արտահայտված է: Ըստ նրանց՝ Եվրոպայի խորհրդի տարածքում չպետք է մնան հատվածներ, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն:

 

Իմ եւ մեր կառավարության ջանքերը ապացուցելու, որ այս գործը պետք է տարբերակել եւ՛ կիպրոսցի հույների ներկայացրած հայցերից, եւ՛ Մերձդնեստրի գործերից, չընդունվեցին: Դատարանն ինչ-որ տեղ ղեկավարվեց նախադեպերով:

 

Ինչ վերաբերվում է «Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործին՝ այստեղ դատարանը նախադեպեր չուներ: Ադրբեջանական կառավարությունն առարկում էր, որ իրենք չեն կարող ապահովել Գյուլիստան խաղաղ բնակչության վերադարձը, քանի որ Գյուլիստանը երկու կողմերի կրակի տակ է գտնվում: Այս առումով շատ ավելի բարդ էր ապացուցել, որ դա այդպես չէ, եւ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի:

 

4. Որո՞նք էին Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված փաստարկները:

 

Ալվինա Գյուլումյան - ՀՀ փաստարկներն էին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ, ինքնուրույն սուբյեկտ է եւ կարող է պատասխան տալ իր գործողությունների համար: Ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղը կարող է թույլ տալ կամ թույլ չտալ այդ անձանց վերադարձը: Սա հիմնական փաստարկն էր: Այս անձինք կարող էին դիմել Արցախի դատարաններին եւ այդ դատարանների վճիռների ոչ բավարար լինելու դեպքում միայն դիմել Եվրոպական դատարան:

 

Մյուսը փաստարկն այն էր, որ Հայաստանը ներկայացված է եղել Լեռնային Ղարաբաղում կամավորների միջոցով եւ դա ավելի շատ ուղղված է եղել Արցախի ժողովրդի պաշտպանությանը: Ինչ վերաբերում է շրջապատող տարածքներին՝ դրանք պաշտպանիչ գոտիներ են հանդիսանում: Դատարանը զգուշությամբ, սակայն այդ փաստարկի հետ համաձայնվեց: Դատարանի վճռում այսպիսի միտք կար՝ դատարանն, իհարկե, հասկանում է, թե Լաչինը ռազմավարական ինչպիսի նշանակություն ուներ, սակայն արդարացված չի համարում տարիներ շարունակ հարցի չլուծվելը եւ տեղահանված անձանց իրավունքերի անպաշտպան մնալը:

 

5. Ի”նչ հատուկ կարծիքներ են ներկայացվել այս վճռի վերաբերյալ:

 

Ալվինա Գյուլումյան -Որպես ՄԻԵԴ դատավոր ներկայացրեցի առանձին, չհամընկնող կարծիք, քանի որ ես դատարանի եզրակացությունների հետ ընդհանրապես համաձայն չէի: Նախ՝ դատարանը խուսափեց քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որն էականորեն տարբերվում է մյուս չճանաչված պետությունների կարգավիճակից, քանի որ վերջիններիս պարագայում կա ՄԱԿ-ի համապատասխան մարմինների որոշումը՝ անթույլատրելի համարել դրանց անկախության հռչակումը: Լեռնային Ղարաբաղի պարագայում նման միջազգային ոչ մի փաստաթուղթ չկա: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գտնվում է բանակցային սեղանին, սակայն իմ գործընկերները չցանկացան խորանալ այս հարցի մեջ, համարելով, որ դա իրենց իրավազորության տիրույթից դուրս է գտնվում, եւ գործը միայն մարդու իրավունքների տեսանկյունից պետք է քննել: Սակայն եթե նման անդրադարձ լիներ՝ պարզ կդառնար, որ այստեղ չլուծված հարց կա, որը գտնվում է բանակցային գործընթացում: Իսկ եթե վաղը ճանաչվի՞ ԼՂՀ անկախությունը, իսկ եթե միջանկյալ կարգավիճակ տրվի, ինչպես նշված է Մադրիդյան սկզբունքներում, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է Հայաստանի Հանրապետության նկատմամբ նման վճիռ իրականացնել: Բացի այդ, դատարանը բավարար ապացուցողական հիմք չուներ, որ այնտեղ Հայաստանի Հանրապետությունը իրավազորություն է իրականացնում: Ի վերջո, որպեսզի ապացուցվի, թե ով է իրականում իրավազորություն իրականացնում Լեռնային Ղարաբաղում, կարելի էր փաստահավաք խումբ ուղարկել, այդպիսի փորձ կա դատարանի պրակտիկայում, սակայն այդ առաջարկն էլ չընդունվեց:

 

Մյուս կողմից՝ այս որոշումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի պրակտիկային: Այն տարբերակում է իրավազորություն եւ պատասխանատվություն հարցը: Ենթադրենք իրավազորություն կա, սակայն արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն այնպիսի գործողություններ է իրականացնում, որի հետեւանքով տվյալ մարդկանց իրավունքները խախտվում են: Այստեղ դատարանի վճիռը բաց է մնացել, եւ սա ոչ միայն իմ առանձին կարծիքն է: Նման առանձին կարծիք, նույնիսկ ավելի կոշտ ձեւակերպումներով, ներկայացրել են նաեւ իմ պորտուգալացի եւ լատվիացի գործընկերները:

 

6. Ի՞նչ դասեր պետք է քաղել այս որոշումից

 

Ալվինա Գյուլումյան - Դատարանի որոշումը պետք է լրջորեն ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչից կարելի է օգուտ քաղել, եւ ինչին է պետք առարկել: Սակայն մի հանգամանք պետք է չմոռանալ՝ սա վճիռ է առանձին անհատի իրավունքի պաշպանության մասին: Սա վճիռ չէ ԼՂՀ ճանաչման կամ չճանաչման եւ հակամարտության մեղավոր կողմ գտնելու մասին:

 

Անժելա Կժդրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին