Քերի Քավանոն առաջարկում է պատժել հրադադարը խախտողին - Mediamax.am

8652 դիտում

Քերի Քավանոն առաջարկում է պատժել հրադադարը խախտողին


Ռոբերտ Քոչարյանը եւ Քերի Քավանոն Քի Վեստում 2001թ.
Ռոբերտ Քոչարյանը եւ Քերի Քավանոն Քի Վեստում 2001թ.

Լուսանկարը` REUTERS

Քերի Քավանոն Քի Վեստում 2001 թվականին
Քերի Քավանոն Քի Վեստում 2001 թվականին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն (Carey Cavanaugh) կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է միջոցներ ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղում նոր զինված հակամարտությունը կանխելու համար:

Քերի Քավանոն, որն այժմ դիվանագիտություն եւ հակամարտությունների կարգավորում է դասավանդում Քենտուքիի համալսարանում, այդ մասին գրել է ծավալուն հոդվածում, որը հրապարակվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի կայքում:

 

Քերի Քավանոն նշում է, որ 2016 թվականի ապրիլից հետո ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան օգտագործեցին դիվանագիտությունը բռնությունը կանգնեցնելու համար, «սակայն անկարող էին վերակենդանացնել խաղաղ գործընթացը»:

 

Պաշտոնաթող դիվանագետը հիշեցնում է, որ 2006 թվականից ի վեր Ադրբեջանը $‌ 22 մլրդ է ծախսել զենք եւ զինամթերք գնելու համար:

 

Քերի Քավանոն նշում է, որ եթե Ադրբեջանի պատրաստությունը նոր ռազմական գործողություններին կարող է նկատելի լինել զորքերի տեղաշարժի եւ այլ գործողությունների միջոցով, «Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու Հայաստանի սպառնալիքները ավելի քիչ նկատելի պատրաստություն են պահանջում»:

 

Իր հոդվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը մի շարք առաջարկություններով է հանդես գալիս՝ ուղղված ԱՄՆ վարչակազմին:

 

Մասնավորապես, գրում է նա, Միացյալ Նահանգները կարող են հեղինակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ, որը կդատապարտի ցանկացած էական ռազմական գործողություն ԼՂ հակամարտության գոտում:

Քերի Քավանոն Քի Վեստում 2001 թվականին Քերի Քավանոն Քի Վեստում 2001 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Օժանդակ տարբերակը հրահրողին բացահայտելն է: Աշխատելով գործընկերների հետ, ԱՄՆ-ը հանրային դատապարտման, տնտեսական օգնության դադարեցման կամ պատժամիջոցների ներդրման միջոցով պետք է պատժի այն կողմին, որը էական լարվածություն կհրահրի», - նշում է Քերի Քավանոն:

 

Ավարտելով հոդվածը, պաշտոնաթող դիվանագետը շեշտում է, որ Տրամպի վարչակազմը պետք է ուշադիր լինի ԼՂ խնդրի հանդեպ եւ «արագորեն առաջ մղի միջոցառումներ՝ ռազմական գործողությունները կանխելու ու խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ աջակցությունն ապահովելու համար»:

 

Քերի Քավանոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն էր 1999-2001 թվականներին: Նա համարվում է 2001 թվականին Քի Վեստում քննարկված կարգավորման տարբերակի հիմնական հեղինակներից մեկը: 2011 թվականին Քերի Քավանոն Մեդիամաքսին տված հարցազրույցում վերհիշել էր Քի Վեստի բանակցությունների մանրամասները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին