Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախի անկախության հռչակման, Հայաստան իր տեղափոխման, ԼՂՀ ու ՀՀ ապագայի մասին - Mediamax.am

8748 դիտում

Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախի անկախության հռչակման, Հայաստան իր տեղափոխման, ԼՂՀ ու ՀՀ ապագայի մասին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` http://2rd.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը` նվիրված է ԼՂՀ անկախության 20-րդ տարելիցին, որը կլրանա սեպտեմբերի 2-ին:

Ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցի հիմնական բովանդակությունը:

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության հռչակման մասին

 

- Ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, եւ ճիշտ պահն էր անկախություն հռչակելու համար: Եվ, եթե հիշում եք, շարժումը սկսվեց Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսների ներքո: Ինչո՞ւ անկախություն: Դա ավելի լուրջ իրավական հիմքեր էր ստեղծում Արցախի հետագա գոյատեւման համար: Կա երկու հանգամանք: Առաջինը՝ այդ ամենը համահունչ էր այն ժամանակվա գործող օրենսդրությանը, եւ երկրորդ՝ դա ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառում էր նշանակում, իսկ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է: Այդ էր պատճառը՝ ապագա հանրապետության գոյատեւման համար լուրջ իրավական հիմքերի ձեւավորումը:

 

Դա ճիշտ պահին ճիշտ քայլ էր: Ես միայնակ չէի, հռչակագրի պատրաստման եւ իրավական հիմնավորման վրա բավական մեծ թիմ էր աշխատում՝ Կարեն Բաբուրյանը, մյուսները, երկու մասնագետ կար ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտից: Իհարկե, դա քաղաքական շատ լուրջ փաստաթուղթ էր:

Սերունդների առջեւ պատասխանատվության մասին

 

- Նման դեպքերում պատասխանատվությունը միշտ էլ մեծ է լինում, բայց այն ժամանակ պաթոսով չէինք մտածում սերունդների առջեւ մեր պատասխանատվության մասին, ուղղակի մեր գործն էինք անում, մեր ընտանիքները, մեր հողն էինք պաշտպանում, ապահովում ժողովրդի անվտանգությունը:

 

Հետադարձ հայացքով երեւի կարելի է որոշ պաթոսային էլեմենտներ այս ամենին հաղորդել, բայց այն ժամանակ մեր առջեւ ուղղակի առարկայական խնդիր էր դրված, եւ ամեն մեկը փորձում էր իրենից կախված ամեն ինչ անել եւ հողը պահելու, եւ ժողովրդին կերակրելու, եւ անվտանգությունն ապահովելու համար: Բայց, իհարկե, մեծ էր պատասխանատվությունը: Եթե այն ժամանակ հաջողության չհասնեինք, պատկերացնո՞ւմ եք, հիմա ինչ պիտակներ կունենայի անձամբ ես (ծիծաղում է): Այդ պահին ուղղակի ստանձնեցինք այդ մեծ պատասխանատվությունը, եւ ոչ միայն ես, այլեւ ուրիշները:

ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի մասին

 

- Իշխանության կենտրոնացման մեծ կարիք կար, եւ կար անհրաժեշտություն այն ժամանակվա մարտահրավերներին դիմակայելու համար կենտրոնացնելու բոլոր ռեսուրսները՝ թե մարդկային, թե նյութական: Այդ ժամանակահատվածում Պաշտպանության պետական կոմիտեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարման բարձրագույն օղակն էր: Դա իմ հորինած անվանումը չէր, նման կառույցներ կային դեռեւս Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, սակայն լիազորությունների ամբողջ շրջանակն ես էի կազմել, եւ խորհրդարանի կողմից լիազորություն ստացել որպես այդ կոմիտեի նախագահ: Եվ դա հնարավորություն տվեց Կոմիտեն ստեղծելուց հետո մի քանի ամսվա ընթացքում էապես փոխել իրավիճակը:

 

ԼՂՀ Պաշտպանության բանակի կայացման մասին

 

- Առաջինը բանակի կայացման խնդիրն էր, եւ տարբեր ջոկատների միավորումը մեկ բանակային կառույցի ներքո ժամանակի հրամայականն էր: Այդ պահին չանեինք, ամեն ինչ կկորցնեինք: Չափազանց դժվար էր, մեծ կամք էր պահանջում, այդ ուղղությամբ աշխատում էինք շատ հետեւողական, խիստ, բավականաչափ կտրուկ քայլեր էին արվում, բայց իրավիճակը փոխելու այլ տարբերակ մենք չունեինք:

 

Իհարկե, դժվարություններ կային, սակայն դրանք թիվ 1 խնդիրը չէին, ի վերջո, Խորհրդային բանակում հայերը սովորաբար ծառայում էին մարտական ստորաբաժանումներում, եւ նրանցից շատերը մեզ հետ էին, նաեւ այն սպաները, որոնք լուրջ ճանապարհ էին անցել Խորհրդային բանակում: Իհարկե, խնդիր կար, սակայն հակառակորդի մոտ այդ խնդիրը շատ ավելի սուր էր: Իսկ ամենամեծ խնդիրը արդյունավետ պետական կառույցների ձեւավորումն էր: Սկսել ենք, ըստ էության, զրոյից: Եվ կար անհրաժեշտություն այդ կառույցների բոլոր կարողություններն ուղղել մեկ կետի՝ անվտանգության ապահովմանը: Սա էր այն ժամանակ օրակարգի թիվ 1 հարցը: Կար նաեւ հոգեբանության, մարդկանց հավատ ներշնչելու հարց: Ճիշտ է, թիկունքում Հայաստանն էր, սակայն կար փոքր Ղարաբաղ, դիմացը մեծ Ադրբեջանն էր, կար զենքի, զինամթերքի պակաս, շրջափակում եւ այլն:

 

Արցախն այսօր

 

- Անկասկած, լուրջ առաջխաղացում Ղարաբաղում տարեց տարի գրանցվում է: Բայց մարտահրավերներն այսօր Արցախի առջեւ այնպիսինն են, որ իրավունք չունենք ասելու, թե գոհ ենք իրավիճակից: Ուղղակի վտանգավոր եմ համարում այն պահը, երբ բոլորս նստենք եւ ասենք, որ գոհ ենք իրավիճակից: Պետք է հաշվի նստենք իրականության, բավականին բարդ իրավիճակի հետ եւ հասկանանք, որ մեր ցանկացած նպատակներին հասնելու համար պետք է գիշեր-ցերեկ աշխատենք եւ ցուցաբերենք տոկունություն ու կամք: Կասկած չունեմ, որ ամեն ինչ շատ լավ է ավարտվելու, բայց, կրկնում եմ, իրավունք չունենք այսօրվա վիճակից գոհ լինելու:

 

Հայաստան տեղափոխվելու մասին

- Իհարկե, դժվար էր: Ամենամեծ խնդիրն ընտանիքիս համար էր: Ընտանիքս չէր կարողանում հարմարվել այդ մտքին: Կար պատասխանատվության զգացում: Ընտրվել էի ԼՂՀ նախագահ, եւ ընդամենը մի քանի ամիս անց եղավ այդ առաջարկը, խնդրանքը… Այն ժամանակ Հայաստանում իրավիճակը բավականին ծանր էր՝ թե տնտեսական, թե քաղաքական: Եվ հասկանալի էր, որ Ղարաբաղը միայնակ՝ առանց թիկունքում ուժեղ Հայաստանի, լրջագույն խնդիրներ կունենա: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնեմ գալ Հայաստան: Պետք է նաեւ ընդունենք, որ այդ փաստարկները, իհարկե, լուրջ էին: Համաձայնվեցի, եւ հետո ամեն ինչ զարգացավ այնպես, ինչպես գիտեք: Դժվար էր, անկասկած…

 

Իդեալների, 20 տարվա ձեռքբերումների ու ձախողումների մասին

 

- Առաջին տարիներին իդեալների մասին չէինք մտածում: Օրակարգում այնպիսի հարցեր էին, որ իդեալների մասին մտածելու ոչ ժամանակ կար, ոչ էլ տրամադրություն: Հողերը, ժողովրդին պաշտպանելու առաջնային խնդիր ունեինք, եւ ամեն ինչ կենտրոնացված էր այդ հարցերի կարգավորման վրա: Հետո արդեն՝ տարիներ անց, երբ փորձ էինք հավաքում, երբ միջազգային շփումներում ավելի լավ էինք պատկերացնում նաեւ պետական շինարարության զարգացումները, սկսում էինք ավելի լավ պատկերացնել, թե ինչ կարգի պետություն պետք է կառուցվի եւ որն է այն պետությունը, որը եւ բարեկեցիկ կյանք կապահովի մեր ժողովրդին, եւ հնարավորություն կտա պահպանել մեր ազգային արժեքային համակարգը, եւ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու մեր հնարավորությունները չի թուլացնի: Այս չափազանց կարեւոր երեք հանգամանքներն իրար հետ բալանսի բերելու խնդիրներ կար: Եվ այսօր եւս այդ խնդիրը դեռ շարունակում է մնալ: Այդ իսկ պատճառով իդեալական բառն այստեղ մի փոքր տեղին չէ: Շատ պրագմատիկ մոտեցում է պետք, որով մենք կկարողանանք այսօրվա իրավիճակում զարգացման լավագույն մոդելը գտնել Հայաստանի եւ Ղարաբաղի համար, որը, կրկնեմ, հնարավորություն կտա դիմակայել մարտահրավերներին, ինտեգրվել միջազգային հանրությանը եւ պահպանել մեր ազգային արժեքները: Որովհետեւ այս ամենում կորուստ ունենալու վտանգը դեռեւս կա, հատկապես գլոբալացվող աշխարհում:

 

Հայկական երկու հանրապետությունների ապագան 20 տարի անց

 

- Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք, ինչ կարգի համարձակ լուծումների ենք մենք պատրաստ մեր ազգային շահերն առաջ մղելու համար: Ես մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այնպես ասել, որ փայլուն ապագա ենք ունենալու, չեմ կարող: Համոզված եմ, որ բարեկեցիկ կյանքը չի նվիրաբերվում, այն նվաճվում է, վաստակվում է՝ աշխատանքով, համարձակ եւ մասշտաբային լուծումներով: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա: Նաեւ անկախությունը: Երբ հարցնում եք՝ կճանաչվի, թե չի ճանաչվի… Անկախությունը նվաճվում է, այն չի նվիրաբերվում:  

Տեսանյութը հասանելի է այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին