Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ «Մոսկվան լավատեսության հիմքեր չի տեսնում առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»:
«Չէի ասի, որ մենք լավատես ենք մոտ ապագայում այդ հակամարտության կարգավորման հարցում: Սակայն Երեւանի եւ Բաքվի հետ կշարունակենք մեր նպատակաուղղված աշխատանքը»,- Յուրի Ուշակովի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԼՂ խնդրի լուծման շատ տարբերակներ եւ առաջարկներ են քննարկվում, «սակայն, կրկնում եմ, դեռեւս լավատես լինելու հիմքեր չկան»:
Պատասխանելով Հայաստանին սպառազինություններ տրամադրելու վերաբերյալ հարցին՝ նա ասել է, որ Ռուսաստանը ՀՀ-ի դաշնակիցն է եւ իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Այս հարցում որեւէ մեկի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերների համար անսպասելի ոչինչ չպետք է լինի: Ադրբեջանին եւս, ինչպես գիտեք, զենք է մատակարարվում»,- ասել է Ուշակովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: