ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում հայ զինվորների խոշտանգումը - Mediamax.am

exclusive
7846 դիտում

ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում հայ զինվորների խոշտանգումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին այսօր Մեդիամաքսին ասել է, որ ապրիլի 10-ին կայացած զինվորների մարմինների փոխանակման հետ կապված մանրամասները հրապարակման ենթակա չեն:

 

«ԿԽՄԿ-ն հաստատել է, որ, որպես անկախ միջնորդ, մասնակցել եւ աջակցել է կողմերին մարմինների փոխանակման հարցում: Ինչ վերաբերում է դրա հետ կապված մանրամասներին, ապա մենք հանրային հարթակում մեկնաբանություններ չենք տրամադրում, որովհետեւ դրանք վերաբերում են միայն մեր եւ կողմերի միջեւ ընթացող փակ երկխոսությանը»,- Մեդիամաքս-ին ասել է Զառա Ամատունին:

 

Նրա խոսքերով, այնուամենայնիվ, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին վերաբերող տեղեկություններն ու փաստերը դուրս չեն մնում կոմիտեի ուշադրությունից:

 

«ԿԽՄԿ-ն հավաքագրում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերող կասկածները, տեղեկատվությունը, փաստերը, այնուհետեւ մեր նկատառումները փոխանցում համապատասխան կողմին, բայց դա արվում է փակ երկխոսության շրջանակներում: ԿԽՄԿ-ն, որպես կառույց, չունի հետաքննություն անցկացնելու որեւէ մեխանիզմ ՝ հակամարտության պայմաններում դատավորի գործառույթ կատարել համար»,- ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

 

Մեդիամաքսի այն հարցին, թե կարո՞ղ է  ԿԽՄԿ-ն իր հավաքագրած տվյալները փոխանցել միջազգային մարդասիրական այլ կառույցներին՝ Զառա Ամատունին ասել է, որ ցանկացած տեսակի տեղեկատվությունը ԿԽՄԿ-ի եւ կողմերի երկխոսության մաս է կազմում, եւ այն չի տրամադրվում որեւէ այլ կողմի:

 

«Մեր կազմակերպությունը կողմերից որեւէ մեկին պատասխանատվության կանչելու մանդատ չունի», - հավելել է նա:

 

Հակամարտության գոտում մարդասիրական հետեւանքների հաղթահարման համար ԿԽՄԿ-ն այս պահին գնահատում  է երկու կողմերի քաղաքացիական բնակչության կարիքները եւ պատրաստ է աջակցություն տրամադրել::

 

«Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աջակցություն տրամադրել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ունեցվածքի կորստի գնահատում իրականացնել: Մենք այս պահին դիտարկում ենք մեր կողմից հնարավոր աջակցությունը, որի մասին հետագայում կարող ենք ավելի առարկայական խոսել»,- հստակեցրել է Զառա Ամատունին:

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջարկել է կողմերին իր աջակցությունը նաեւ անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների հարցում:

 

Զառա Ամատունին փոխանցել է, որ ԿԽՄԿ-ի Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի գրասենյակների միջոցով շարունակվում է երկխոսությունը ներկայիս առաջնահերթությունների իրականացման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին