Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ասել է, որ հրադադարի պայմանավորվածությունները խախտելու դեպքում Ադրբեջանին հակահարված է սպասում:
Այս մասին Բակո Սահակյանն ասել է Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այս պահին էլ իրականացնում ենք մի շարք միջոցառումներ՝ այդ թվում հաշվի առնելով վերջին տարիների Ադրբեջանի պահվածքը: Եթե Ադրբեջանն այս անգամ էլ փորձի խախտել պայմանավորվածությունը, մենք, ինչպես ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա զարգացումների ընթացքում, հասցնելու ենք նոր հակահարված»,- ասել է ԼՂՀ նախագահը:
«Պայմանավորվածությունները չհարգող կողմի նկատմամբ մենք չենք կարող ունենալ այլ մոտեցում: Այդ ամենի հետ մեկտեղ շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակի՝ հաշվի առնելով մեր տեսակետներն ու պահանջները»,- հավելել է ԼՂՀ նախագահը:
Նա նշել է, որ ռազմական գործողություններ իրականացնելուց հակառակորդն օգտագործել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ծանր հրետանի, օդուժ, տասնյակ մարտական անօդաչու սարքեր:
«Բայց հակառակորդի մշակած լայնածավալ օպերացիան չի հաջողվել մեր զինված ուժերի, ժամկետային զինծառայողների, հրամանատարական կազմի, Մայր Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից Արցախ եկած ու մարտի մեջ մտած հայ զավակների շնորհիվ»,- եզրափակել է Բակո Սահակյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: