Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «մենք պատրաստ ենք զոհողությունների, պատրաստ ենք զրկանքներ կրել, որպեսզի վերջնական ազատություն ձեռք բերենք»:
Նա նշել է, որ ազատագրական շարժման շնորհիվ ազատվելով ադրբեջանական գերությունից, որը պարտադրվել էր հայերին 1921 թվականին՝ Ստալինի կողմից, Արցախը սկսել է կառուցել է իր կյանքն ու ապագան:
«Այսօր մենք չենք պայքարում տարածքների համար, մենք պայքարում ենք մեր հայրենիքի համար: Մենք այստեղ չենք լուծում միայն Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը: Հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, մենք այդ պայքարի առաջամարտիկներն ենք, քանի որ հայրենիքը վեր է ամեն ինչից»,- ասել է Բակո Սահակյանը:
«Մենք պատրաստ ենք զոհողությունների, պատրաստ ենք զրկանքներ կրել, որպեսզի վերջնական ազատություն ձեռք բերենք»,- շեշտել է նա:
Բակո Սահակյանն ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակը փառքով է կատարել իր առջեւ դրած առաջադրանքը եւ կասեցրել է հակառակորդի գործողությունները՝ նրա կենդանի ուժն ու զինտեխնիկան ոչնչացնելու միջոցով:
ԼՂՀ նախագահն ասել է, որ Արցախում ցանկանում են, որպեսզի միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի ԼՂ հարցին ոչ միայն պատերազմական գործողությունների ժամանակ:
«Ստեղծվել է անհասկանալի անջրպետ Արցախի եւ արտաքին աշխարհի միջեւ՝ այն դեպքում, երբ մենք ընտրել ենք ժողովրդավարական սկզբունքներին համաձայն մեր ճակատագիրը կերտելու, միջազգային հանրության լիարժեք մասը դառնալու ուղին», - ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: