Բելառուսը շտկել է Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումը - Mediamax.am

exclusive
17347 դիտում

Բելառուսը շտկել է Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումը


Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւը
Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի արտգործնախարարությունը փոփոխել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ սեփական պաշտոնական դիրքորոշման ձեւակերպումները:

Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկն այսօր հայտարարել է.

 

«Առանցքային դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմը, հստակ կոչ է՝ զերծ մնալ միջազգային հարաբերություններում ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից, որն արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային հեղինակավոր այլ իրավական փաստաթղթերում»,- ասել է Դմիտրի Միրոնչիկը:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Բելառուսի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված էր.

 

«Որպես Մինսկի խմբի անդամ երկիր՝ մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի ու բոլորի կողմից ընդունված սկզբունքների հիման վրա՝ եւ նախ եւ առաջ՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու պետությունների սահմանների անքակտելիության պահպանման ու ապահովման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու ԵԱՀԿ որոշումների հիման վրա»:

 

Այդ հայտարարությունից հետո՝ ապրիլի 3-ին, Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հրավիրվել էր ՀՀ ԱԳՆ: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել էր հայկական կողմի խոր տարակուսանքը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: Իգոր Նազարուկին հայտնվել էր, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն եւ հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակում կողմերի ստանձնած պարտավորություններին:

 

Այսօր Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը Մեդիամաքսին ասել է.

 

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով եւ միայն միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքների ու նորմերի հիման վրա»:

 

Մեդիամաքսի հարցին, թե արդյո՞ք Մինսկի կողմից հաշվի են առնվել հայկական կողմից Բելառուսի դեսպանին ներկայացված մոտեցումները, Դմիտրի Միրոնչիկը նշել է. «Մենք ուշադիր լսեցինք մեր հայ գործընկերներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին