23 տարի առաջ այս օրը՝ 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց եւ իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:
Ավելի վաղ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե՛ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, թե՛ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Անկախության հռչակագիրն անհրաժեշտ էր ամրագրել անկախության մասին հանրաքվեով, ինչի անցկացման որոշումն էլ ընդունեց ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը:
«1991 թ.-ի օգոստոսին Ադրբեջանի ԽՍՀ հռչակեց Ադրբեջանի Հանրապետություն եւ դուրս եկավ ԽՍՀՄ կազմից: Մեր պատասխան քայլը չուշացավ, եւ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ նիստում ընդունեցին հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին: Պետք է արվեր նաեւ հաջորդ քայլը՝ հանրաքվեի անցկացումը», - Մեդիամաքսին պատմել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ով այդ տարիներին աշխատել է Արցախի հեռուստատեսությունում:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի արխիվից
Հանրաքվեին մասնակցեց գրանցված քաղաքացիների 82.2%-ը, այդ թվում նաեւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները՝ դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը:
Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին: Թեեւ ԼՂՀ-ում ադրբեջանցիներն արդեն փոքր թիվ էին կազմում, արցախյան իշխանությունները հանրաքվեում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով քվեաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Այնուամենայնիվ, Արցախում բնակվող ադրբեջանցիները, հետեւելով Բաքվի հրահանգին, չմասնակցեցին հանրաքվեին:
Քվեաթերթիկում գրված «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար մարդ (քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 99.89%-ը), իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ: 95 քվեաթերթիկներ անվավեր ճանաչվեց:
Միջազգային դիտորդները հաստատել են՝ հանրաքվեն ազատ էր եւ թափանցիկ
Դեկտեմբերի 10-ին ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեի ընթացքին հետեւելու նպատակով Արցախում էին գտնվում մի խումբ անկախ դիտորդներ, այդ թվում ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) Մարդու իրավունքների միջազգային կոնգրեսից: Հանրաքվեի ընթացքին հետեւել են նաեւ ԱՄՆ, Բուլղարիայի եւ Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանս Պրես, Կոտիդիեն դե Պարի /Ֆրանսիա/,Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, Մեգապոլիս էքսպրեսի, Իզվեստիայի, Մոսկովսկիե նովոստիի, Լիտերատուրնայա գազետայի, Ստոլիցայի, Պանորամայի, Ռադիո Ռոսիայի, Էխո Մոսկվայի լրագրողները:
«Շուրջ հարյուր միջազգային դիտորդ հետեւեց հանրաքվեին: Այն ժամանակ աշխատում էի Արցախի հեռուստատեսությունում եւ անձամբ եմ հարցազրույցներ անցկացրել դիտորդների հետ, ովքեր միաձայն ողջունում էին Արցախի ժողովրդի՝ ժողովրդավար եւ անկախ պետություն կառուցելու քայլը»,- հիշում է Վարդգես Բաղրյանը:
Դիտորդական խմբերը աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջաններում: Դիտորդները այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամաս, ներկա գտնվել ձայների հաշվմանը:
Ավելի ուշ, հանդես գալով անկախության հանրաքվեի արդյունքներին վերաբերող արձանագրությամբ, օտարերկրյա անկախ դիտորդները հաստատել են, որ “ԼՂՀ բնակչությունը ձայների ճնշող մեծամասնությամբ արտահայտվել է Lեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին»:
Ապագայի ընտրություն կյանքի գնով
ԼՂՀ քաղաքացիները անկախության հանրաքվեին մասնակցել են՝ հատելով կյանքի ու մահվան միջեւ ընկած եզրագիծը: Մարդիկ ընտրատեղամաս էին փորձում հասնել այն պայմաններում, երբ բնակավայրերը անդադար հրետակոծվում էին ադրբեջանական զինուժի կողմից:
Ահա թե ինչ էին տեղում արձանագրել օտարերկրյա դիտորդները.
«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հանրաքվեն անց է կացվել ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտ քաղաքի եւ մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել է 10, վիրավորվել` 11 հայ: Ստեփանակերտ քաղաքի կանանց եւ երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են մսուր-մանկապարտեզները, դպրոցները: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է ընկել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Պայթեցված է քաղաքային ջրատարը, չկա հաց, դեղորայք»:
Այն պահին, երբ արցախցիները կատարում էին իրենց պատմական ընտրությունը՝ քվեաթերթիկը գցելով քվեատուփի մեջ, ընտրատեղամասից ոչ շատ հեռու թեժ մարտեր էին ընթանում:
«Մարտեր էին ընթանում Ստեփանակերտի արվարձաններում: Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի շենքը ընտրական տեղամասերից մեկն էր: Երբ հարցազրույց էի վերցնում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր Վլադիմիր Սմիրնովից, լսվում էին Կրկժանում ընթացող մարտերի կրակահերթերը: Այդ տեսագրությունը պահպանվել է եւ վկայում է այն մասին, թե ինչ պայմաններում է անցել հանրաքվեն»,- պատմում է Վարդգես Բաղրյանը:
Ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծելով՝ ադրբեջանական զինուժը նպատակ ուներ վախեցնել արցախահայությանը եւ խափանել հանրաքվեի անցկացումը:
«Ադրբեջանական զինուժը նախապես տեղյակ էր, որ մենք այդ օրը պատրաստվում ենք հանրաքվե անցկացնել: Տեղեկացանք, որ Ազատամարտիկների պողոտայի վրա գտնվող մի շենքի մուտքի մոտ միանգամից յոթ մարդ զոհվեց: Սակայն անգամ այդ միջադեպերը չէին վախեցնում մեր ժողովրդին»,- պատմում է Արցախյան շարժման ակտիվիստ, ԼՂՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Արմո Ծատրյանը:
Դեկտեմբերի 10-ի խորհուրդը
Հանրաքվեից 23 տարի անց դեկտեմբերի 10-ի հանրաքվեի շուրջ շատ միֆեր են հորինվել: Ոմանք ասում են, թե դեկտեմբերի 10-ը հատուկ էր ընտրվել հանրաքվե անցկացնելու համար եւ խորհրդանշական էր այն տեսանկյունից, որ այդ օրն աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:
Այս համոզման սատարողները թեեւ հստակ ապացույցներ չունեն, սակայն բերում են հետեւյալ նկատառումը.
«Չի բացառվում, որ դեկտեմբերի 10-ն ընտրվել է այն առումով, որպեսզի ցույց տայինք աշխարհին, որ մարդու իրավունքների պաշտպանության օրը աշխարհի հավանաբար ոչ մի այլ վայրում այդքան կոպտորեն չէին ոտնահարվում մարդու իրավունքները, որքան Լեռնային Ղարաբաղում»,- նշում է Վարդգես Բաղրյանը:
Սակայն Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը դեկտեմբերի 10-ի ընտրության մասին իր պատմությունն ունի:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի արխիվից
«1991 թ սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարներ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաեւն այցելեցին Ստեփանակերտ: Ելցինի օգնականներից մեկը, ում վաղուց էի ճանաչում եւ ում անունը չեմ ցանկանում նշել, ինձ խորհուրդ տվեց . «Եթե դուք ընդունել եք անկախության հռչակագիր, այն պետք է ամրագրեք հանրաքվեով»: Նաեւ ակնարկեց, որ ճիշտ կլինի հանրաքվեն կազմակերպել մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին կեսը»,- հիշում է Մաքսիմ Միրզոյանը:
1991 թ.-ին Ժելեզնովոդսկում կայացած բանակցություններից վերադառնալով՝ ԼՂՀ ղեկավարությունը ձեռնամուխ է լինում հանրաքվեի կազմակերպմանը: Հանրաքվեի օր առաջարկվեց դեկտեմբերի 28-ը, ապա 20-ը, ինչին Մաքսիմ Միրզոյանը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ «ուշ է, ժամանակ չունենք»: Ի վերջո, բոլորն ընդառաջ գնացին Մաքսիմ Միրզոյանի առաջարկին եւ հանրաքվեն նշանակվեց դեկտեմբերի 10-ին:
*******
Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ-ում ոչ աշխատանքային, տոնական օր է: Այսօր արցախցիները տոնում են նաեւ Սահմանադրության օրը: Տոնի առթիվ Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
Լուսանկարը՝ Մեդիամաքսի արխիվից
«Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին: Ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է եւ պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան: Մեր ընտրած ճանապարհն այլեւս անշրջելի է, քանի որ այն արդար է եւ սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ»:
Եկատերինա Պողոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: