Նիկու Պոպեսկու. «Հայաստանը ցանկանում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը» - Mediamax.am

exclusive
10264 դիտում

Նիկու Պոպեսկու. «Հայաստանը ցանկանում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»

Նիկու Պոպեսկուն
Նիկու Պոպեսկուն

Լուսանկարը` http://iwp.org.ua

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի հարցազրույցը Եվրամիության Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Նիկու Պոպեսկուի հետ

 

- Որքա՞ն խորն է ԵՄ հիասթափությունը Հայաստանի` 2013 թ.-ի սեպտեմբերին կայացրած որոշումից: Տարբե՞ր էին արդյոք այս որոշման շուրջ արձագանքները եվրոպական մայրաքաղաքներում եւ Եվրոպական հանձնաժողովում:

 

-Եվրամիությունում բոլորը ցանկանում էին սերտ հարաբերություններ ունենալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Այս հարցում կասկած լինել չի կարող: Կարելի է ասել`ԵՄ-ի ազատ առեւտրի գոտու գաղափարը նախագծվել էր այնպես, որպեսզի այն համադրելի լիներ Ռուսաստանի եւ մյուս հետխորհրդային պետությունների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող ազատ առեւտրի գոտիների հետ: Եվ այս տեսանկյունից Ասոցացման համաձայնագիրը համադրելի էր: Մենք ունենք Սերբիայի օրինակը, որն ազատ առեւտրի գոտի ունի եւ՛ Ռուսաստանի,  եւ՛  Եվրամիության հետ: Սա հնարավոր է, եւ այն, ինչ ԵՄ-ն առաջարկում էր Հայաստանին, չէր առաջարկվում ի հաշիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների:  

 

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից առաջարկվող Մաքսային միությունը սահմանափակում է միության անդամ երկրի հնարավորությունները` զարգացնելու իրենց առեւտրային հարաբերությունները, քանի որ ՄՄ-ի անդամները դադարում են ինքնուրույն որոշել, թե ինչպիսի մաքսատուրքեր են գործելու, օրինակ, գերմանական մեքենաների համար:

 

Այսպիսով, անհամատեղելիության իրավիճակ ստեղծեց Մաքսային Միությունը, եւ ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանը նախընտրում էր Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանը սկսեց Ռուսաստանից ակնարկներ ստանալ մինչեւ 2013 թ սեպտեմբերը: Պարզ էր, որ Հայաստանը ցանկանում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց վերջին պահին նախապատվությունը տրվեց  ռուսական կողմին:

  

Չէի ասի, թե մարդիկ զարմացած էին: Կարծում եմ`զարմանքն ավելի մեծ էր ոչ թե այն փաստից, որ Հայաստանը ետ կանգնեց Ասոցացման համաձայնագրից, այլ նրանից, որ Երեւանը ԵՄ-ի հետ այդքան առաջ էր գնացել համաձայնագրի շուրջ բանակցություններում:

 

Բայց, ինչպես երեւում է, բոլորը հասկանում են, որ դա արվեց ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը ցանկանում էր կամ նախընտրում էր աշխարհաքաղաքական այս կամ այն միավորումը, այլ ելնելով այն անվտանգության իրավիճակից, որը ձեւավորվել էր Հայաստանի շուրջ:

 

Սա ասելով՝ հասկանում ենք, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվել Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար եւ Հայաստանն անվտանգության տեսանկյունից Ռուսաստանից կախում ունի: Սակայն անվտանգության իմաստով Հայաստանը նաեւ ինքնուրույն խաղացող է, եւ ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն անհրաժեշտ ջանքերը չեն գործադրել` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար: Անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը այն քաղաքական որոշումների արդյունքն է, որոնք Հայաստանը կայացրել է վերջին 20 տարիների ընթացքում:  

 

-Ի՞նչ է լինելու հետո: Աշնանը Հայաստանը Եվրամիությանն առաջարկեց ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչը մերժվեց ԵՄ-ի կողմից: Մի քանի շաբաթ առաջ, երբ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվեց Ուկրաինայի հետ, Երեւանից կրկին հնչեց այդ առաջարկը, սակայն պատասխանը կրկին բացասական էր: Ձեր կարծիքով՝ Հայաստանն ու ԵՄ-ն կարո՞ղ են համաձայնության գալ այնպիսի փաստաթղթի շուրջ, որը կամրագրի այն ամենը, ինչը կապված է քաղաքական հարցերի, բարեփոխումների հետ:   

 

- Եթե նայենք աշխարհի քարտեզին, կտեսնենք, որ ԵՄ-ն հարաբերություններ ունի աշխարհի շուրջ 200 պետությունների հետ: Եվրամիության հետ լավ հարաբերություններ ունենալու համար պարտադիր չէ Ասոցացման համաձայնագիր կամ Ազատ առեւտրի գոտի ունենալ: Դրանք մշակված են այն երկրների համար, որոնք առավել մոտ են ԵՄ-ին: Այս իմաստով, ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար կա որոշակի ապագա եւ ճանապարհ, բայց այդ հարաբերությունները կլինեն պակաս առանձնահատուկ, քան կարող էին լինել:

     

Հայաստանը հրաժարվել է համաձայնագրի մեծ մասից եւ, հետեւաբար, տրամաբանական չի լինի դա անվանել ասոցացում: Ավելի շուտ գործ ունենք երկկողմ հարաբերությունների հետ, որոնց շրջանակում կարելի է համագործակցել, բայց սա հեռու է այն մակարդակից, որին կհասնեն, օրինակ, Մոլդովան եւ Վրաստանը՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը: Դիվանագիտության տեսանկյունից թերեւս անազնիվ կլիներ ասոցացում տրամադրել ցանկացած երկրի` հաշվի չառնելով համաձայնագրի բովանդակությունը: Կարծում եմ, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ունեն ապագա, բայց չեմ կարծում, թե դա կարելի է դիտարկել որպես ասոցացում:   

 

- Շուտով տարածաշրջանում կունենանք այսպիսի իրավիճակ. Վրաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, իսկ Ադրբեջանը չի անի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ի՞նչ եք կարծում՝ այս պարագայում ԵՄ-ն նույն տարածաշրջանային մոտեցումը կարո՞ղ է դրսեւորել Հարավային Կովկասի նկատմամբ, թե՞ իրավիճակը կփոխվի, եւ ԵՄ-ն ստիպված կլինի հարմարվել նոր իրականության հետ:

 

Լուսանկարը՝ REUTERS:

 

- Երկուսը միասին: Եթե երկրներից յուրաքանչյուրը ԵՄ-ի հետ հարաբերությունների միանգամայն տարբեր իրավական շրջանակներ ունենա, տարածաշրջանային միասնական մոտեցման հնարավորությունն ավելի փոքր կլինի: Միեւնույն ժամանակ, բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք կարելի է իրագործել. եթե ցանկանում եք հեշտացնել մաքսային գործընթացները (ոչ մաքսատուրքերը) կամ օգնել երկրներին համագործակցել սահմանների կառավարման եւ անվտանգության պահպանման հարցերում, կարիք չկա ազատ առեւտրային գոտիներ ունենալ:

 

Սակայն, իհարկե, տարածաշրջանի երկրների` տարբեր առեւտրային միավորումներին պատկանելու փաստը նվազեցնում է համագործակցության ներուժն այնպիսի հարցերում, ինչպիսին, օրինակ, մաքսատուրքերն ու առեւտուրն են, ինչը շատ նշանակալի բաղադրիչ է:

 

- Դուք նշեցիք, որ Հայաստանն ու Ադրբեջանը բավարար ջանքեր չեն գործադրել ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ: Արդյոք տեսնու՞մ եք ԵՄ-ի ներգրավվածության մեծացման ներուժ: Թե՛ նախկինում, թե՛ հիմա ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ «մենք սատարում ենք այն ամենը, ինչ անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:

 

- Չեմ կարծում, թե հիմնախնդրի կարգավորման վրա ազդելու կամ դրան նպաստելու միակ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ ներկա լինելն է: ԵԱՀԿ Մինսկի խումբն այս իմաստով նշանակալի գործիք եւ ձեւաչափ է, բայց այն միակ միջոցը չէ, որով ԵՄ-ն կարող է օգնել հակամարտության կարգավորմանը:

 

Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ չեն լուծմանը: Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ցանկանում են տեսնել խնդրի հանգուցալուծումը եւ փորձում են դիվանագիտական ճանապարհով կողմերին մղել դրան, բայց դա բավարար չէ Հայաստանում եւ Ադրբեջանում արմատավորված շահերը փոխզիջումների բերելու համար: Սա էլ խնդրի լուծումն առաջիկայում, եթե չասենք անհնար, ապա անհավանական է դարձնում:

   

Երբեւէ այնպես չի եղել, որ արտաքին խաղացողները կարողանան ազդել երկրի վրա՝ անկախ դրա փոքր կամ մեծ լինելուց, եթե այդ երկրի համար իրավիճակն ընկալվում է որպես կյանքի կամ մահվան հարց:  Լեռնային Ղարաբաղի պարագայում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն իրավիճակը գրեթե այդպես են ընկալում: Այս պարագայում արտաքին խաղացողները կարող են օգնել, նպաստել, առաջ մղել, բայց չեն կարող շոգեքարշի դեր խաղալ: Եվ սա վերաբերում է բոլոր արտաքին խաղացողներին:

 

Եթե խնդրի կարգավորման իրական դինամիկա լինի, ԵՄ-ն ավելի մեծ դեր կունենա: Բայց ԵՄ-ն չի գա եւ չի ստիպի Հայաստանին եւ Ադրբեջանին անել մի բան, ինչը նրանք չեն ցանկանում:

 

Նիկու Պոպեսկուի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին