Հանձնակատար Վասիլիու. «Հայաստանի բուհական կրթության ոլորտում նկատվում է առաջընթաց» - Mediamax.am

exclusive
7193 դիտում

Հանձնակատար Վասիլիու. «Հայաստանի բուհական կրթության ոլորտում նկատվում է առաջընթաց»

Անդրուլա Վասիլիուն
Անդրուլա Վասիլիուն

Լուսանկարը`


ԵՄ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

 

Սեպտեմբերի 12-13-ը Երեւանում կկայանա Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների եւ կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման նախօրեին Մեդիամաքս-ը զրուցել է ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի հետ:

 

- Կրթության թեման որքանո՞վ է կարեւոր Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հարաբերություններում: Ո՞ր խնդիրներն են առաջնահերթ լինելու Ձեր երեւանյան հանդիպումների ժամանակ:

 

- Արեւելյան գործընկերության երկրները հանդիսանում են մեր համագործակցության կենտրոնը ժողովրդավարության առաջխաղացման եւ տնտեսական բարեփոխումների համար: Այդ երկրները նաեւ առաջնահերթ գործընկերներ են Եվրոպական Միության հետ միջազգային ակադեմիական համագործակցության տեսանկյունից: ԵՄ-ն արդեն ցույց է տվել իր հավատարմությունը արեւելյան գործընկերներին՝ ավելացնելով Tempus եւ Erasmus Mundus կրթական ծրագրերի 2011-2013թթ. ֆինանսավորումը եւ ընդլայնելով eTwinning ծրագիրը, որը ձեր երկրների դպրոցներին թույլ է տալիս համագործակցել եվրոպական գործընկերների հետ ինտերնետային հարթակների միջոցով: 

 

Սկսած 2004 թվականից՝ տարածաշրջանի հարյուրավոր բուհեր եւ շուրջ 6000 ուսանողներ մասնակցել են Tempus եւ Erasmus Mundus ծրագրերին, ինչը լրացուցիչ գործիք է դարձել ձեր տարածաշրջանում բարձրագույն կրթության համակարգի ու գործիքների արդիականացման համար:  

 

Մենք երկխոսություն ենք ծավալում նաեւ երիտասարդների կրթության, թրենինգների եւ քաղաքականության ոլորտներում՝ որպես Արեւելյան գործընկերության Չորրորդ հարթակի մի մասը՝ նվիրված «մարդկանց միջեւ շփումներին»: ԵՄ-ն վճռական է ավելին իրագործել մեր նոր՝ Erasmus+ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է կրթությանը, թրենինգներին, երիտասարդությանն ու սպորտին: Erasmus+ ծրագիրն ընդգրկելու է կրթության ճկունության ապահովման արդեն գոյություն ունեցող սխեմաները, այդ թվում նաեւ Tempus-ը եւ Erasmus Mundus-ը: Ծրագիրը նախատեսվում է գործարկել 2014թ. հունվարին:   

Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության կրթական նստաշրջանի շաբաթվա շրջանակներում մենք կփորձենք գնահատել բարձրագույն կրթության բարեփոխումների, ինչպես նաեւ մեր համագործակցության առաջընթացը: Կքննարկենք նոր հնարավորությունները, որոնք կընձեռեն Erasmus+ ծրագիրն ու Marie Skłodowska Curie գործողությունների ծրագիրը, որն օժանդակում է հետազոտություններին: Ուշադրություն կդարձնենք նաեւ արդիական այլ խնդիրների, այդ թվում՝ կրթության որակին, բարձրագույն կրթության անհրաժեշտությանը միջազգայնացման համար եւ ուսանողների ու դասախոսների ճկունությանը:  

   

- Ի՞նչ եք կարծում, ուսումնական գործընթացի հատկապես ո՞ր կողմերին պետք է ուշադրություն դարձնեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի երկիրը մրցունակ մնա արագ փոփոխվող աշխարհում: 

 

- Կրթությունը եւ, մասնավորապես, բարձրագույն կրթությունը աճող միջազգային չափում է ձեռք բերում, եւ երկխոսությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում չափազանց արժեքավոր է: Մենք միմյանցից սովորելու բան ունենք, եւ համագործակցությունը տարբեր նախագծերի շրջանակներում մեզ թույլ է տալիս լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթության որակը, բուհական կրթության կապը աշխատաշուկայի պահանջների հետ: Այդ խնդիրները վճռորոշ են բարձրագույն կրթության ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՄ երկրներում: 

 

Տեղյակ եմ, որ այդ մարտահրավերներն արդեն ներառվել են Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման օրակարգում: Այն պահից ի վեր, երբ 2005թ. Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին (որն ուղղված է որակավորման չափանիշների ու որակի համադրելիության ապահովմանը), նկատվում է բարձրագույն կրթական համակարգի առաջընթաց: Կցանկանայի նշել, մասնավորապես, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրումը (բակալավր, մագիստրանտ, հայցորդ), կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգի կիրառումը ուսումնական դասընթացների յուրացումը հեշտացնելու նպատակով, ինչպես նաեւ Ազգային որակավորման համակարգը Եվրոպական որակավորման համակարգին համապատասխանեցնելուն ուղղված աշխատանքը:

 

Մեր առաջնահերթությունները համանման են նաեւ դպրոցական ուսուցման ասպարեզում. բարելավել ուսման որակը, մասնավորապես, բարձրացնելով ուսումնական չափանիշները, չեզոքացնելով անգրագիտությունն ու կրճատելով դպրոցը լքող աշակերտների թիվը:  

 

 - 2014թ. սեպտեմբերին Հայաստանում կբացվի Դիլիջանի միջազգային դպրոցը, որի շինարարության համար մասնավոր ներդրողները ներդրել ել ավելի քան $‌120 մլն: Դպրոցը կներառվի United World Colleges (UWC) համակարգի մեջ, ինչը հնարավորություն կտա աշակերտներ ներգրավել աշխարհի ավելի քան 130 երկրներից: Ինչպե՞ս  կարող է ԵՄ-ն աջակցել Հայաստանում իրականացվող նման ծավալուն կրթական ծրագրերին:

 

- Ես առավելագույն հաջողություններ եմ մաղթում Դիլիջանի միջազգային դպրոցին: United World Colleges-ի առաքելություններից է աջակցել միջազգային եւ միջմշակութային փոխըմբռնմանը, ինչը հանդիսանում է ԵՄ կրթական քաղաքականության հիմքը:

 

Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը Արեւելյան գործընկերության երկրներին դպրոցական կրթության համակարգում, ապա կցանկանայի մատնանշել մեր eTwinning նախաձեռնությունը: Արեւելյան գործընկերության երկրներում 2013թ. մարտին ծրագրի գործարկումից ի վեր eTwinning-ում արդեն գրանցվել է 22 դպրոց, 100 ուսուցիչ եւ 27 նախագիծ: Հայաստանից eTwinning ծրագրում ներառվել է շուրջ 15 դպրոց: Դա գերազանց արդյունք է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին