Դավիթ Տոնոյան. «Չլուծված հակամարտությունը չի խոչընդոտում պաշտպանական բարեփոխումների իրականացմանը» - Mediamax.am

11062 դիտում

Դավիթ Տոնոյան. «Չլուծված հակամարտությունը չի խոչընդոտում պաշտպանական բարեփոխումների իրականացմանը»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը`


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Պարոն Տոնոյան, ռազմական կրթությունը պաշտպանական բարեփոխումների ուղղություններից մեկն է: Որո՞նք են այդ ուղղության հիմնական գաղափարախոսությունը ու բարեփոխումները

- Իսկապես, ռազմական կրթության խնդիրը պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է: ՀՀ զինված ուժերը չեն կարող անմաս մնալ ռազմական կրթության ոլորտի միջազգային զարգացումներից: Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները միտված են ապահովելու մեր ռազմակրթական ոլորտի համապատասխանությունը արդի պահանջներին եւ դրա ինտեգրմանը միջազգային կրթական համակարգին:

 

21-րդ դարի հայ սպայի որակական վարկանիշն արտացոլվում է ռազմակրթական հայեցակարգի հիմնադրույթներում` մտավոր, կրթական, մասնագիտական, ռազմավարական ինքնուսուցման, բարոյահոգեբանական պատրաստության ցուցանիշների ձեռքբերումն ու զարգացումը: Ուստի, ՀՀ զինված ուժերը բանիմաց եւ պատրաստված սպայական կադրերով համալրելու համար անհրաժեշտ էր մշակել եւ ներդնել սպայական կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման հայեցակարգային մոտեցումները, որի արդյունքում ակնկալում ենք ունենալ ժամանակակից համազորային մարտ եւ խաղաղարար գործողություններ վարելու համար տեսական եւ գործնական գիտելիքներով ու ունակություններով օժտված միջազգային չափանիշներին համապատասխան սպայական կադրեր: Այս համատեքստում մեծ ուշադրություն ենք դարձնելու սպաների աշխատանքների կազմակերպման ընթացքում ինքնուրույն եւ համարձակ որոշումներ կայացնելու եւ իրականացնելու ունակությունների զարգացմանը:

 

Մենք ուսանելի ենք համարում արտասահմանյան զինված ուժերի բարեփոխումների առաջավոր փորձը` ռազմական մասնագիտությանը կատարելապես տիրապետող սպաների պաշտոնեական առաջխաղացման ուղեգիծը սահմանելու համար:

 

Դեռեւս 2005թ. Հայաստանը պաշտոնապես միացել է Բոլոնիայի գործընթացին՝  վեջնանպատակ ունենալով ինտեգրվել կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին (ԵԲԿՏ): Այն ենթադրում է ՀՀ միջին, բարձրագույն եւ շարունակական կրթական համակարգում խորքային փոփոխությունների իրականացում, որին արձագանքում է նաեւ ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության համակարգը: Այս արձագանքով ակնկալում ենք, որ ռազմակրթական հաստատությունների շրջանավարտների դիպլոմներն ունենան լիարժեք միջազգային հավաստագրում, ներդրվի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքների գնահատման բազմագործոնային վարկանիշային համակարգ, ապահովվի կրթական ծրագրերի թափանցիկությունը, խթանվի այլ երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետ կուրսանտների եւ դասախոսների ազատ շարժողականությունը:

 

ՀՀ ռազմակրթական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը էական օժանդակություն է ցուցաբերում՝ ընդհանուր առմամբ Հայաստանում համակարգելով Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ Բոլոնյան գործընթացի իրականացումը:

 

Պաշտպանական բարեփոխումների շրջանակում ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի պահանջները իրագործելով նոր հարթության վրա են դրվում ռազմակրթական ոլորտի առկա խնդիրները, ուրվագծվում առաջիկա զարգացումները, որոնց լուծման ուղղությամբ մշտապես իրականացվելու են կենտրոնացված եւ համակարգված աշխատանքներ:

 

Ամփոփելով ասածս՝ ավելացնեմ, որ զինծառայողները պետք է լինեն արի եւ հաստատակամ, բայց, ինչպես ասում են իմաստունները, կրթության բացակայությունը կարող է անկարգության, խռովության կամ մոլեգնության պատճառ դառնալ:

- Վերջին շրջանում շատ է խոսվում պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման մասին: Ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը եւ ե՞րբ է նախատեսվում ավարտել այն:

 

- Պայմանագրային զինվորական ծառայության անցման կարեւորագույն հիմնահարց է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի կայացումը: Այս հարցի երկու առանցքային նպատակներն են սպաների գիտելիքների եւ սերժանտների փորձի ու հմտությունների միաձուլման շնորհիվ Զինված Ուժերի մարտունակության բարձրացումը եւ բանակում կարգապահության ամրապնդումը: 

 

Այդ նպատակով, պաշտպանական բարեփոխումների ծրագրի համաձայն, դեռեւս 2008թ. փետրվարին սկիզբ դրվեց պայմանագրային սերժանտների պատրաստման գործընթացին:

 

Պայմանագրային սերժանտների պատրաստման դասընթացները տարվա ընթացքում անցկացվում են 2 փուլով` հունվար-մայիս եւ հուլիս-նոյեմբեր ամիսներին, որի ընթացքում պատրաստվում են հրաձգային դասակի հրամանատարի տեղակալներ եւ հրաձգային ջոկի հրամանատարներ:

 

Գործող օրենսդրության մեջ պայմանագրային սերժանտների վերաբերյալ կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի` պայմանագրային սերժանտներն առանձնացվել են «շարքային» կազմից` դառնալով  «ենթասպայական» կազմ:

 

Ներկայումս աշխատանքներ են տարվում պայմանագրային սերժանտական կազմի ավելի բարձր մակարդակների (վաշտի սերժանտ, շտաբային սերժանտ եւ գումարտակի սերժանտ) նոր ուսումնական ծրագրերի մշակման եւ գործող ծրագրերի լրամշակման ուղղությամբ:

 

Պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը երկարատեւ եւ շարունակական գործընթաց է: Նույնիսկ այնպիսի երկրներին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան (սերժանտական համակարգի ներդրման ավելի քան 300-ամյա պատմություն) եւ ԱՄՆ-ն (պայմանագրային սերժանտական համակարգի ներդրման շուրջ կեսդարյա փորձ), այսօրվա ձեռքբերումներին հասնելու համար պահանջվել են տասնամյակներ, այնպես որ այսօր միանշանակ խոսել գործընթացի ավարտի ժամկետի վերաբերյալ, կարծում եմ՝ դեռ վաղ է:

 

- 2011թ. վերջում Երեւանում էր Հայաստանի ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեւավորված միջազգային փորձագիտական խումբը: Այցի արդյունքներով հայտարարվեց, որ նախատեսվում է ավարտական տեսքի բերել ավագ սպաների համար նախատեսված հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը, որը հետագայում դառնալու էր ՊՆ հրամանատարաշտաբային ակադեմիա, ինչպես նաեւ ստեղծվելու է Պաշտպանական ազգային համալսարան: Ո՞ր փուլում է այդ գործընթացը եւ ե՞րբ է նախատեսվում ստեղծել այլ կրթական կառույցները:

 

- Նախատեսվում է 2013թ. կազմակերպել հրամանատարաշտաբային առաջին  դասընթացը, որը նախատիպ է հանդիսանալու 2015թ. նախատեսվող հրամանատարաշտաբային ռազմական կրթական հաստատության համար: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է  աշխատանքային խումբ, որը համակարգում է հրամանատարաշտաբային դասընթացների կազմակերպման աշխատանքները:

 

Աշխատանքային խմբի ուժերով մշակվել է դասընթացների համար բարձրագույն ռազմական կրթության «ռազմական կառավարման» մագիստրոսի որակավորման պետական կրթական չափորոշչի նախագիծը, որը կներկայացվի ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԿԳ նախարարների հաստատմանը: Մշակման ընթացքում են հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական ծրագրերը, որոնց հիմքում ընկած են տարբեր երկրների փորձը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների առաջարկությունները:

 

Ինչ վերաբերում է պաշտպանական ազգային համալսարանի ստեղծմանը, ապա վերջինիս ստեղծմամբ կապահովվի ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական եւ հրամանատարական կազմի, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանական-անվտանգային խնդիրների լուծման մեջ ներգրավված ՀՀ այլ գերատեսչությունների ավագ եւ բարձրագույն պաշտոնյաների ռազմավարական մակարդակի պաշտպանական-անվտանգային քաղաքագիտական կրթությունը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը, որն իրականացվելու է բուհական 2-րդ աստիճանի, հետբուհական եւ լրացուցիչ կրթության ձեւերով: Սա հեռահար նպատակ է, այն նախատեսում է գիտական լուրջ ներուժի կուտակում: Կարծում եմ, առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման համար:

- Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաեւ ՆԱՏՕ-ի հետ Գործընկերության շրջանակներում մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրոատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic NCO Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ մասին:

 

- ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրի շրջանակներում մշակվող ուսումնական ծրագրերի մշակման միջազգային գործընթացում սկիզբ է դրվել դեռեւս 2009թ. մեկնարկած ՆԱՏՕ-ի գործընկերության շրջանակներում սպայակազմի համընդհանուր եվրոատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic Officer`s Reference Curiculum) մշակման միջազգային գործընթացից, որն ավարտվեց 2011թ.: Մեր փորձագետների բավական ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել Հայաստանի պաշտպանական գերատեսչության մասնակցությունը գործընկերության ծրագրի շրջանակներում մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրատլանտյան ուսումնական ծրագրի մշակման միջազգային գործընթացին:

 

Այն մեկնարկել է 2011թ. աշնանը եւ մինչ օրս կայացած 3 աշխատանքային հանդիպումներին ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետները շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացին: Մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրատլանտյան ուսումնական ծրագիրը մեզ համար չափազանց մեծ կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ մեզ մասնակից է դարձնում այս ոլորտում իրական ժամանակում տեղի ունեցող բոլոր զարգացումներին` նպաստելով ՀՀ-ում այս ոլորտում ընթացող բարեփոխումներին:

 

- Արդյո՞ք ունենք բավարար չափով մասնագետներ, որոնք կդասավանդեն այդ նոր կառույցներում:

 

- Իհարկե, ունենք բանիմաց եւ բարձրորակ դասախոսական կազմ, որը կարող է ապահովել պիլոտային դասընթացների իրականացումը, սակայն հետագայում ի հայտ կգա վերապատրաստման անհրաժեշտություն ոչ միայն դասավանդումը, այլ նաեւ դրա հիմքը կազմող հետազոտական եւ գիտական ներուժն ընդլայնելու նպատակով:

 

Այդ նպատակով նախատեսում ենք իրականացնել առկա պրոֆեսորադասախոսական կազմից ընտրություն, եւ առանձին ծրագրով իրականացնել ընտրված դասախոսների վերապատրաստման գործընթացը արտերկրի եւ ՀՀ-ի մի շարք ուսումնական հաստատություններում: Այս ուղղությամբ օգտագործելու ենք նաեւ քաղաքացիական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՀ ԶՈւ ակադեմիական կրթությամբ պաշտոնաթող սպաների ներուժը: Չի բացառվում, որ սկզբնական փուլում որոշ նոր առարկաների դասավանդման գործում ընդգրկվեն նաեւ մեր դաշնակից ու գործընկեր երկրների ռազմական բարձրագույն ակադեմիաների հյուր-դասախոսները:

- Վերջերս «Հայ Զինվոր» թերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ ռազմական կրթությունը հայ-ամերիկյան ռազմական համագործակցության առաջնային ուղղություններից մեկն է լինելու: Եթե կարելի է, մանրամասնեք:

 

- Ռազմական կրթությունը մեզ համար կարեւորագույն առաջնայնություններից է բոլոր մակարդակներում: Բազմիցս նշվել է, որ մենք շարժվելու ենք կրթված սպա-բանիմաց սպա սկզբունքով: Ռազմական համագործակցության զարգացումը տարբեր երկրների հետ շարունակվում է, եւ ամեն երկրի հետ համագործակցության հիմքում դրվում են մեկ հիմնական եւ մի քանի այլ ուղղություններ: Հայ-ամերիկյան համագործակցության դեպքում կարեւորագույն ուղղություններից է հենց ռազմական կրթությունը:

 

Յուրաքանչյուր տարի հայ սպաների մի մեծ խումբ վերապատրաստվում եւ կրթություն է ստանում ԱՄՆ-ի տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում: Բացի այդ, ԱՄՆ ԶՈւ տարատեսակ ստորաբաժանումների մի շարք փորձագետներ մասնագիտական եւ մեթոդաբանական խորհրդատվություն են տրամադրում Հայաստանում ռազմական կրթական ոլորտի բարեփոխման շրջանակներում:

 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ համագործակցության ոլորտում ռազմական կրթության առանձնահատուկ դերին, ապա դա պայմանավորված է ինչպես այս ոլորտում ԱՄՆ-ի առաջադեմ լինելու հանգամանքով, այնպես էլ գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին օժանդակելու պատրաստակամությամբ եւ համապատասխան ռեսուրսների առկայությամբ:

- Կարո՞ղ եք ներկայացնել որոշակի վիճակագրություն` յուրաքանչյուր տարի քանի երկրներում են պատրաստվում եւ վերապատրաստվում հայ սպաներ: Երկար տարիներ ռուսական ռազմական բուհերը համարվում էին մեր սպայական կազմի գլխավոր «դարբնոցը»: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր:

 

- 1994 թվականից մինչ օրս ՀՀ ԶՈւ սպայակազմի գլխավոր դարբնոց են հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմակրթական հաստատությունները:

 

ՀՀ պաշտպանության նախարարության ամենամյա երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները հիմնական կրթություն են ստանում եւ մասնագիտական վերապատրաստում են անցնում ՌԴ, ԱՄՆ, ԳԴՀ, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիտվայի, Հունաստանի, Լեհաստանի եւ մի շարք այլ երկրների ռազմաուսումնական հաստատություններում:

 

2013թ. նախատեսվում է սպայական կադրերի պատրաստում նաեւ Ղազախստանի ՌՈՒՀ-երում:

 

Անկախացումից ի վեր մենք Ռուսաստանից անգնահատելի օժանդակություն են ստանում հայ սպաների ռազմական կրթության ապահովման գործում: ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն են ստանում մեր դաշնակցի տարածքում գտնվող տարբեր զորատեսակների մասնագիտություններով գործող ռազմական ուսումնական հաստատություններում: Պետք է նշեմ, որ ՌԴ զինված ուժերի ռազմակրթական համակարգը նույնպես գտնվում է բարեփոխումների փուլում:

 

Մեր հիմնական խնդիրն է բարեփոխումների վերջնարդյունքում հասնել նրան, որ ՀՀ-ն դառնա շատ ավելի ինքնաբավ ռազմական կրթության ոլորտում եւ հենց այս խնդրի լուծմանն է միտված ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային ուսումնական հաստատության լիարժեք գործարկումը:

 

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ բարեփոխումների ծրագրի ավարտից հետո Հայաստանը կարող է աստիճանաբար անցում կատարել դեպի պրոֆեսիոնալ բանակ, թե չկարգավորված հակամարտության առկայության դեպքում դա անհնարին է:

 

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կենդանի օրգանիզմ է, որի հանդեպ ուշադրությունը երբեք չպետք է պակասի: Նույն կերպ բարեփոխումները կրում են շարունակական բնույթ՝ մշտապես արձագանքելով արդիական զարգացումներին: Պրոֆեսիոնալ բանակին անցնելու համար պետք է ունենալ համապատասխան աշխարհաքաղաքական պայմաններ, հենց այդ պայմաններին հասնելու դեպքում էլ կարելի է քննարկել՝ հնարավոր է արդյո՞ք անցումը պրոֆեսիոնալ բանակին: Ինչպես իրավացիորեն նշեցիք, ունենք չկարգավորված հակամարտություն, որի պայմաններում ամբողջական պայմանագրային զինծառայության համակարգին անցնելն իրեն չի կարող թույլ տալ ոչ մի պետություն, թերեւս բացառությամբ մի քանի գերտերությունների:

 

Հետեւապես, կշարունակենք մեր ԶՈւ-ն համալրել խառը սկզբունքով` պարտադիր եւ պայմանագրային, բանակի արհեստավարժությունը բարձրացնելու նպատակով աստիճանաբար մեծացնելով երկրորդի ծավալները: Այնուհանդերձ, ԼՂ հակամարտությունը ոչ մի կերպ չի խոչընդոտելու կամ դանդաղեցնելու պաշտպանական բարեփոխումների տեմպը եւ ծավալները, այլ հակառակը, քանզի այս ձեռնարկում ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջնորդությամբ մեր գլխավոր նպատակը եղել եւ շարունակում է մնալ մեր Զինված Ուժերի մարտունակության բարձրացումը, եւ ռազմակրթական ոլորտի բարեփոխումը հանդիսանում է այս ձեռնարկի հաջողության կարեւորագույն գրավականներից մեկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին