Իվան Սաֆրանչուկ. Երեւանում խախտել են աշխարհաքաղաքական «դիետան» - Mediamax.am

exclusive
10591 դիտում

Իվան Սաֆրանչուկ. Երեւանում խախտել են աշխարհաքաղաքական «դիետան»

Իվան Սաֆրանչուկը
Իվան Սաֆրանչուկը

Լուսանկարը` Վալդայան ակումբ

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Մոսկվային Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Իվան Սաֆրանչուկի հետ

 

-Վերջին շրջանում կարծիքներ են հնչում այն մասին, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը «պայքարում են Հայաստանի համար»։ Խոսում են նաեւ Հայաստանի «աշխարհաքաղաքական շրջադարձի» մասին։ Ձեր կարծիքով՝ դա հնարավո՞ր է։

 

- Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն եւ տարբեր մտավարժանքներ։ Դա վերաբերում է հետխորհրդային տարածքի բազմաթիվ հարցերին։ Արեւմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետները, ողջ արեւմտյան հանրությունը 30 տարի շարունակ առաջ է քաշում այն թեզը, որ պետք չէ օբյեկտիվ հանգամանքներից կառչել, եւ որ ամեն ինչ կարելի է փոխել։ Գլխավորը էներգիան է, կամքը, ցանկությունները, ինչպես նաեւ «ճիշտ արժեքներն» ու «ճիշտ ինստիտուտները»։ Եվ իբր այս ամենը փոխում է իրականությունը։ Յուրատեսակ շուռ տված մարքսիզմ է. ոչ թե հիմքն որոշում վերնաշենքը, այլ «ճիշտ վերնաշենքը» կարող է փոխել ոչ միայն հիմքը, այլեւ ամբողջ իրականությունը։

 

Այս թեզերը վաղուց են հեռարձակվում։ Եվ քանի որ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կա դժգոհություն օբյեկտիվ հանգամանքներից, տնտեսական վիճակից, կոռուպցիայի պարամետրերից, մարդիկ փնտրում են՝ ինչպես փոխել այս ամենը։ Եվ, ցավոք, պետք է խոստովանել, որ որոշ տեղերում, այս օբյեկտիվ դժվարությունների ֆոնին, Արեւմուտքի ներկայացուցիչներին հաջողվեց հիմարացնել վերնախավի եւ բնակչության որոշ մասին։

 

Ուկրաինան ամենաաղետալի դեպքն է, ինչ-որ պահի դա Վրաստանն էր, սակայն այնտեղ որոշակի սթափեցում տեղի ունեցավ։ Ըստ երեւույթին, Հայաստանում էլ դա նույնպես հիմա ինչ-որ կրիտիկական կետի է հասել։ Կամ էլ հիմա ավելի տարածված է, քան նախկինում էր: Էլիտայի ինչ-որ հատված, գուցե դա կապված է նոր սերնդի հետ, վարակված է այս գաղափարով, ինչը աժիոտաժ է ստեղծում, որ հնարավոր է շրջվել, շուռ գալ, ամեն ինչ փոխել։

 

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այս առումով բացառություն չէ։ Դա բավականին տարածված իրավիճակ է հետխորհրդային տարածքի համար, եւ գուցե նույնիսկ ավելի լայն՝ պետությունների մի ամբողջ խմբի համար, որտեղ կա այդ անջրպետը երազանքների եւ իրականության միջեւ։ Իսկ Արեւմուտքը դա օգտագործում է որոշակի ձեւով։

 

- Մինչեւ 2020 թվականի պատերազմը Հայաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում էր հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Այսօր, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները ծայրաստիճան լարված են, կկարողանա՞ Հայաստանը պահպանել հավասարակշռություն այս պայմաններում, թե ստիպված կլինի ինչ-որ ընտրություն կատարել։

 

 - Շատերը, ովքեր վարակված են ինչ-որ անհավանական բան անելու ցանկությամբ, խոշոր խաղադրույք են կատարում մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու հնարավորության վրա։ Բայց մենք հետխորհրդային տարածքում տարբեր օրինակների վրա տեսել ենք, որ մեծ հակասությունների վրա խաղ սկսելու փորձը վատ է ավարտվում։ Բակիեւը փորձեց խաղալ մեծ հակասությունների վրա, բայց դա վատ ավարտվեց։ Սաակաշվիլին փորձեց, եւ դա նույնպես վատ ավարտ ունեցավ։ Յանուկովիչն էլ, ընդհանուր առմամբ, նույնպես փորձեց խաղալ, եւ դա եւս վատ ավարտվեց։ Նման փորձարկումներին հաջորդում է էլիտաների սթափեցումը. խաղալու ցանկությունից նրանք սկսում էին որոշակի աշխարհաքաղաքական չեզոքության փնտրել։

 

Իմ կարծիքով, շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի հավասարակշռության կողմնակից եք՝ ագրեսի՞վ, թե՞ ավելի չափավոր: Եթե փոքր երկրի վերնախավը չի ցանկանում աշխարհաքաղաքական մահապարտ լինել, չի ցանկանում չափազանց վտանգավոր խաղեր խաղալ, նրան ոչ ոք չի կարող ստիպել:

 

Իմ տեսանկյունից, այն, ինչ ունենք Հայաստանում վերջին տարիներին, չափազանց վտանգավոր աշխարհաքաղաքական խաղ է, անդունդի եզրին: Ես միշտ համարել եմ, որ Հայաստանը եզակի է այն առումով, որ պետականությունը երիտասարդ է, իսկ պատմական խնդիրների բեռը՝ շատ ծանր։ Ուստի այս օբյեկտիվ իրողություններով եւ պատմական հանգամանքներով պայմանավորված Հայաստանին շատ խիստ «աշխարհաքաղաքական դիետա» է ցուցված։ Իսկ Փաշինյանը, ցավոք, լրջորեն խախտել է այդ դիետան։ Նոր հնարավորություններ ուսումնասիրելու փորձը՝ Ամերիկա, Ֆրանսիա, իրեն չարդարացրեց։ Վերլուծական մակարդակում շատերը նախկինում էլ էին ասում, որ դա անհնար է։ Քաղաքական ինտուիցիայի մակարդակում հայ քաղաքական գործիչների նախորդ սերունդը նույնպես համարում էր, որ դիետան չի կարելի խախտել։ Բայց ահա հայտնվեց մի մարդ, ով ռիսկի դիմեց եւ, իմ տեսանկյունից, շատ բան վտանգեց։

 

- Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները երկու ձեւաչափերում՝ եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից բխող ռուսաստանյան միջնորդությամբ, եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությամբ։ Որքա՞ն երկար կարող են գոյակցել այս երկու գործընթացները:

 

- Խնդիրը միայն այն չէ, թե ինչպես կարելի է պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ եւ ինչ միջազգային երաշխիքներով։ Հարցն այն է, թե հայ ժողովուրդն ինչպե՞ս կընկալի այդ պետականությունը եւ ինչպե՞ս է ապրելու դրա հետ։ Չէ՞ որ այն, ինչ հիմա քննարկվում է, ընդհանրապես չկար բանակցային սեղանին հինգ տարի առաջ։ Անկախ Հայաստանում մեծացել են սերունդներ, ովքեր որոշակի կերպ էին ընկալում իրենց պետականությունը։ Իսկ հիմա պետք է այլ կերպ ընկալեն։ Փաշինյանն ասում է, որ դա լավագույնն է, որ նա կարող է առաջարկել հայ ժողովրդին։

 

Միջազգային ձեւաչափերի հարցը շատ կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է ներհայկական համաձայնության հարցը։ Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ նա որոշում է իր ճակատագիրը, հավանաբար, արդեն երկար պատմական հեռանկարի համար: Ի նկատի ունեմ,  որ սպառնալիքը համաձայնություններին կարող է ոչ թե դրսից, այլ Հայաստանի ներսում լինել։

 

- Փաշինյանի համախոհներն ասում են, որ ռուսական պլանը, որում Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակի հարցը չէր հանվում օրակարգից, չի ընդունվել այն պատճառով, որ Ռուսաստանը համարժեք աջակցություն չի ցուցաբերում Հայաստանին, եւ դա մտահոգություն է առաջացնում ծրագրի կենսունակության վերաբերյալ։

 

- Դա սեփական ձախողումները կոծկելու, Ռուսաստանին այն վերագրելու, նրա թիկունքում թաքնվելու փորձ է հիշեցնում։ Ներքաղաքական տեսակետից դա, հավանաբար, ռացիոնալ քայլ է, բայց այն բավականին ցինիկ ու անազնիվ է Ռուսաստանի նկատմամբ։

Իվան Սաֆրանչուկը Իվան Սաֆրանչուկը

Լուսանկարը` Վալդայան ակումբ

Կարծում են, որ այսօր տեղի ունեցողի պատճառները պետք է փնտրել ոչ թե նրանում, ինչ կատարվում էր եռակողմ պայմանավորվածություններից հետո, այլ նրանում, ինչը հանգեցրեց պատերազմին ու դրան վերջ դնելու մասին եռակողմ պայմանավորվածություններին։ Հիմնական պատճառն այնտեղ է: Հինգ տարի առաջ մենք քննարկում էինք ռուսական պլանը, ըստ որի՝ առաջարկվում էր 5 շրջան փոխանցել եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագա սերունդներին։ Այսօր Հայաստանը բոլորովին այլ իրավիճակում է, եւ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը ինչ-որ բան չի արել։ Ընդհակառակը, այն ժամանակ ռուսական կարգավորման պլանին վերաբերվեցին առանց պատշաճ հարգանքի եւ ուշադրության։ Իսկ Փաշինյանը լիովին հրաժարվեց դրանից։ Եվ որոշեց...

 

- Ինչպես ինքն է ասել, սկսել իր կետից։

 

-Եվ արդյունքում բոլորովին այլ իրականություն ձեւավորվեց։ Այնպես որ, չի կարելի իրավիճակը դիտարկել հետպատերազմական երեք տարիների լույսի ներքո։ Մենք պետք է նայենք վեց-յոթ տարվա հորիզոնին: Իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ Արդյունքում երկար ու շատ բարդ ճգնաժամ է։ Կարծում եմ, Ռուսաստանը կգերադասեր, որ լուծումը լիներ ոչ թե մի կողմի շահերի հաշվին, այլ՝ ավելի փոխզիջումային։ Բայց այս վեց-յոթ տարում այդ տարբերակը կորսվեց, այն այլեւս չկա։

 

Իվան Սաֆրանչուկի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Հարցազրույցը պատրաստվել է Tufenkian Foundation-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին