Դմիտրի Տրենին. «ՌԴ-ն պատրաստ է նոր ձեւաչափով հարաբերվել Հայաստանի հետ» - Mediamax.am

exclusive
10545 դիտում

Դմիտրի Տրենին. «ՌԴ-ն պատրաստ է նոր ձեւաչափով հարաբերվել Հայաստանի հետ»

Դմիտրի Տրենինը
Դմիտրի Տրենինը

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետազոտող պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Դմիտրի Տրենինի հետ:

 

Դմիտրի Տրենինը 2008-2022 թվականներին եղել է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրենը:

 

- 2020 թվականի օգոստոսի վերջին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ հրապարակված «Ռուսաստանի դաշնակցային քաղաքականությունը. ինչ անել եւ ինչ փոխել» հոդվածում գրել էիք, որ Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար այնքան էլ մեծ չէ։ Կարելի՞ է խոսել այն մասին, որ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի նշանակությունն էլ ավելի է նվազել։

 

-Կարծում եմ՝ առաջին հերթին փոխվել է ոչ այնքան Հայաստանը, որքան ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում։ Հայաստանի ներսում տեղի ունեցած փոփոխությունները ավելի շուտ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը փոխած պատերազմի հետեւանք էին:

 

Այսօր փոխվել է Ռուսաստանի դիրքը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Հարավային Կովկասում։

 

Չեմ ասի, որ Ռուսաստանի համար ինչ-որ աղետ է տեղի ունեցել, բայց, ամեն դեպքում, փոփոխությունները լուրջ են։ Այսօր Հարավային Կովկասում Թուրքիան, հավանաբար, ավելի նշանակալից դերակատար է, քան Ռուսաստանը։ Բացի այդ, հատկապես Ուկրաինայում պատերազմի համատեքստում, արեւմտյան երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ն եւ մասամբ Մեծ Բրիտանիան, սկսեցին շատ ավելի կարեւորել հետխորհրդային տարածքը, այն դեպքում, որ նրանք հեռու էին մնացել 2020 թվականի պատերազմից։ Ընդհանրապես, այդ պատերազմը արեւմտյան քաղաքական դասի եւ, առհասարակ, արեւմտյան հասարակության համար շատ ծայրամասային էր. դրա մասին քիչ էր գրվում եւ խոսվում։ Սակայն հիմա, երբ Ռուսաստանը ներքաշվել է Ուկրաինայի խնդրի մեջ, Արեւմուտքի տեսանկյունից հնարավորություն եւ անհրաժեշտություն է ստեղծվել ընդլայնել աշխարհաքաղաքական ճնշման գիծը դեպի Կովկաս, Միջին եւ Կենտրոնական Ասիա։

 

- Նույն հոդվածում գրել էիք. «Հայաստանում դիրքի հիմնական արժեքը Անդրկովկասում հարաբերական կայունության պահպանման, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հավասարակշռության, Թուրքիայի հավակնությունների զսպման հնարավորությունն է»։ Այսօր այս հավասարակշռությունը եւ զսպման հնարավորություններն այլեւս չկա։

 

- Ռուսաստանն էլ այլեւս չի կարող այս խաղը խաղալ։ Ռուսաստանը երկար տարիներ հնարավորություն ուներ որպես հավասարակշռող հանդես գալու եւ կարծում էր, որ կարող է, ինչպես դա անում են ամերիկացիները Մերձավոր Արեւելքում, զենք վաճառել ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին, վերահսկել իրավիճակը հանգած կամ սառեցված հակամարտության գոտում եւ դրանով իսկ պահպանել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ թույլ չտալով մուտք գործել այնտեղ Թուրքիայի նման տարածաշրջանային տերություններին, եւ համաշխարհային տերություններն, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ, նույնիսկ, Չինաստանը: Այժմ Ռուսաստանը նման հնարավորություն չունի, հետեւաբար, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ որեւէ հավասարակշռության մասին խոսք լինել չի կարող։

 

Միաժամանակ, հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրի լուծումը բխում է  Ռուսաստանի շահերից։ Խաղաղությունն ավելի շատ հնարավորություններ է ստեղծում Ռուսաստանի համար, քան պատերազմը։ Եթե նախկինում կարելի էր ասել, որ Ռուսաստանը որոշակի օգուտ էր քաղում այս հակամարտությունից, թեեւ կարծում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ, ապա այժմ նա հույս ունի, որ խաղաղ կարգավորումը որոշակի պայմաններ կստեղծի։ Առաջին հերթին տնտեսական հարաբերությունների ակտիվացման, տրանսպորտային նոր հնարավորությունների ի հայտ գալու միջոցով, այդ թվում՝ Հայաստանի տարածքով։ Պետք է նկատի ունենալ նաեւ այն, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները վերջին շրջանում որոշակիորեն ջերմացել են։ Սա նույնպես հետաքրքիր գործոն է։

 

-Որքանո՞վ արդարացված է այն կարծիքը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը որոշվում է ոչ թե բուն տարածաշրջանում, այլ Ուկրաինայում։ Այն իմաստով, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը չի ցանկանում կամ չի կարող խաղալ այստեղ այն դերը, որը խաղում էր հետպատերազմյան առաջին փուլում։

 

-Համաձայն եմ այդ տեսակետի հետ։ Բայց երբ ասում ենք, որ ամեն ինչ կախված է արդյունքից, ենթադրում ենք, որ ելքը մոտ է։ Սակայն ելքը դեռ շատ հեռու է, խոսքը, ամենայն հավանականությամբ, տարիների մասին է։ Ուկրաինայի հակամարտությունը կարող է որոշ ժամանակով կանգ առնել ինչ-որ գծի վրա, սակայն դա չի փոխի Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիբրիդային պատերազմի վիճակը։ Իրավիճակը դեռ երկար ժամանակ կմնա անորոշ, առանց հստակ վերջնական արդյունքի:

Դմիտրի Տրենինը Դմիտրի Տրենինը

 

Ակնհայտ է, որ առաջնահերթությունները շատ են փոխվել, պետք է ռեսուրսներ մոբիլիզացվեն ամենակարեւոր ուղղություններում։ Ռուսական արտաքին քաղաքականությունը այլեւս իրեն չի կարող տալ նախորդ տարիների շքեղությունը։

 

- Եվ տարածաշրջանում Թուրքիայի շահերի հետ շատ հաշվի նստելու անհրաժեշտությունը Ռուսաստանի համար միայն աճելու՞ է:

 

-Իհարկե, Թուրքիան շատ կարեւոր երկիր է մնում Ռուսաստանի համար, եւ թուրքական շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը, իհարկե, պահպանվում է։ Ավելացնեմ նաեւ, որ Ռուսաստանն ակնհայտ շահեր ունի Ադրբեջանում, եւ դրանք աճել են. նկատի ունեմ Հյուսիս-Հարավ միջանցքը, որը Ռուսաստանը Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, Հնդկաստանի եւ Իրանի տնտեսությունների հետ կապող թելերից մեկն է։ Ռուսաստանի համար դա նույնպես ռազմավարական նշանակություն ունի։ Այն պայմաններում, երբ Եվրոպան դադարել է Ռուսաստանի գլխավոր տնտեսական գործընկերը լինել, անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ։ Հայաստանի՝ որպես ռազմական ֆորպոստի նշանակությունը Թուրքիայի նկատմամբ ներկա պայմաններում շատ ավելի նվազ է։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանը դադարել է հետաքրքրվել Հայաստանով եւ կցանկանար փակել այդ «անհեռանկարային ուղղությունը»։ Նման բան չկա։ Պատրաստակամություն կա Հայաստանում առկա իշխանության հետ աշխատելու՝ հասկանալով վերջինիս ձգտումներն ու սահմանափակումները։

 

 -Երեւանում շատերի մոտ հարց է առաջանում՝ այն ծանր իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը եւ Մոսկվայի համար Թուրքիայի եւ Ադրբեջանի կարեւորության աճի լույսի ներքո, ի՞նչ կարող է անել Հայաստանը, գործարարների լեզվով ասած, մրցակցային առավելություններ ձեռք բերելու եւ ավելի Ռուսաստանի համար ավելի հետաքրքիր դառնալու համար։

 

-Կրկնում եմ, որ Ռուսաստանը ցանկություն չունի նվազեցնել իր ներկայությունը Հայաստանում։ Հայաստանն այսօր «բեռ» չէ։ Ռուսաստանի համար ներկա պայմաններում կարեւոր է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է, որ հարաբերություններն ավելի պրագմատիկ լինեն։ Մի պահ կա, որը եթե չասենք, որ անհանգստացնում է ռուսական կողմին, ապա ինչ-որ չափով լարվածություն է ստեղծում։ Դա այն վիրավորվածությունն է, որը կա Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության մեջ։ Կարծում եմ, որ Ռուսաստանը արժանի չէ նման քննադատության։ Ռուսաստանից պահանջում են, որ նա, պայմանական ասած, «լծվի» Հայաստանի համար, մինչդեռ Հայաստանը առանձնապես չի պատրաստվում «լծվել» Ռուսաստանի համար։ Այս լարվածության պահերը, իմ կարծիքով, կարող են զգալիորեն կրճատվել ավելի պրագմատիկ, ավելի բաց ու ավելի ազնիվ հարաբերությունների դեպքում։

 

Կարծում եմ, որ Ռուսաստանում պատրաստ են հարաբերությունների այդպիսի նոր ձեւաչափի, որը կլինի ոչ թե հովանավորի եւ հովանավորյալի հարաբերություններ, ինչպես դա շատերը տեսնում էին Մոսկվայում եւ Երեւանում, այլ ընդհանուր շահեր, պատմական եւ ժողովրդագրական կապեր ունեցող երկու երկրների միջեւ հարաբերություններ։

Դմիտրի Տրենինը Դմիտրի Տրենինը

 

Դուք խոսում եք Հայաստանի ծանր վիճակի մասին։ Բայց չէ՞ որ Ռուսաստանը նույնպես շատ ծանր վիճակում է՝ ահռելի քանակությամբ պատժամիջոցների եւ Արեւմուտքի  կողմից ճնշման այլ ձեւերի հետեւանքով։ Ռուսաստանում իրավիճակը բավականին բարդ է, նա հիբրիդային պատերազմ է վարում հավաքական Արեւմուտքի դեմ, եւ ես կցանկանայի, որ Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցները հասկանային դա, մտնեին մեր վիճակի մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը մտնում է Հայաստանի վիճակի մեջ։ Ռուսաստանը 2018-ին չխոչընդոտեց հայ ժողովրդի ընտրությանը, համաձայնեց ապրել այն իշխանության հետ, որն ընտրում է հայ ժողովուրդը: Ինչ էլ չմտածի Պուտինը տխրահռչակ «սորոսականների» մասին, նա աշխատում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ բավականին սերտ է աշխատում։

 

- Դուք հիշատակեցիք ՀԱՊԿ-ը, որը Հայաստանի անվտանգության երաշխավորի փոխարեն այսօր փաստացի հանդիսանում է հայ-ռուսական հարաբերությունների հիմնական գրգռիչներից մեկը։

 

- Հայաստանի ՀԱՊԿ-ից քիչ օգուտ ունի, բայց ՀԱՊԿ-ն էլ Հայաստանին առանձնապես  ոչինչ չի պարտադրում։ ՀԱՊԿ-ի անդամները Ռուսաստանի ֆորմալ դաշնակիցներն են, բայց այն պայմաններում, երբ Ռուսաստանը փաստացի պատերազմում է հավաքական Արեւմուտքի հետ, նրանք չեզոք դիրք ունեն։ Եվ Ռուսաստանում դա ընդունվում է որպես փաստ, ոչ ոք չի պահանջում ՀԱՊԿ-ի լուծարում կամ կոչ չի անում համախմբվել Ռուսաստանի շուրջ։ Այս առումով Ռուսաստանը հասկանում է, թե ինչ կարելի է պահանջել իր դաշնակիցներից, իսկ ինչը՝ ոչ։ Դա, իհարկե, կատարյալ գործիք չէ, բայց դա այն բեռն է, որը մեծ խնդիրներ չի առաջացնում: Այո, շատ չի էլ օգնում: Բայց ՀԱՊԿ-ից դուրս գալը կապված է անիմաստ կորուստների հետ եւ կարող է չփոխհատուցվել։ Լավ, եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս լինի, ի՞նչ է դա նշանակում։ Նա կդառնա՞ ՆԱՏՕ-ի անդամ։ Ոչ, չի դառնա: Կհրաժարվի՞ Ռուսաստանի հետ երկկողմ ռազմական հարաբերություններից։ Որքան հասկանում եմ՝ ոչ, չնայած, ակնհայտորեն, կան շրջանակներ, որոնք պահանջում են ռուսական ուժերի դուրսբերում։ Հայաստանի համար լավ այլընտրանքը տեսանելի չէ։ Իհարկե, Հայաստանն ինքն է որոշում իր ճակատագիրը, իր ռազմաքաղաքական կարգավիճակը, բայց պետք է իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից եւ սթափ դատել։ Ռուսաստանում էլ հիմա շատ հույզեր կան, որոնք կապված չեն Կովկասի ու Հայաստանի հետ։ Դա նույնպես պետք է հաշվի առնել:

 

Դմիտրի Տրենինի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Հարցազրույցը պատրաստվել է Tufenkian Foundation-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում։

 

  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին