Ալեքսանդր Արխանգելսկի. «Մարդիկ վիրավորված են Ռուսաստանից» - Mediamax.am

exclusive
7327 դիտում

Ալեքսանդր Արխանգելսկի. «Մարդիկ վիրավորված են Ռուսաստանից»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Գրող Ալեքսանդր Արխանգելսկու հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Գարնանը հայտնեցիք, որ նոր նախագիծ եք սկսում եւ դրամահավաք հայտարարեցիք «ապագա ֆիլմի համար, որը մի իտալացու մասին է, ով դարձավ ռուս աբեղա եւ հին հայկական եկեղեցու գիտակ, եւ այն մասին, թե որտեղ է մարդու հայրենիքը»։

 

- Դա հայր Ջովաննի (Իոանն) Գուայտան է: Նա ուսումնասիրել է հայկական եկեղեցին, հարցազրույց է վերցրել Գարեգին Առաջին կաթողիկոսից։ Այդ գիրքը, հուսով եմ, կվերահրատարակվի, քանի որ հրաշալի է։

Իհարկե, զբոսաշրջային ֆիլմ չենք նկարահանելու։ Ինքնաթիռ կնստենք նրա հետ, կգանք այստեղ եւ կնայենք Հայաստանին նրա աչքերով՝ որպես մի երկրի, որը սովորել է պահպանել հայրենիքի զգացումը բոլոր սահմաններից  անդին՝ դուրս ընկնելով պատմությունից եւ վերադառնալով պատմություն։

 

Արտագաղթը լինում է անօգուտ, իսկ լինում է օգտակար։ Ի՞նչ է նշանակում անօգուտ: Երբ մարդիկ պարզապես փրկում են իրենց եւ չեն ինտեգրվում նոր երկրների մշակույթներին: Երբեմն էլ ամբողջությամբ ձուլվում են, կամ էլ փորձում են ամբողջությամբ պահպանել այն ամենը, ինչ ունեցել են հայրենիքում։

 

Ռուսաստանը թեւակոխել է դրամատիկ շրջան՝ դա արտագաղթի նոր ալիք է, զանգվածային, ընդ որում՝ մեկ խավի ներսում։ Եթե դիտարկենք Ռուսաստանի 140 միլիոն բնակիչների պարագայում, թվում է, որ դա տանելի է, սակայն դա արտագաղթ է մեկ խավում, մեկ օղակում, մի քանի խոշոր քաղաքներում, եւ իհարկե, այդ կորուստները շատ զգալի կլինեն։

 

- Այն ռուսները, ովքեր եկել են Հայաստան վերջին 1,5 տարվա ընթացքում, լավ իմաստով հարթում են այն խնդիրները, որոնք կան Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Այդ խնդիրներն ակնհայտ դարձան 2020 թվականի պատերազմից հետո։ Եթե պարզեցնենք, արդյո՞ք ինչ-որ բան փչացել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։

 

-Ո՞ր Հայաստանի եւ ո՞ր Ռուսաստանի մասին է խոսքը։ Քաղաքակա՞ն Հայաստանի եւ քաղաքակա՞ն Ռուսաստանի։

 

- Առաջին հերթին՝ այո։

 

- Շատ բան է փոխվել։ Այսօր էլ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։

 

Ակնհայտ է, որ Հայաստանն իր համար ողբերգական տարբերակ է քննարկում։ Հնարավոր է, որ այն, ինչ տեսնում ենք՝ բանակցային տարբերակը, քաղաքականապես անհրաժեշտ է, չգիտեմ, ես քաղաքական գործիչ չեմ։ Բայց մշակութային ու պատմական տեսանկյուններից դա ողբերգական տարբերակ է Հայաստանի համար։ Այն, ինչ առաջարկում են Հայաստանին բանակցողները՝ տեղի ունեցածից հետո հաշտության ընտրությունը, ողբերգություն է։

 

Իրավասու չեմ խորհուրդներ տալ՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Ես պարզապես կարեկցում եմ: Ռուսաստանն, իհարկե, խաղացել է եւ կցանկանա ապագայում եւս մեծ դեր խաղալ։ Այն փորձեց որոշակի դրական դեր խաղալ, իսկ հետո պարզապես Հայաստանի ժամանակը չուներ։ Հայաստանը մնաց լքված ճակատագրի ողորմությանը, դեմ առ դեմ պատերազմի հետ։

 

Բայց հենց հայտնվեցին արեւմտյան դերակատարները, Ռուսաստանն անմիջապես սկսեց վերադառնալ։

 

Ես զգացի, որ մարդիկ այստեղ վիրավորված են, կատարվողը ընկալում են որպես դավաճանություն: Ես հաճախ եմ լինում Հայաստանում, շատ եմ զրուցում մարդկանց հետ, եւ չգիտեմ՝ Ռուսաստանի եւ ռուսների հանդեպ նման սեր որեւէ այլ տեղ կա՞։ Խոսքը քաղաքական գործիչների մասին չէ, այլ մարդկանց։

 

Ռուսական դիրքորոշումն էր՝ սկզբում չափազանց կոշտ թելադրել իր շահերը, հետո մի կողմ քաշվել՝ չցանկանալով հաշվի առնել հայկական շահերը։ Քաղաքական դաշտից դուրս գտնվող մարդիկ դա զգացել են։

 

Հայաստանն իր դռները բացել է մեծ թվով ռուսների առաջ։ Խոզություն կլինի, եթե Հայաստանում ապաստանած ռուսները դրան չարձագանքեն ոչ միայն սիրով, այլեւ համերաշխությամբ եւ այն ամենով, ինչով հնարավոր է արձագանքել եւ աշխարհի առջեւ վկայել Հայաստանի առջեւ ծառացած դժվարությունների մասին։

 

Կարծում եմ, այնպես, ինչպես այսօր, երբեք չի եղել՝ չափազանց կոշտ քաղաքական տարաձայնություններ եւ մարդկային ճակատագրերի այսպիսի սերտաճում։ Երկու գործընթաց, որոնց վրա մենք այժմ ճոճվում ենք՝ ինչպես ճոճանակի վրա:

 

- Քանի որ հաճախ եք լինում այստեղ, ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը գիտի՞, թե ինչ է ուզում։

 

- Ես գիտեմ, որ Հայաստանը գիտի, թե ինչ չի ուզում։ Նա այլեւս պատերազմ չի ուզում, նա հոգնել է: Հերոսությունը առաջվա նման կա, եւ մեզ հայտնի են անհավատալի հերոսության օրինակներ, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ երկիրը հոգնել է պատերազմական վիճակից։ Թե ինչի է այն պատրաստ, որպեսզի պատերազմ չլինի, չգիտեմ, ես ստիպված կլինեմ ընդունել այն ընտրությունը, որը կանի Հայաստանը։

 

Բայց ռուսաստանցի քաղաքական գործիչները պետք է հստակ ասեն, թե որտեղ է իրենց շահը։ Նրանք պետք է երկարաժամկետ, ոչ այսրոպեական որոշում կայացնեն՝ անկախ նրանից, թե ինչ ընտրություններ են կայացել, ինչ ընտրություններ են սպասվում, Լաչինի ուղղությամբ հայտնվել են «բնապահպաններ», թե՞ նրանք անհետացել են։

 

Զբաղվե՞լ է Ռուսաստանը հայկական «սյուժեով» 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, թե՞ ոչ։ Տպավորությունս այն է, որ չի զբաղվել, բայց հետո, զգալով, որ Արեւմուտքը եկել է որպես նոր բանակցող, որոշել է արագ վերադառնալ, խանգարել Արեւմուտքին։ Արդյո՞ք դա կօգնի Հայաստանին։ Չգիտեմ։

 

- 2009 թվականին դուք գրել էիք. «Ի՞նչն ընտրել` սովորական, բայց հպարտ անբովանդակ ապրելը 20-րդ դարի շատ կարեւոր, բայց ռազմավարական առումով անհեռանկար առասպելներում, թե՞ մշակութային ճակատագրի փոփոխությունը: Ճակատագրի փոփոխություն, թե՞ դարավոր պատմության ժամանակակից իրողությունների վերածում։ Գավառական ինքնության մեջ փակվել, թե՞ փորձել պատմությունից առաջ անցնել՝ առանց հիշողության ու ինքնատիպության կորստի։ Այս առումով Ռուսաստանն ու Հայաստանը, չնայած մասշտաբների ու իրողությունների տարբերությանը, նույն դրամատիկ եւ վճռական փուլում են: Ե՛վ այնտեղ, ե՛ւ այստեղ մենք ճոճվում ենք տեղայնության եւ դեպի ապագան ձգտելու միջեւ, ինչն անիրագործելի է համաշխարհային քաղաքակրթության տարածությունից դուրս, որտեղ բոլորս միաժամանակ ե՛ւ ուզում ենք հայտնվել, ե՛ւ վախենում ենք դրանից, եւ որտեղ մեզ կանչում են, սակայն իրականում, կարծես, չեն սպասում»։

 

Եթե չիմանայի, որ այս տողերը գրել եք 14 տարի առաջ, կմտածեի, որ մեր օրերում է գրված։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական նոր մերձեցման հնարավորություններ տեսնու՞մ եք։

 

- Կարող եմ իրավիճակին նայել ռուսաստանցի քաղաքական գործիչների աչքերով. «Փորձենք գլուխ հանել այն հանգույցից, որը կապել ենք եւ չենք կարող արձակել, ինքներս կիսաքայքայված վիճակում ենք, երկրի միասնությունը կորցնելու ռիսկ կա՝ ի՞նչ դեր կարող ենք խաղալ»։

 

Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է պահպանել վերահսկողությունը այս տարածքի հանդեպ. իրերն իրենց անուններով կոչենք: Սակայն դա անելու համար այն ռազմական, տնտեսական կամ քաղաքական կարողություններ չունի: Հայաստանը փոքր երկիր է, այն պետք է հասկանա, թե ում հետ է փոխգործակցում, ով է ուժեղ աջակից, ով՝ թույլ, ով էլ ձեւացնում է, թե աջակից  է։ Իհարկե, Հայաստանը մանեւրելու է, ինչն ավելի շատ է բորբոքելու ռուսական էլիտաներին։

 

Ես հավատում եմ մերձեցմանը մշակույթի, գիտության, մարդասիրական նախագծերի ոլորտում, բայց ոչ քաղաքական։

 

- Իրատեսակա՞ն է ակնկալել, որ այն պայմաններում, երբ քաղաքական էլիտաների միջեւ նորմալ փոխգործակցություն չկա, մարդկանց միջեւ շփումները կարող են որոշակի մակարդակի հարաբերություններ պահպանել։ Կոպիտ ասած, եթե Ռուսաստանի ղեկավարությունը որոշի երես թեքել Հայաստանից, մշակութային շփումները դժվար կարողանան ազդել դրա վրա։

 

- Եթե հավատայի, որ քաղաքական գործընթացներն ու էլիտաները հավերժ են, լիովին կհամաձայնեի Ձեզ հետ։ Բայց նրանք փոխվում են։ Եվ դա է իմ հույսը։ Մշակութային, մարդկային շփումներն իրենք իրենցով ոչինչ չեն կարող լուծել, բայց կարող են հիմքեր պահպանել ապագա շրջադարձի համար: Այս էլիտան էլ կհեռանա։ Ամեն ինչ կփոխվի։ Հարցն այն է, թե արդյո՞ք կպահպանվեն այս շփումները, այս հանգույցները։ Ես զգուշավոր լավատես եմ, երբ հարցը վերաբերվում է ստորին օղակին, եւ ամբողջական հոռետես՝ վերեւի օղակի առումով:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով.

 

 

 

Ալեքսանդր Արխանգելսկու հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Այս հարցազրույցը պատրաստվել է Tufenkian Foundation-ի  հետ համատեղ նախագծի շրջանակներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին