Ուլրիխ Զայդլ. «Ֆիլմերը հաճախ ծնվում են անցյալի եւ ներկայի գաղափարների միահյուսումից» - Mediamax.am

exclusive
19904 դիտում

Ուլրիխ Զայդլ. «Ֆիլմերը հաճախ ծնվում են անցյալի եւ ներկայի գաղափարների միահյուսումից»

Լուսանկարը`


2022թ. դեկտեմբերի 4-11-ը կայացած Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ամենաուշագրավ իրադարձությունը Ուլրիխ Զայդլի միանգամից երկու նոր ֆիլմերի ցուցադրությունն էր` «Րիմինի» եւ «Սպարտա»: Զայդլն այսօր ավստրիացի գլխավոր ռեժիսորներից է, ստեղծագործական յուրահատուկ մեթոդի հեղինակ, որը նրան թույլ է տալիս գեղարվեստական ֆիլմերը նկարահանել որպես վավերագրական։ Ներկայացնում ենք եվրոպական կինոյի իրական պրովոկատորի ու կենդանի դասականի հետ բացառիկ հարցազրույցը՝ նոր ֆիլմերի, դասական կինոի եւ ոգեշնչման աղբյուրների մասին։

 

- Փառատոնին միանգամից երկու նոր ֆիլմ բերեցիք՝ «Րիմինի»-ն ու «Սպարտա»-ն, որոնք միավորված են ու երկպատում են կազմում։ Ասացիք, որ «Դրախտ» տրիլոգիան նույնպես որոշվել էր որպես ամբողջություն, եւ միայն հետո վերածվեց երեք առանձին մասերի, այնպես որ կարելի է դա սովորություն համարել: Այդպես էր եղե՞լ նաեւ նոր կինոնկարների դեպքում։ Ո՞րն է դրանց ընդհանուր կապը եւ ինչո՞ւ որոշեցիք այս նյութից միանգամից երկու ֆիլմ սարքել:

 

- «Րիմինի» եւ «Սպարտա» նախագիծը նույնպես մտածված էր որպես մեկ նախագիծ։ Բայց ես անցածը կրկնելու մտադրություն չունեի։ Ես որոշել էի պատմել Րիկի Բրավոյի, Էվալդի եւ Ավստրիայում իրենց հոր հետ կապի պատմությունները մեկ ֆիլմում: Թեեւ երկու եղբայրների պատմությունները պետք է պատմվեին զուգահեռաբար, երկու ֆիլմ նկարահանելու մտադրություն չկար։ Դա լավ բացատրում է աշխատանքի նկատմամբ իմ մոտեցումը: Ինձ համար կարեւոր են արդյունքը, ընթացքը եւ հետեւությունները։ Եթե որոշ ժամանակ անց՝ ամեն ինչ գրելուց եւ նկարահանելուց հետո հասկանում եմ, որ այս հետեւությունները պահելու համար պետք է երկու ֆիլմ նկարել, ապա ազատ եմ դա անելու։ Ես չեմ կարող համակերպվել այն փաստի հետ, որ չեմ կարող ինձ դա թույլ տալ: Եվ դա իսկապես արտոնություն է։

 

- Որքա՞ն տեւեցին նկարահանումները եւ մոնտաժը։ Միաժամանա՞կ էիք նկարահանում երկու ֆիլմը։ Հետաքրքիր է, որ երկու ֆիլմերն էլ ունեն նույն դրվագները։ Որքանո՞վ էր բարդ մոնտաժը:

 

-Երկու պատմությունները նախատեսված էր զուգահեռ նկարահանել։ Սկսեցինք նկարահանումները Րիմինիում, հետո՝ Ռումինիայում, բայց ոչ ամբողջությամբ, եւ նորից վերադարձանք Րիմինի։ Իրականում դա հիանալի հնարավորություն էր, քանի որ կարող էինք տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Մենք կարող էինք տեսնել արդյունքը եւ արձագանքել դրան, ստուգել, թե ինչ է տեղի ունեցել: Նախ մոնտաժեցինք մեկ ֆիլմը, ինչպես նախատեսված էր։ Դա երկար ֆիլմ էր, որի մեջ ներառված էին եւ Րիկի Բրավոյի պատմությունը, եւ Ռումինիայի հատվածը, այդ ամենը միասին տեւում էր ավելի քան երեք ժամ: Վստահ չէի, որ այս արդյունքը լավագույնն է, ուստի որոշեցի այն բաժանել երկու ֆիլմի: Բայց ֆիլմի ամբողջական տարբերակը նույնպես կա եւ շուտով կներկայացվի հանդիսատեսին։ Հնարավոր է ցուցադրվի, օրինակ, փառատոնին, այլ ոչ թե կինոթատրոնում։ Այն տեւում է 3 ժամ 50 րոպե։

 

- Իսկական էպիկական ֆիլմ է ստացվում։

 

- Կարծում եմ, ֆիլմը կարելի է ավարտված համարել, երբ այն ավարտվում է իմաստային առումով, քանի դեռ այն գրավում է հանդիսատեսի ուշադրությունը, պահում լարվածության մեջ։ Այնպես որ, ինձ համար ճիշտ տեւողություն չկա։ Իմ կարծիքով, տեւողությունը սխալ է, եթե այն չի համապատասխանում ֆիլմի իմաստին:

 

- Երկու ֆիլմերում էլ գլխավոր հերոսների կերպարները շատ հստակ են։ Նրանք եղբայրներ են՝ երգիչ Րիկի Բրավոն եւ ձյուդոյի մարզիչ Էվալդը։ Թվում է, թե նրանք ուղղակի հակապատկերներ են։ Ինչպե՞ս են առաջացել այս կերպարները:

 

- Սցենար գրելու ժամանակ գլխումս երբեք ավարտուն միտք չկա, ես դեռ չգիտեմ, թե ինչպիսին կլինեն այն կերպարները, որոնց նկարագրում եմ: Սցենար գրելն ինձ համար հենց այնպիսի գործընթաց է, որտեղ համեմատում ես ներկայի եւ անցյալի գաղափարները եւ տեսնում, թե ինչպես կարող են դրանք միասին վերածվել ինչ-որ բանի: Այսպես, օրինակ, Րիկի Բրավոյի մասին գաղափարը ծնվել էր 15 տարի առաջ, երբ ես Ուկրաինայում էի՝ «Իմպորտ-Էքսպորտ»-ի նկարահանումների ժամանակ։

 

Այդ ժամանակ բացահայտեցի, որ այդ ֆիլմում նկարահանվող Միխել Թոմասը շատ տաղանդավոր դերասան է եւ հիանալի երգիչ։ Արդեն այն ժամանակ զարգացրեցի այս կերպարը՝ գրավիչ տղամարդու, ով սիրում է կանանց, որոնք փող ունեն: Եվ այս կերպարը կարծես մի ֆիլմից լիներ, որը ես երբեք չէի կարող նկարահանել: Շատ տարիներ անց ես գրեցի Էվալդի գիծը, որը հիմնված էր Ռումինիայից իրական պատմության վրա։ Որից հետո ինքս ինձ հարցրեցի՝ կարո՞ղ եմ նրան Րիկի Բրավոյի եղբայր դարձնել։ Այսպես զարգացավ այս պատմությունը։ Հետո հայտնվեց հայրը եւ այլն։ Կարելի է ասել, որ այս պատմությունը ծնվել է անցյալի եւ ներկայի տարբեր գաղափարների միահյուսումից:

 

- Իհարկե, անհնար է հավատալ, որ Րիկի Բրավոն իրական մարդ է, դա ուղղակի անհավանական է: Արդյո՞ք կարեւոր է, որ երկու հերոսներն էլ արտասահմանում են, կապ ունի՞, որ երկուսն էլ օտար են ոչ հարազատ երկրներում։

 

- Դա արված է բացարձակ գիտակցաբար. մեծ եղբայրը ապրում է Իտալիայում՝  Րիմինիում, իսկ փոքրը՝ Ռումինիայում։ Երկուսն էլ հեռացել են հարազատ տնից, եւ կարեւոր է, որ երկուսն էլ լքել են իրենց երկիրը եւ հայրենիքը։ Երբ երկու երեխա մեկնում են անծանոթ երկրներ, դա խոսում է նաեւ նրանց ընտանիքի մասին։ Եվ դա, իհարկե, շատ բան է ասում նաեւ նրանց բնավորությունների մասին։

 

-Եվ վերջին հարցը. ժամանակին Դուք խոստովանել էիք, որ Պաոլո Պազոլինին այն ռեժիսորների թվում է, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել Ձեզ վրա։ Այս տարի նա դարձավ 100 տարեկան, եւ փառատոնում նույնիսկ ներկայացված էր առանձին ծրագիր՝ նրա կինոնկարների հատուկ ցուցադրություններով։ Իսկ կենդանի ռեժիսորներից ո՞ւմ ստեղծագործություններին եք հետեւում, ովքե՞ր են ազդում Ձեզ վրա եւ ոգեշնչում:

 

-Գիտեք, ես արդեն ծեր եմ: Եվ բոլոր նրանք, ում ֆիլմերով ես հիանում էի, ով ինձ օրինակ էր ծառայում այն ժամանակ, երբ նոր էի սկսել նկարահանել, արդեն մահացել են։ Պազոլինին նրանցից մեկն է, սակայն կան, իհարկե, նաեւ ուրիշներ։ Բունյուել, Կասավետիս, Ժան Էսթաշ։

 

Կարելի է ասել, որ երբ սկսում ես սեփական ֆիլմ նկարահանել, միշտ կա ինչ-որ մեկի ազդեցությունը։ Կարող եմ ավելացնել, որ ինձ վրա մեծ ազդել են նաեւ Լարս ֆոն Թրիերի որոշ ֆիլմեր կամ ֆիլմերի առանձին տարրեր։ Կամ, օրինակ Մայք Լիի ֆիլմերը։ Այն, ինչ անում է Բրունո Դյումոնը, ինձ նույնպես շատ հետաքրքիր է թվում: Միեւնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ դրանք օրինակ են ծառայել ինձ համար, ուղղակի միշտ կա մի բան, որն ավելի շատ է ազդում քեզ վրա, քան մնացածը։

 

Ուլրիխ Զայդլի հետ զրուցել է Իվան Ցուրկանը

 

Լուսանկարները` Նիկոլայ Կոմանկինի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին