Ստեֆան Մայսթեր. «ԵՄ-ն պետք է ակտիվ դերակատար դառնա ԼՂ հարցում» - Mediamax.am

exclusive
3365 դիտում

Ստեֆան Մայսթեր. «ԵՄ-ն պետք է ակտիվ դերակատար դառնա ԼՂ հարցում»

Ստեֆան Մայսթեր
Ստեֆան Մայսթեր

Լուսանկարը` DGAP

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի (DGAP) Միջազգային կարգի ու ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մայսթերի հետ:

 

- Ձեր «Պարադիգմայի փոփոխություն. ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները Ուկրաինայում պատերազմից հետո» հոդվածում գրում եք, որ «ԵՄ-ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերի, որպեսզի օգնի Հայաստանին պահպանել իր ինքնիշխանությունը եւ մնալ ժողովրդավարացման եւ բարեփոխումների ճանապարհին»: Ի՞նչ իրական քայլեր կառաջարկեք ձեռնարկել ԵՄ առաջնորդներին:

 

- Անհրաժեշտ է ավելին, քան պարզապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումներին նպաստելը։ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դերակատար դառնա Ղարաբաղի հարցում խաղաղության պայմանագրի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման համաձայնագրի կնքման հարցերում։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն պետք է շարունակի միջազգայնացնել հակամարտությունը՝ առաջ մղելով երկու պետությունների միջեւ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման գաղափարը՝ մինչեւ սահմանային համաձայնագիրը չստորագրվի: ԵՄ-ն պետք է առաջարկի նաեւ իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ռուսներին փոխարինելու համար։

 

Բայց այս ամենն անելու համար ԵՄ-ն պետք է Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ մշակի՝ առաջարկելով լեգիտիմացնել Հայաստանի հետ համաձայնագրերը, եթե դրանք բխում են երկու կողմերի շահերից, առաջարկելով ավելի շատ ներդրումներ Կասպից ծովից դեպի Սեւ ծով տարանցման եւ վերադարձված տարածքների վերականգնման համար։ Սակայն այդ առաջարկները պետք է արվեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը Ղարաբաղի հայերի համար ապահովի անվտանգության եւ մարդու իրավունքների երաշխիքներ, համաձայնի ճանաչել Հայաստանի հետ սահմանը եւ այնպիսի տարանցիկ ճանապարհը դեպի Նախիջեւան, որը չի խաթարում հայկական պետության ինքնիշխանությունը։

 

Ռուսաստանը չի կարող որեւէ համաձայնագրի միջազգային լեգիտիմություն ապահովել, իսկ ԵՄ-ն կարող է։ Բացի այդ, նա պետք է օգտագործի իր տնտեսական ազդեցությունը Թուրքիայի վրա՝ աջակցելու Երեւանի եւ Անկարայի միջեւ սահմանի բացման համաձայնությանը։

 

-Հայաստանում շատերը կարծում են, որ ԵՄ-ն իրական օգնություն չի ցուցաբերի Հայաստանին, քանի որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը սկսելուց եւ նրա հանդեպ պատժամիջոցներ սահմանելուց հետո էապես մեծացել է Ադրբեջանի դերը՝ որպես նավթի եւ գազի այլընտրանքային մատակարարի։ ԵՄ-ն փաստացի աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա։

 

- Գազի եւ նավթի այն ծավալները, որոնք Ադրբեջանը կարող է լրացուցիչ մատակարարել, շատ սահմանափակ են։ Ադրբեջանն ավելի կարեւոր է որպես Ղազախստանից եւ, հնարավոր է, Թուրքմենստանից գազի եւ նավթի տարանցիկ երկիր։ Սակայն դրա համար ժամանակ կպահանջվի, եւ Ռուսաստանը կփորձի խանգարել։ Ես չէի գերագնահատի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցը Բաքու, քանի որ դա ռազմավարական այց չէր, որի մասին որոշումը ընդունվել էր ԵՄ անդամ երկրների եւ կառույցների կողմից, այլ հենց իր՝ ֆոն դեր Լեյենի կողմից, ով ցանկանում էր բարձրացնել իր հեղինակությունը էներգետիկ դիվերսիֆիկացման հարցերում։ Բայց, ամեն դեպքում, մարդու իրավունքների հարցերում լռությունը խնդրահարույց է, եւ ԵՄ-ի կողմից ավելի հստակ ձեւակերպումների կարիք կա։

 

- Հայաստանում (Ադրբեջանի հետ սահմանին) ժամանակավորապես տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը եւ, ըստ Ձեզ, պե՞տք է երկարաձգվեն դրա տեղակայման ժամկետները։

 

- Դա առաջին քայլն է հակամարտության միջազգայնացման ուղղությամբ, որն ապահովում է ավելի մեծ թափանցիկություն եւ կանխել է Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումները։ Կարծում եմ, որ առաքելության աշխատանքը պետք է երկարաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանի շուրջ համաձայնագիր ձեռք կբերվի եւ կհամաձայնեցվեն այլ չլուծված հարցերը։ Իմ կարծիքով, այս առաքելությունը ցույց է տալիս ԵՄ-ի աճող կամքը՝ հանդես գալու որպես հակամարտության կարգավորման դերակատար։ Մենք միշտ ավելիին ենք ձգտում, բայց սա արդեն ինչ-որ արդյունք է:

 

- Տեսնու՞մ եք ԵՄ-ի եւ Ռուսաստանի կողմից կողմերին առաջարկվող միջնորդական մոդելների միջեւ սկզբունքային տարբերություններ։ Այս ձեւաչափերի միջեւ մրցակցությունը կարո՞ղ է Հայաստանի համար նոր խնդիրներ առաջ բերել։

 

- Ռուսաստանը բանակցային ձեւաչափում հետապնդում է նաեւ իր շահերը, մինչդեռ ԵՄ-ն առաջարկում է օգնության ձեւաչափ, որը չեզոք հարթակ է ապահովում բանակցությունների համար՝ առանց արտաքին ազդեցության: Կարծում եմ, Մոսկվան դա ընկալում է որպես մրցակցություն, քանի որ կորցնում է ազդեցությունը հակամարտող կողմերի վրա։ ԵՄ-ն փորձում է հնարավորինս չեզոք լինել՝ շատ չհրահրելով Ռուսաստանին։

 

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ «հայկական կողմը պնդում էր դրան Էմանյուել Մակրոնի մասնակցությունը»։ Ալիեւը կկարողանա՞ «դուրս մղել» Մակրոնին կարգավորման գործընթացից։

 

- Կարծում եմ, որ Մակրոնի դերը բանակցություններում հակասական է, քանի որ նա դիտարկվում է որպես կողմնակալ՝ ի տարբերություն Շառլ Միշելի, ով ավելի չեզոք է։ Բաքուն Մակրոնին չի ճանաչում որպես բանակցող կամ միջնորդ, եւ գուցե իմաստ ունի նվազեցնել նրա դերը։ Նրա մասնակցությունը կարող է հակաարդյունավետ լինել եւ հանգեցնել հենց նրան, ինչ տեսանք այս դեպքում՝ հանդիպման չեղարկմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին