Ռուբեն Վարդանյան. Անկախությունը կենացով ու խոսքերով չեն պահում - Mediamax.am

exclusive
28491 դիտում

Ռուբեն Վարդանյան. Անկախությունը կենացով ու խոսքերով չեն պահում

Լուսանկարը`


Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Մեդիամաքսին:

 

- Պարոն Վարդանյան, վերջին օրերին Արցախի բնակչությունը զրկված է գազամատակարարումից եւ կանգնած է հումանիտար բնույթի խնդիրների առաջ: Մի քանի օր առաջ Դուք եղել եք Արցախում՝ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

 

- Իսկապես, օրեր առաջ եմ եղել Արցախում, որտեղ հանդիպել եմ  տարբեր մարդկանց, տարբեր ոլորտների ներկայացուցիչների եւ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկացված եմ իրավիճակին եւ ծանոթ եմ խնդիրներին: Փորձում եմ ամեն  ինչ անել, որպեսզի օգնեմ լուծումներ գտնել: Մենք անընդհատ կապի մեջ ենք Արցախի ղեկավարության հետ, եւ փորձում ենք հասկանալ՝ ինչպես կարող ենք  արագ օգնել մարդկանց:

 

- Կոնկրետ ծրագրեր ներկայում իրականացնո՞ւմ եք այնտեղ:

 

-Այո, ինչպես գիտեք, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով մենք ուղիղ աջակցության ծրագրեր ենք իրականացնում Արցախում, որոնք շարունակական են լինելու: Արդեն իրականացվել են 1,7 միլիոն դոլարի աջակցության եւ զարգացման ծրագրեր, մեկնարկի փուլում են եւս 500 հազար դոլարի ծրագրեր: Դրանք իրականացվում են կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, ինչպես նաեւ սոցիալական ուղղվածություն ունեն:

 

Ուզում եմ ընդգծել, որ Արցախը, ինչպես եւ միշտ ասել եմ,  թիվ մեկ առաջնահերթությունն է ինձ համար եւ շատ կարեւոր ներկայացվածություն ունի մեր տարբեր նախաձեռնություններում:

 

- Ձեր վերջին օրերի հարցազրույցները, որտեղ խոսել եք աշխարհաքաղաքական  ներկա իրավիճակի, Հայաստանի վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունների մասին, քննարկման թեմա են դարձել սոցիալական ցանցերում: Հատկապես այն հատվածը, երբ խոսել եք տարբեր հավանական սցենարների, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխանությանն անդրադարձող սցենարների մասին հարցին:

 

- Համոզված եմ, որ մենք միշտ պարտավոր ենք թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակաշրջաններում քննարկել, հասկանալ զարգացման բոլոր հնարավոր սցենարները: Ինչպես գիտեք, ես եւ իմ գործընկերներն ավելի քան քսան տարի առաջ սկսել էինք «Հայաստան 2020» նախաձեռնությունը, որի ներքո Հայաստանի զարգացման տարբեր սցենարներ էին մշակվել: Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ իրականացան ոչ լավագույն սցենարները:

 

Այսօր եւս կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի սցենարներ կան, եւ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ռուս-ուկրաինական իրադարձությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Մենք չենք կարող չմտածել, չխոսել այդ մասին եւ ձեւացնել, թե դրանք մեզ հետ ոչ մի կապ չունեն:  

 

Այս իրավիճակում պետք է հնարավոր ամեն ինչ անենք՝ ռիսկերը նվազեցնելու եւ հնարավորություններն ընդլայնելու համար:

 

Մենք քիչ ժամանակ ունենք։ Պետք են արագ, պրոֆեսիոնալ եւ հետեւողական քայլեր։ Եթե ճիշտ չարձագանքենք այս իրադարձություններին, հնարավոր է անգամ վնասներ կրենք: Ե՛վ հնարավորությունները, եւ՛ ռիսկերը խորքային քննարկումներ են պահանջում բոլոր կողմերի՝  եւ՛ կառավարության, եւ՛ մասնավոր հատվածի մասնակցությամբ։

 

Էլիտան հենց նրա համար է էլիտա, որպեսզի գիտակցի՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ իրավիճակում, քննարկի, ինչ պիտի անենք այս կամ այն սցենարի դեպքում: Ընդ որում, սա միայն կառավարության ու Ազգային ժողովի խնդիրը չէ, այլ բոլոր այն առողջ ուժերի, որոնք շահագրգռված են մեր պետականության պահպանմամբ ու ամրապնդմամբ:

 

Մենք առերեսվում ենք լուրջ մարտահրավերների: Այս իրադրությունում մենք պետք է դիտարկենք համընդհանուր մոբիլիզացիան, նաեւ՝ ռազմական: Արդյոք մենք պատրա՞ստ ենք սրան։

 

Մենք կախված ենք սննդամթերքի ներկրումներից, վառելիքի գներից: Գազի գինը աշխարհում 3000 դոլարի է հասնում, Հայաստանին այն  Ռուսաստանը վաճառվում է 160 դոլարով: Այս իրողություններում ինչպիսի՞ ինքնիշխանության մասին կարող ենք խոսել:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, այն ինձ համար եղել եւ մնում է առանցքային արժեք: Եվ իմ ամբողջ գործունեությունն ուղղված է եղել Հայաստանի անկախության ամրապնդմանը եւ Արցախի անվտանգության ուժեղացմանը: Բայց անկախությունը կենացով ու խոսքերով չեն պահում, դրա համար պետք է աշխատանք, կամք եւ նվիրում:

 

- Ռուս-ուկրաինական հակամարտության դեռ սկզբից Դուք հայտարարեցիք, որ պատերազմը պետք է կանգնեցնել որքան հնարավոր է շուտ: Հակամարտությունը դեռ շարունակվում է: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

 

- Ես իմ հարցազրույցներից մեկում արդեն մեկ անգամ առիթ ունեցել եմ մեջբերելու եւ հիմա էլ ուզում եմ կրկնել Մայր Թերեզայի խոսքերը: Երբ նրան առաջարկել են միանալ ընդդեմ պատերազմի անցկացվող երթի, նա հետաքրքիր պատասխան  է տվել՝ ասելով. «Ոչ, ես չեմ միանա ընդդեմ պատերազմի երթին: Ես կմիանամ, եթե այն լինի հանուն խաղաղության»: Սա կարեւոր ուղերձ է եւ խորը իմաստ ունի: Այդ ուղերձն է ընկած մեր մի շարք նախաձեռնությունների՝ UWC Դիլիջանի միջազգային դպրոցի, «Ավրորա»  համաշխարհային նախաձեռնության հիմքում: Մարդիկ պետք է ընդհանուր հայտարարի գան, տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ պետք է խոսեն միմյանց հետ եւ ոչ թե ոչնչացնեն միմյանց:

 

Ի վերջո, պատերազմը մի օր ավարտվելու է. եթե այս ամենը կանգնեցնելու միջոց չգտնենք եւ ուղիներ չգտնենք այդ ամենից հետո ապրելու համար, պետք է մեզ հարց տանք՝ իսկ հետո ի՞նչ է մեզ սպասվում:

 

Ես խորապես համոզված եմ, որ միայն երկխոսության ու շփման  միջոցով է հնարավոր խաղաղության հասնել ու այն պահպանել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին