Դրո Քոչարյան. Հայաստանը պիտի սնուցի աճի մտածելակերպը - Mediamax.am

exclusive
18233 դիտում

Դրո Քոչարյան. Հայաստանը պիտի սնուցի աճի մտածելակերպը

Դրո Քոչարյանը
Դրո Քոչարյանը

Լուսանկարը` DISQO Armenia

Լուսանկարը`


DISQO Armenia-ն վերջերս նշեց իր 3-րդ տարեդարձը։ Ընկերության առաքելության, ձեռքբերումների եւ «գաղտնի բաղադրիչի» մասին Մեդիամաքսը զրուցել է DISQO-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանի հետ։

 

- Ինչպե՞ս հանդիպեցին DISQO-ի հիմնադիրները եւ ինչպե՞ս 2015թ. «ծնվեց» DISQO-ն։

 

- Մենք (Արմեն Աճեմյանը, Արմեն Պետրոսյանը եւ ես) ծանոթացել ենք ընդհանուր ընկերների միջոցով եւ անմիջապես լեզու գտել սպառողական տվյալների, դրանցով կայացրած մարքեթինգային եզրակացությունների (insights) ու տեխնոլոգիաների հանդեպ մեր ընդհանուր «մոլուցքի» շուրջ: Յուրաքանչյուրս տարբեր դիտանկյուններից էինք նայում շուկայի հետազոտության ոլորտում առկա մարտահրավերներին: Նկատել էինք, որ բրենդները ցածր որակի եւ մակարդակի սպառողական եզրակացություններ (consumer insight) են վերհանում կամ գնում՝ դրանց հիմքում եղած տվյալների անորակ լինելու պատճառով: Խնդիրը նրանում էր, որ չունեին հուսալի եւ վստահելի հարթակ այդ տվյալները կամ եզրակացությունները ստանալու համար:

 

Ես անձամբ զրուցել էի առաջատար մարքեթոլոգների հետ, ովքեր պարծենում էին իրենց տվյալահեն որոշումներով, բայց չէին էլ պատկերացնում, որ այդ որոշումների հիմքում եղած տվյալների մեծ մասը մաքուր աղբ է՝ դրանց հավաքագրման վատ եղանակների ու մոտեցումների պատճառով: Միեւնույն ժամանակ նաեւ հասկանում էինք, որ այդ նույն շուկայական հետազոտություններին մասնակցող մարդիկ էլ էին շատ վատ փորձառություն են ունենում: Նրանց համար այս գործընթացը հիմնականում ոչ թափանցիկ, անվստահելի եւ անվարձահատույց էր։ Այս ընդհանուր պատկերացումներով գիտակցեցինք շուկայում առկա բացը ու հասկացանք, որ միասին կարող ենք ավելի լավ լուծում գտնել։

Արմեն Աճեմյանը, Արմեն Պետրոսյանը եւ Դրո Քոչարյանը Արմեն Աճեմյանը, Արմեն Պետրոսյանը եւ Դրո Քոչարյանը

Լուսանկարը` DISQO Armenia

Այսինքն՝ ստեղծել ավելի շահավետ ու բարենպաստ փորձառություն այն մարդկանց համար, որոնք համաձայն են իրենց սպառողական կարծիքով ու փորձով կիսվել բրենդերի հետ, ու դրանով էլ նպաստել ավելի բարձր որակի տվյալների հավաքագրմանը՝ ստույգ ու որակյալ եզրակացություններ ստանալու համար: Այսպիսով` ծնվեց DISQO-ի գաղափարը, որն եկավ մեկ ընդհանուր հարթակով երկկողմանի լուծում տալու։

 

- Ո՞րն էր DISQO-ի առաքելությունը եւ ինչպիսի՞ն է ընկերության այսօրվա տեսլականը:

 

- DISQO-ն ծնվեց սպառողական եզրակացությունների ամենավստահելի հարթակը ստեղծելու առաքելությամբ՝ բրենդների աճը խթանելու համար:

 

Առհասարակ, բրենդներն անմասն են մարդկանց սպառողական սովորությունների, վարքի, ապրելաոճի ու ընդհանուր փորձառության ձեւավորման հարցում։ Մեր տեսլականում այն աշխարհն է, որտեղ մարդիկ ներգրավված են այս գործառույթում՝ իրենց իսկ փորձառությունը բարելավելու համար, ու որտեղ նրանք ունեն այդ վստահելի ու թափանցիկ հարթակը իրենց տեղեկություններով կիսվելու համար։  Այսպես են մեր առաքելությունն ու տեսլականը փոխկապակցված սկզբնական շրջանում մեր տեսած հնարավորության հետ: Օգնելով մարդկանց բարելավել իրենց փորձառությունը՝ տեղեկությամբ կիսվելով՝ համալրում ենք մեր սպառողական եզրակացությունների պլատֆորմը որակյալ տվյալներով՝ արդյունքում շահելով մեր հաճախորդ ընկերությունների վստահությունը եւս։ Այսինքն՝ DISQO-ն երկկողմանի վստահություն ստեղծելու հարթակ է։

 

- Ստարտափի հիմնադրումից երեք տարի անց բացեցիք հայաստանյան գրասենյակը։ Ինչպե՞ս հանգեցիք այս որոշմանը: Հետահայցք գցելով՝ ինչպե՞ս կգնահատեք արդյունքները։ Արդարացե՞լ են Ձեր սպասելիքները։

 

- Մենք կարիք ունեինք ընդլայնելու մեր պրոդուկտի մշակման եւ զարգացման թիմերը (product development and operations teams): Նախկինում ես աշխատել էի հայկական թիմերի հետ ու տեղյակ էի Երեւանում եւ դրանից դուրս գոյություն ունեցող կադրային ներուժի մասին: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ժամային գոտիների տարբերությունները նույնպես հնարավորություն էին տալիս նպաստելու ընկերության աճի արագացմանը՝ 24/7 գործունեությամբ: Այս գործոնները Հայաստանում գրասենյակ հիմնելու որոշմանը պատճառները դարձան, եւ այժմ մեր ակնկալիքներն ավելի քան արդարացել են: Հայաստանյան թիմում այս պահին 100-ից ավելի աշխատակից է ներգրավված, ովքեր մեր արագ աճի մի մասն ու պատճառն են կազմում: Այժմ էլ շարունակում ենք ընդլայնել թե՛ թիմը եւ թե՛ գրասենյակը։

 

Նաեւ հպարտորեն եմ նշում, որ այս երեք տարիների ընթացքում հասցրել ենք հայկական տեխնոլոգիական համայնքի զարգացման համար կարեւոր դեր ստանձնել՝ տարբեր ձեւաչափերով կրթական ծրագրերի ու փորձաշրջանների իրականացմամբ։ Միայն 2021 թվականին վերապատրաստել ենք շուրջ 150 մասնագետի՝ համագործակցելով մի շարք կրթական կենտրոնների եւ կազմակերպությունների հետ ինչպիսիք են Armenian Code Academy-ն (ACA), ԱՏՁՄ-ն (Առաջատար տեխնոլոգիաների ու ձեռնարկատիրության միություն), Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) հետ:

Դրո Քոչարյանը Դրո Քոչարյանը

Լուսանկարը` DISQO Armenia

DISQO-ի գերարագ զարգացման այս փուլում ու աճի այս տեմպում նման արդյունքներ գրանցելը խոսում է տեղի որակյալ ու արդյունավետ տաղանդի ու ներուժի մասին, ինչի համար էլ համարում եմ մեր սպասելիքներն արդարացված։

 

- Ի՞նչ հաջողությունների եք հասել անցած երեք տարիների ընթացքում որպես ընկերություն:

 

- Ակտիվորեն աշխատել ենք մեր պրոդուկտների զարգացման ու բարելավման վրա։ 175 աշխարհահռչակ բրենդեր, 125 խոշորագույն հետազոտական ընկերություններ, եւ 35 առաջատար գովազդային գործակալություններ այժմ օգտվում են մեր տեխնոլոգիական լուծումներից։ Արդյունքում 2021 թվականին գրանցեցինք մեր դեռեւս խոշորագույն հաջողություններից մեկը՝ $‌85 մլն B սերիայի ներդրում: Այս կապակցությամբ մեր ներդրողներից մեկը լավագույնս նկարագրեց մեզ՝ նշելով, որ մեր հարթակը ընկերությունների մարքեթինգի տնօրենների համար արդիական առաջնահերթությունների լուծում է տրամադրում` տվյալահեն որոշումների կայացում, ավտոմատացում եւ սպառողների փորձառության բարձրացում:

 

- Ինչո՞վ է DISQO-ն առանձնանում ոլորտի այլ նմանատիպ ընկերություններից: Ո՞րն է «գաղտնի բաղադրիչը»:

 

- DISQO-ի «գաղտնի բաղադրիչը» բարձր տեխնոլոգիական լուծումներով շուկայական հետազոտությունների ու գովազդի ոլորտ բերած նորարարությունն է։

 

Մեր ստեղծած հարթակը միավորում է սպառողի կարծիքային ու պահվածքային տվյալները՝  բրենդներին հնարավորություն տալով ավելի լավ հասկանալ, թե մարդիկ ինչ են մտածում եւ անում։ Ավելին, մեր հարթակի թե կարծիքային եւ թե պահվածքային տվյալները միավորվում են տարբեր աղբյուրներից, որն անսովոր ու հզոր լուծում է մեր հաճախորդների  համար։ Օրինակ՝ հնարավորություն ենք տալիս մի քանի կայքերում կամ սոցիալական մեդիայի հարթակներում առաջխաղացրած գովազդների արդյունքը մեկ ընդհանուր գործիքով չափել մի քանիսի փոխարեն։ Մեր լսարանը 100%-ով մեզ է պատկանում եւ այդ լսարանի յուրաքանչյուր անդամ իր համաձայնությամբ է կիսվում իր կարծիքով ու վարքագծով՝ դրա դիմաց պարգեւատրում ստանալով։  Արդյունքում՝ խոշոր ընկերություններն ավելի վստահելի ու օբյեկտիվ պատկերացում են կազմում իրենց բրենդի առաջխաղացման եւ սպառողների փորձառությունների բարելավման հնարավորությունների մասին: Այս սկզբունքով հավաքագրված տվյալները կոչվում են զրոյական տվյալներ (0 party data), որը նշանակում է, որ դրանք հենց սպառողի կողմից են տրամադրված՝ իրենց համաձայնությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքագրվելու փոխարեն։ Սա ոլորտում ապագայամետ նորարարություն է, որ հետաքրքրում է առաջատար մարքեթոլոգներին։

 

Այսպիսով, մեր տրամադրած նման ապագայամետ լուծումների համակարգը մեր հաճախորդներին շուկայական առավելություն է տալիս եւ դառնում DISQO-ի հաջողության «գաղտնի բաղադրիչը»։

 

- Մարդիկ ցանկացած ընկերության աճի կենտրոնական սյունն են: Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մարդակենտրոն մոտեցումը էական է թիմի արտադրողականությունը բարձրացնելու համար: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում դա անել: Ի՞նչ մոտեցումներ ունեք։

 

- Թիմում ներդրում ենք անում՝ «ծառայող ղեկավարություն» կամ servant leadership մոտեցմամբ՝ ստեղծելով սեփականության, հաշվետվողականության եւ թիմային աշխատանքի զգացողության: Մենք միասին ապրում ենք...  պարբերաբար նշում ենք մեր արժեքները, որոնցից մեկը թափանցիկությունն է: Միասին մշակում ենք ընկերության նպատակները: Թիմի յուրաքանչյուր անդամ ունի անհատական նպատակներն ու գլխավոր արդյունքների (Objectives and Key Results) սահմանումը, որոնք օգնում են հասնել թիմի եւ ընկերության նպատակներին: Մշտապես ինքներս չափում ենք մեր աշխատանքը, կանոնավոր եւ թափանցիկ կերպով տեղեկացնում միմյանց, թե ինչպես են ընթանում գործերը: Բոլորը տեղյակ են, թե ինչպես է DISQO-ն աշխատում, եւ ինչպես է նրանց անհատական ներդրումն առաջընթաց ապահովում:

 

- Հայաստանում շարունակաբար ասվում է, որ մարդիկ ամենակարեւոր կապիտալն են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ներուժ ունի Հայաստանն այստեղ՝ մարդկային կապիտալի առումով։

 

- Հայաստանում կադրային ներուժը, կարծում եմ, անսահման է։ Թե որպես ազգ եւ թե որպես ժողովուրդ, երկիրը բազմաթիվ մարտահրավերների է բախվել, սակայն այդ մարտահրավերներն են, որ նոր ուժ են տալիս ու նոր հնարավորություններ ստեղծում:

Դրո Քոչարյանը Դրո Քոչարյանը

Լուսանկարը` DISQO Armenia

Տեխնոլոգիական աշխարհում իրենց տեղը գտնելու ձգտումն ու STEM ուղղությամբ կենտրոնացումն էլ բարենպաստ դիրք են ստեղծում տեխնոլոգիաների եւ տվյալների ոլորտում հետաքրքրություն եւ ընդունակություն ունեցողների համար՝ հատկապես հիմա, երբ աշխարհի ամենաարագ զարգացող ընկերությունները հուսահատորեն կադրեր են փնտրում:

 

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը եւ ինչպե՞ս կարող ենք հայտնվել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա:

 

- Այստեղ շատ մեծ առաջընթաց եմ տեսնում: Տեղական տեխնոլոգիական համայնքը շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում զարգացման հնարավորությունները թե Երեւանում թե դրանից դուրս։ Մարդիկ էլ տեղեկացված են այդ հնարավորությունների մասին։ Մեր յուրաքանչյուր կրթական ծրագիր ամեն անգամ ողողվում է հարյուրավոր հայտերով, ինչը, կարծում եմ, աճի մտածելակերպի դրսեւորումներից է:

 

Իմ թիվ մեկ խորհուրդը կլինի հենց այս աճի մտածելակերպի սնուցումը, պահպանումն ու զարգացումը՝ միջազգայնորեն բարձր դիրքեր գրավելու համար: Զուգահեռաբար բազմաթիվ հաջողության պատմություններ են հարկավոր` թե տեղի եւ թե միջազգային հարթակներում: Աճը աճ է ծնում, իսկ աճի մասին պատմությունները կատալիզատոր են:

 

- Հայկական սփյուռքի դերն ու ներուժն անփոխարինելի են երկրի աճի համար։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է սփյուռքն արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանում, եւ ի՞նչ պետք է անել դրան աջակցելու համար:

 

- Սփյուռքի կապը հայ ժողովրդի հետ յուրահատուկ է: Մենք եզակի դիրքում ենք եւ կարող ենք օգնել միմյանց թե աշխատատեղերի ստեղծման եւ կարիերայի աճի հնարավորությունների, թե բիզնեսի եւ առեւտրային հաջողության հարցերում:

 

Հայաստանում մարդիկ եւ ընկերություններն անհավանական հնարավորություն ունեն հենց հիմա: Համավարակը կտրուկ փոխել է հեռավար աշխատանքի վերաբերյալ կորպորատիվ մտածելակերպը՝ ստեղծելով ավելի շատ գործարար կապեր սահմաններից այն կողմ: Աշխարհագրական տեղն այլեւս այն պատնեշը չէ, ինչ նախկինում էր: Տեխնոլոգիական ոլորտի մասնագետները երկար ժամանակ է, ինչ մեծ պահանջարկ ունեն, եւ այդ պահանջարկն այժմ հասնում է գագաթնակետին՝ աշխատանքային ռեսուրսների պակասի պատճառով, ինչն ազդում է ամբողջ աշխարհում գործող ընկերությունների վրա: Այստեղ է, որ պիտի գործի դնել սփյուռքի կապերն ու գիտելիքը տաղանդի զարգացման ցանցային համակարգ կառուցելով։

 

DISQO-ում մենք արագ քայլեր ենք ձեռնարկել՝ ուսումնասիրելու, թե ինչպես լավագույնս կարող ենք օգտագործել եւ ընդլայնել լայնորեն ցրված եւ հեռավար աշխատուժը, Հայաստանի պարագայում` նաեւ մարզային զարգացման ուղին ընտրելով:

 

Դրո Քոչարյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին