Գաբրիել Աբադ Ֆերնանդես. Մեր շրջանավարտները սիրահարվում են Հայաստանին - Mediamax.am

exclusive
27319 դիտում

Գաբրիել Աբադ Ֆերնանդես. Մեր շրջանավարտները սիրահարվում են Հայաստանին

Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը
Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը`


Համավարակի ընթացքում UWC Dilijan դպրոցը շարունակել է անխափան աշխատանքը եւ դասերը: Միջնակարգ կրթության վերջին երկու տարիների՝ 16-19 տարիքային խմբի վրա կենտրոնացած եւ յոթնամյա պատմություն ունեցող միջազգային դպրոց–կացարանը կարողացել է բարելավել իր հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով՝ չնայած COVID-19 համավարակի եւ Ղարաբաղյան պատերազմի մարտահրավերներին:

 

2021/23 ուսումնական տարիների ընդունելությունն ընթանում է դպրոցի նկատմամբ աճող հետաքրքրության պայմաններում: Այս տարի UWC Հայաստանի ազգային կոմիտեն Հայաստանից եւ Արցախից 20 տեղի համար ստացել է 281 դիմում: Նրանց մեծ մասը հաճախելու է UWC Dilijan՝ չորսը UWC այլ դպրոցներ Գերմանիայում, Իտալիայում եւ Տանզանիայում:

 

Մենք զրուցել ենք UWC Դիլիջանի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսի հետ:

 

- Այս տարին չափազանց բարդ էր բոլորիս եւ, մասնավորապես, ուսումնական հաստատությունների համար: Ո՞րն է եղել եւ շարունակում է մնալ ամենամեծ մտահոգությունն այս ուսումնական տարում:

 

- Երբ 2020 թ.-ին համավարակը սկսվեց, եւ մենք ստիպված եղանք մեր ուսանողներին տուն ուղարկել (տրամադրելով կացարան Դպրոցում նրանցից 36-ին, ովքեր չէին կարողացել վերադառնալ իրենց ընտանիքներ), մենք չգիտեինք, թե ինչ է սպասվում ապագայում: Միայն գիտեինք, որ դպրոցի խորհուրդը, ղեկավարությունը եւ անձնակազմը վճռական էին տրամադրված եւ պատրաստ էին ամեն ջանք գործադրել՝ ապահովելու մեր ուսանողների առցանց ուսուցումը՝ ուսումնական տարին ավարտելու համար: Մենք ջանացինք ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ տվեցին դպրոցի գեղեցիկ եւ ընդարձակ կամպուսը օրինակելի դարձնել COVID-19–ի պայմաններում աշխատանքի տեսանկյունից եւ սկսեցինք ինտենսիվ հաղորդակցություն մեր աշակերտների ծնողների հետ առցանց հանդիպումների եւ հատուկ միջոցառումների միջոցով` UWC Դիլիջանի ոգին պահպանելու համար:

Լուսանկարը` UWC Dilijan

Միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ մենք ընդունեցինք 225 ուսանողների 80 երկրներից եւ 2020թ. սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում դպրոցում լիարժեք մեկնարկեց ուսուցումը:

 

Մենք զգուշավոր լավատեսությամբ էինք մոտենում վիրտուալ բաց դռների օրերի պլանավորմանը եւ 2021/22 ուսումնական տարիների ընդունելության հայտարարմանը: Սեպտեմբերի 27-ին մենք անձնակազմով ուղեւորվել էինք Հաղարծին վանական համալիր եւ հենց այնտեղ սկսեցինք լուրեր ստանալ Արցախում ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես դրանք ազդեցին մեր տրամադրության վրա:

 

Սա մեզ համար նոր մարտահրավեր էր. անհրաժեշտ էր վստահեցնել մեր ուսանողներին, աշխատակիցներին եւ ծնողներին, որ ստեղծված իրավիճակը չի ազդի մեր գործունեության վրա: Բացի այդ, հարկավոր էր միասնականություն ցուցաբերել մեր հայ ուսանողների եւ աշխատակիցների հետ, որոնց կյանքի վրա ուղղակիորեն ազդում էր պատերազմը։

 

Այսօր՝ մեկ տարի անց, մայիսի 22-ին կայանալիք ավարտական արարողությունը կկայանա առցանց: Անգամ այս պայմաններում մեր ուսանողներն ու անձնակազմը տոկունություն ցուցաբերեցին, մեր ծնողները վստահություն արտահայտեցին UWC Դիլիջանի հանդեպ, իսկ մեր միջազգային խորհուրդը եւ բոլոր դոնորները հայտնեցին իրենց անսասան աջակցությունը դպրոցին:

 

Միջազգային հարթակում UWC Դիլիջանը բարձր գնահատանքի է արժանացել՝ համավարակի, պատերազմի եւ Հայաստանում քաղաքական անկայունության ողջ ընթացքում դպրոցի գործունեությունը չդադարեցնելու համար: Աշխարհում գործող 18 UWC դպրոցներից միակն ենք եղել, որն այս տարի գրեթե անխափան ուսումնական գործընթաց է ապահովել: Մի քանի երկրներից ուսանողներ տեղափոխվեցին մեզ մոտ, օրինակ՝ Հնդկաստանում գտնվող UWC Մահինդրայից։

 

- Արդյո՞ք դպրոցում եղել են COVID-19-ով վարակվելու դեպքեր:

 

- Այո, եղել են: Վարակվածների թվում, դժբախտաբար, ես էլ եմ եղել: Շատ լավ է, որ կամպուսի տարածքը եւ շինությունները թույլ են տալիս տեղավորել ուսանողներին եւ անձնակազմին՝ ապահովելով նրանց մեկուսացումը: Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարությունն օգնել է մեզ մշակել ընթացակարգեր՝ բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները ձեռնարկելու համար, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը աջակցել է երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունների տրամադրմանը առաջին իսկ հնարավորության դեպքում: UWC Դիլիջանը չէր կարող այս ամենն անել առանց կառավարության աջակցության:

 

- Ի՞նչ կասեք դպրոցի դասախոսական կազմի մասին:

 

- Մենք ունենք 14 երկրներից ժամանած 34 մասնագետներից բաղկացած դասախոսական կազմ: Հատկապես հպարտ եմ այն փաստով, որ նրանց շարքերը համալրված են հիանալի հայ դասախոսներով: Դասախոսներից երեքը սփյուռքի ներկայացուցիչներ են (Լիբանան, Եգիպտոս, Սիրիա) եւ մենք հույս ունենք ավելի շատ սփյուռքահայ մասնագետների ներգրավել: Մեր վարչական եւ օժանդակ անձնակազմի բոլոր ներկայացուցիչները ազգությամբ հայեր են: Դպրոցի հաջողության հասնելու մեջ մեծ է հայկական անձնակազմի ներդրումը. նրանք մեր առաջնային եւ ամենակայուն կապն են ապահովում Հայաստանի հետ:

 

- Ինչպե՞ս է ֆինանսավորվում UWC Dilijan-ը:

 

- UWC Dilijan-ը հանդիսանում է UWC համաշխարհային կրթական շարժման անդամ, եւ ինչպես շարժման մյուս 17 անդամները, դպրոցը ստեղծվեց որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը ղեկավարվում էր Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված կամավոր հիմունքներով գործող խորհրդի կողմից: Որեւէ անձ կամ կազմակերպություն չի կարող ֆինանսական օգուտ ստանալ դպրոցից: UWC շարժման մյուս բոլոր դպրոցների նման, այն նույնպես ֆինանսավորվում է վճարների եւ բարեգործական նվիրատվությունների համադրությամբ: 2014 թվականին հիմնադրվելուց ի վեր, դպրոցը ստացել է ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական նվիրատվություն 20 երկիր ներկայացնող շուրջ 650 նվիրատուներից՝ դպրոցի կապիտալ ծախսերի եւ կրթաթոշակների ֆինանսավորման համար: Մենք ձգտում ենք ունենալ տարբեր երկրներ եւ սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր ներկայացնող ուսանողական կոնտինգենտ՝ առաջարկելով նրանց ճկուն կրթաթոշակային ծրագիր: Ուրախ ենք, որ ավելի շատ ծնողներ են նախընտրում UWC Դիլիջանը: Սա վկայում է մեր աճող միջազգային հեղինակության եւ Հայաստանի` որպես աշխարհի ամենահյուրընկալ երկրներից մեկի համբավի մասին:

Լուսանկարը` UWC Dilijan

UWC Դիլիջանի հիմնադիրները ստեղծել են ոչ միայն այս գեղեցիկ դպրոցն իր հարակից տարածքներով, այլեւ բարեկարգել են շրջակա տարածքները եւ հսկայական ներդրումներ արել: Ստեղծված զբաղվածության հնարավորություններից բացի, Դիլիջանը եւ հարակից շրջանները զարգանում են նաեւ իրականացվող մշակութային, կրթական եւ քաղաքաշինական այլ նախագծերի միջոցով, ինչպիսին են Դիլիջանի համայնքային կենտրոնը, Քաղաքային զբոսայգին եւ եկեղեցին: Այսօր Դիլիջանում կարելի է գնել իսպանական ձիթապտուղ, չինական արիշտա եւ պիցցա, որոնք անմիջապես տուն են առաքվում: Կարծում եմ՝ մեր դպրոցը կարեւոր դեր է խաղացել հայ գործարարների համար այս բոլոր հնարավորությունները ստեղծելու հարցում:

 

- Որքանո՞վ են հիմնադիրներն անձամբ մասնակցել Դիլիջանի զարգացմանը եւ դրա հետ կապված նախագծերին:

 

- Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը 149.7 միլիոն ԱՄՆ դոլար են ներդրել UWC Դիլիջանի կառուցման նախագծի մեջ, եւ ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար՝ դպրոցի գործառնությունները ֆինանսավորելու համար: Մեր հիմնադիրները շատ առատաձեռն են եղել` այս ֆանտաստիկ էկոհամակարգը ստեղծելու եւ Դիլիջանն ու հարակից շրջանները զարգացնելու հնարավորություն ընձեռելու հարցում։ Ի հավելումն UWC Dilijan-ի ներդրումների, նրանք 43 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել (ներառյալ բոլոր հողերը, շինարարությունը, բարեկարգումները եւ այլ նախագծեր) Դիլիջանի զարգացման գործում: Նրանք նաեւ ցուցաբերել են ոչ դրամային զգալի օգնություն UWC Dilijan-ի եւ այլ նախագծերի համար՝ ներգրավելով հետագա դրամային եւ ոչ դրամային այլ ներդրումներ:

 

- Ինչու՞ որոշում կայացվեց այդքան մեծ գումար ներդնել մեկ դպրոցի մեջ, այլ ոչ թե այն բաշխել Հայաստանի տարածքում գործող բազմաթիվ այլ դպրոցների միջեւ:

 

- Նրանց տեսլականն է Հայաստանը դարձնել համաշխարհային մակարդակի միջազգային կրթության եւ տարածաշրջանային կրթական եւ մշակութային կենտրոն, ինչը կնպաստի երկրի դերի եւ հեղինակության բարձրացմանը աշխարհում: Սա իր հերթին թույլ կտա կրթել միջազգային շրջանավարտների, որոնք կմեծանան Հայաստանի ընկալմամբ եւ գնահատմամբ՝ հետագայում ներկայացնելով մեր երկրի շահերը: Մյուս կողմից, սա հսկայական ներդրում է մշակութային, կրթական եւ գիտական միջազգային փոխանակման ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում: Հիմնադիրների ու նրանց գործընկերների տեսլականն այսօր ներառում է ոչ միայն ներկայիս Հայաստանը, այլ առավելապես միտված է օգնելու կերտել երկրի ապագան: Լինելով խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող փոքր երկիր, Հայաստանի հիմնական հարստությունը նրա ժողովուրդն է, եւ դպրոցի հիմնադիրները հնարավորություն են ստեղծում միջազգային հանրությանը ներկայացնելու հայ ժողովրդի տաղանդներն ու կարողությունները, որոնք իրենց հերթին կնպաստեն Հայաստանի յուրօրինակ բրենդի կատարելագործմանը:

 

- Քանի՞ ուսանող է ամբողջական եւ մասնակի կրթաթոշակ ստացել այս յոթ տարվա ընթացքում UWC Դիլիջանում սովորելու համար:

 

- 7 տարվա ընթացքում 722 ուսանողներից 89.6% -ը ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ են ստացել: Նրանցից 30%-ի ուսումը ֆինանսավորվել է ամբողջական կրթաթոշակի միջոցով:

 

- Քանի՞ հայ ուսանող է ստացել ամբողջական եւ մասնակի կրթաթոշակ UWC Դիլիջանում եւ աշխարհում UWC այլ դպրոցներում սովորելու համար:

 

- Հայաստանաբնակ ուսանողներին 75 կրթաթոշակ է հատկացվել UWC Դիլիջանում եւ աշխարհում գործող UWC այլ դպրոցներում սովորելու համար: Վեց հայ ուսանողներ եղել են անմիջապես Դիլիջանից եւ Տավուշի մարզից: Բացի այդ, եւս 21 երեխա Դիլիջանից եւ Տավուշի մարզից մասնակցել է ամառային ծրագրերի:

 

- Քանի՞ աշխատատեղ է ստեղծվել Դիլիջանում եւ Տավուշի մարզում կրթական եւ զարգացման այլ ծրագրերի շրջանակներում:

 

- 2010-2014 թվականներին իրականացվող UWC Դիլիջանի շինարարության ընթացքում 2 000 աշխատանքային պայմանագրեր են կնքվել, 330 մշտական աշխատեղ էր բացվել Դիլիջանի տեղական բնակչության համար, եւս 73 անձ մշտական աշխատանքի է տեղափոխվել Դիլիջան, որոնցից 40-ը (չհաշված ընտանիքի անդամներին) ներկայում 14 երկրների քաղաքացիներ են: Ընդհանուր առմամբ, ներկայում դպրոցի գործունեությունն ապահովում է 195 մարդու զբաղվածությունը: 84 մարդ անմիջականորեն է ներգրավված UWC Դիլիջանի աշխատանքներում, իսկ մնացածը դպրոցի հետ պայմանագիր ունեցող ընկերությունների միջոցով են աշխատում դպրոցի հետ: Դիլիջանում բնակվող ընտանիքների 5%-ը կանոնավոր եկամուտ է ստանում զարգացման ծրագրերում ներգրավվածության շնորհիվ:

 

- Որքա՞ն հարկ է վճարվել Հայաստանի բյուջե Դիլիջանում դպրոցի կողմից իրականացված զարգացման եւ կրթական ծրագրերի շրջանակներում:

 

- 2010 թվականից ի վեր պետությանը վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 7,8 միլիոն ԱՄՆ դոլար:

 

- Կարծիք կա, որ UWC Դիլիջանը էլիտար կրթական հաստատություն է՝ նախատեսված օտարերկրյա ուսանողների համար:

 

- Այդ պատկերացումը հիմնավորապես սխալ է: Որպես դպրոց, որտեղ սովորում են 80 ազգություններ եւ հասարակության տարբեր շերտեր ներկայացնող աշակերտներ, մենք ձեւավորել ենք յուրօրինակ բազմազանությամբ աչքի ընկնող համայնք, որը ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել ոչ միայն այլ ազգեր եւ մշակույթներ, այլ նաեւ տարբեր սոցիալ-տնտեսական խմբեր ներկայացնող ուսանողների հետ: Այս ուսումնական տարվա ընթացքում խոցելի խմբերի ընտանիքների ուսանողների 83 տոկոսին տրամադրվել է ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ:

Լուսանկարը` UWC Dilijan

Սա սոցիալական վերելք է, գերազանց կրթություն ստանալու հնարավորություն, որը հետագայում նորանոր դռներ կբացի: Մյուսներին սա նաեւ հնարավորություն է ընձեռում ընդլայնել իրենց մտահորիզոնը եւ զարգացնել հարաբերություններ երիտասարդների հետ, որոնց հետ սովորական պայմաններում շփման հնարավորություն չէին ունենալու, ինչպես նաեւ օգնում է դառնալ ավելի ապրումակցող եւ շահագրգռված՝ հասարակությունում հաճախ հանդիպող խոչընդոտները հաղթահարելու համար: Այս մոտեցումն արտացոլում է UWC շարժման հիմնադիր Կուրթ Հանի տեսլականը:

 

- Ինչպե՞ս կարող են օտարերկրյա ուսանողներն օգնել Հայաստանին:

 

- Արտերկրից ժամանած ուսանողները իրազեկություն են ապահովում Հայաստանի մասին եւ ողջ կյանքի ընթացքում ջերմ վերաբերմունք պահպանում երկրի հանդեպ: Լինում են դեպքեր, երբ նրանք իրենց ընտանիքների հետ են այստեղ վերադառնում: Բացի այդ, մեր ուսանողները կարող են փոխել աշխարհը դեպի լավը:

 

Ուրախությամբ ուզում եմ կիսել մեր շրջանավարտներից մեկի պատմությունը` պատմություն ոչ միայն աջակցության կարիք ունեցողներին օգնելու ցանկության, այլ նաեւ իրական գործողություններ ձեռնարկելու եւ փոփոխություններ բերելու մասին: Անցյալ ամռանը հայկական հիվանդանոցները ծանրաբեռնված էին եւ պայքարում էին COVID-19-ով վարակված հիվանդների բուժօգնությունն ապահովելու համար: Լսելով այս մասին՝ Վրաստանից 2020 թ. UWC Դիլիջանի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին որոշեց օգնել: Նա ստորագրահավաք կազմակերպեց, որով Վրաստանի կառավարությունը հորդորեց օգնություն առաջարկել Հայաստանին: Մոտ երկու ժամվա ընթացքում այս ստորագրահավաքը լուսաբանվեց տարածաշրջանի խոշոր լրատվամիջոցների կողմից եւ սոցիալական ցանցերում, որից հետո Վրաստանը պատրաստ էր օգնել իր հարեւանին: Հաջորդ օրը 18-ամյա Սանդրոն հայ եւ վրացի լրագրողներից ավելի քան տասը հարցազրույցի հայտ ստացավ եւ դարձավ մեր հերոսը:

 

Ընդհանրապես, վստահորեն կարող եմ ասել, որ բոլոր շրջանավարտները սիրահարվում են Հայաստանին եւ հայ ժողովրդին:

 

Օրինակ, Յեպե Ստրենդսն ավարտել է դպրոցը 2018 թվականին եւ նախընտրել է չընդունվել համալսարան: Փոխարենը, նա հիմնել է հայկական գյուղերի աջակցության հասարակական կազմակերպություն, մշակել է չորս կրթական նախագիծ եւ 12 կամավորներից բաղկացած խումբ է ղեկավարում: Նա հավատարիմ է Հայաստանին օգնելու գործին: Եվ մենք նման այլ օրինակներ ունենք:

 

- Ի՞նչ կասեք հայ ուսանողների մասին: Արդյո՞ք նրանք հակված են հեռանալ Հայաստանից ՝ արտերկրի համալսարաններ ընդունվելու եւ այլեւս չվերադառնալու համար:

 

- Մեր դպրոցը դեռ բավականին երիտասարդ է, որպեսզի լիարժեք պատկերացում ունենանք. մեր առաջին շրջանավարտներն ավարտել են համալսարանները 2020 թվականին: Բայց կան բազմաթիվ առանձին օրինակներ, որոնք վկայում են, որ նրանք ձգտում են վերադառնալ եւ նպաստել Հայաստանի զարգացմանը: Օրինակ՝ Միքայել Սիմոնյանը, որը մեր շրջանավարտների առաջին հոսքից էր եւ ավարտել էր UWC Դիլիջանը 2016-ին, ընդունվեց ամերիկյան համալսարան, վերադարձավ Հայաստան եւ ստեղծեց սեփական դիզայներական հագուստի «MISCHA» ապրանքանիշը: Նրա ընկերությունը տեղակայված է Տավուշի մարզում, որտեղ եւ կարվում է հագուստը: Համավարակի ընթացքում բիզնես սկսելը Միքայելի համար հեշտ չի եղել, բայց նա հաջողության հասնելու համար բավականաչափ վստահություն ունի: Հաշմանդամություն ունենալը նրան չի խանգարում իր առջեւ բարձր նպատակներ դնել: Նա նոր է ընդունվել Փարսոնս Փարիզ, որը Փարսոնս Դիզայնի դպրոցի եվրոպական մասնաճյուղն (Նյու Յորքի բազմապրոֆիլ համալսարանի՝ The New School-ի մասնաճյուղը): Ես գիտեմ, թե ինչպիսի մրցակցություն է լինում նման դպրոցներում, եւ մենք շատ հպարտ ենք Միքայելով: Վստահ եմ, որ մենք դեռ կլսենք նրա մասին:

 

- Ինչպե՞ս է ընթանում նոր ուսումնական տարվա ընդունելությունը:

 

- Մենք ունենք 115 տեղ, եւ ուրախ ենք դպրոցի նկատմամբ դրսեւորվող հետաքրքրությամբ: Ծնողները անվտանգ վայր են փնտրում իրենց երեխաների կրթության համար, եւ մենք կարծես կարողացել մեզ լավագույնս դրսեւորել շատ դժվար հանգամանքներում: Այսօր հաճախ են խոսում այն մասին, որ գողտրիկ Հայաստանում մի հրաշալի դպրոց կա:

 

Այս տարի UWC Հայաստանի ազգային կոմիտեն Հայաստանից եւ Արցախից 20 տեղի համար ստացել է 281 դիմում: Նրանց մեծ մասը հաճախելու է UWC Dilijan՝ չորսը UWC այլ դպրոցներ Գերմանիայում, Իտալիայում եւ Տանզանիայում:

Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը

Լուսանկարը` UWC Dilijan

Հետաքրքիր փաստ կա կրթաթոշակներից մեկի մասին: Նույնիսկ ես բազմիցս լսել եմ «Միմինոյի»՝ խորհրդային ժամանակների սիրված ֆիլմի մասին, որի հերոսները Թելավի քաղաքից եւ Դիլիջանից են: Այսպես, երբ մեր խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը իմացավ, որ վրացական Թելավիից դիմորդ ունենք, նա առաջարկեց, որպեսզի մշակենք «Միմինո» կրթաթոշակը, որի համար մենք մարդկանց ներգրավեցինք Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից եւ Շվեյցարիայից: Այժմ մենք հրաշալի պատմություն ունենք` օտարերկրյա ուսանողներին պատմելու համար:

 

- ՀՀ կառավարությունը աջակցու՞մ է UWC Դիլիջանին:

 

- Հայաստանի կառավարության աջակցությունը UWC Դիլիջանին վկայում է այն մասին, որ այն առաջնահերթություն է տալիս կրթությանը եւ այն համարում է անվտանգության երաշխիք: UWC Դիլիջանը UWC (Միացյալ համաշխարհային քոլեջներ) դպրոցների գլոբալ կրթական շարժման անդամ է, որի առաքելությունն է «կրթությունը վերածել մարդկանց, ազգերը եւ մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության եւ կայուն ապագայի»։ UWC Դիլիջանը գործում է արդեն յոթ տարի եւ պատրաստվում է դեռ երկար աշխատել: Մենք հպարտությամբ ծածանում ենք հայկական դրոշը մեր կամպուսի մուտքի մոտ եւ պարտավորվում ենք շարունակել աշխատել ի շահ մեր հյուրընկալ երկրի եւ, շատ առումներով, նրա անունից: Հայաստանը կարող է հպարտանալ մեր դպրոցով: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ միջազգային խոշոր կրթական կենտրոնից հեռու դպրոց հիմնելը հաջողություն կբերեր: Նախքան այստեղ տեղափոխվելը, ես 18 տարի աշխատել եմ Սինգապուրի UWC South East Asia դպրոցում, որն ուներ հսկայական բազա: Բայց ես համոզված եմ, որ UWC Դիլիջանի ազդեցությունը շատ ավելի զգալի եւ հարատեւ է լինելու. այն ինձ եւ այստեղ ապրող շատ այլ օտարերկրացիների ստիպեց դառնալ ABC (Armenian by choice՝ «ընտրությամբ հայ»):

 

- UWC Դիլիջանը սերտ կապ ուներ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ դոկտոր Վարդան Գրեգորյանի հետ, ով նախորդ շաբաթ հեռացավ կյանքից:

 

- Աշխարհը կորցրեց իրապես արտակարգ մի անձնավորության: Հայաստանը կորցրեց մեծագույն հայի, UWC Դիլիջանը կորցրեց հավատարիմ բարեկամի, ով ներշնչանքի աղբյուր էր մեզ համար: Հավասար կրթական հնարավորությունների ջատագով լինելով՝ դոկտոր Գրեգորյանը հովանավորում էր անապահով ուսանողների կրթությունը UWC Դիլիջանում: Դոկտոր Գրեգորյանը UWC Դիլիջանի կառավարման խորհրդի պատվավոր անդամ էր, իսկ 2015թ. UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ UWC Դիլիջանի հիմնադիր հովանավոր Նուբար Աֆեյանի հետ համատեղ հիմնադրել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: 2018թ. «21-րդ դարի գրադարանը. լավագույն փորձը եւ միջազգային միտումները» խորագրով միջազգային սիմպոզիումի շրջանակներում UWC Դիլիջանի գրադարանն անվանակոչվեց «Վարդան Գրեգորյան ուսումնառության կենտրոն»: Բնական է, որ մենք պետք է ունենայինք մի վայր, որը կոչվում է մեծ գիտնականի, ուսուցչի եւ մարդասերի անունով, ով ոչ մի վայրկյան չէր մոռանում իր հայկական արմատների մասին: Ի դեպ, ապրիլի 29-ին դոկտոր Գրեգորյանի մասնակցությամբ պատրաստվում էինք նշել իր «Ճանապարհ դեպի տուն. իմ կյանքի պատմությունը» գրքի հայերեն հրատարակությունը: Այժմ միջոցառումը հարգանքի տուրք կլինի մեր համայնքի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին