Ալեքսանդրա Կուիմովա. Երկու երկրներն էլ կվերանայեն զենքի գնումները - Mediamax.am

exclusive
24168 դիտում

Ալեքսանդրա Կուիմովա. Երկու երկրներն էլ կվերանայեն զենքի գնումները

Ալեքսանդրա Կուիմովան
Ալեքսանդրա Կուիմովան

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) սպառազինությունների եւ ռազմական ծախսերի ծրագրի գիտաշխատող Ալեքսանդրա Կուիմովայի հետ

 

- Ձեր վերջին զեկույցի համաձայն, 2016-2020 թթ.-ի ընթացքում սպառազինությունների 69%-ն Ադրբեջանը ձեռք է բերել Իսրայելից: Ինչպիսի՞ն էր Ադրբեջանի սպառազինությունների ներկրման դինամիկան դրան նախորդող 5 տարում:  

 

- 2011-2015թթ.-ին, Ադրբեջանը սպառազինությունների 79%-ը ձեռք էր բերել Ռուսաստանից: Բելառուսը երկրորդ խոշոր զենքի մատակարարն էր Ադրբեջանի համար, 2011-2015թթ.-ին այս երկրին բաժին էր ընկել Ադրբեջանի գնած զենքի 8%-ը:

 

- Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանն Իսրայելից մեծամասամբ ձեռք է բերել հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռներ: Կա՞ն տվյալներ հրթիռների քանակի եւ տեսակների վերաբերյալ:

 

- Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI)  կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, Ադրբեջանը Իսրայելից գնել է մոտ 50 հատ LORA բալիստիկ հրթիռ:  

 

- Ինչ տվյալներ ունե՞ք Ադրբեջանի կողմից 2016-2020 թթ. թուրքական զենքի գնումների վերաբերյալ:

 

- 2015 թվականից ի վեր Ադրբեջանը Թուրքիայից գնել էր հինգ Bayraktar-2 անօդաչու թռչող սարք, 20 ինքնաշարժ hամազարկային ռեակտիվ կրակի համակարգ, 108 ղեկավարվող հրթիռ, 50 ղեկավարվող ռումբ եւ 10 բարձր ճշգրտության հրթիռ:

 

- Զեկույցում ասվում է, որ 2016-2020 թթ. Հայաստանը գնած զենքի 94%-ը արտադրվել է Ռուսաստանում ՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, կործանիչ ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ, հրետանային համակարգեր: Արդյո՞ք 2018-2020 թթ.-ին ռուսական զենքի գնումների կառուցվածքում էական փոփոխություն է եղել:

 

- Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանից հիմնականում ներմուծել է հրթիռային համակարգեր, տարբեր տեսակի հրթիռներ եւ հրթիռային հրետանի: 2019 թվականին Հայաստանը Ռուսաստանից ստացել է նաեւ 4 Su-30SM ռազմական ինքնաթիռ: Դա առաջին անգամն էր, երբ Հայաստանը Ռուսաստանից գնել էր այս տեսակի զինատեսակներ: Ինքնաթիռների գնման նախորդ գործարքը վերաբերում էր 2004 թվականին, երբ Հայաստանը Ռուսաստանից գնել էր երկու օգտագործված տրանսպորտային ինքնաթիռ:

 

- Ձեր կարծիքով, վերջին պատերազմը կազդի՞ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների ծավալների եւ կառուցվածքի վրա:

 

- Այո, պատերազմի արդյունքները կարող են ազդել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ռազմական գնումների ծավալի եւ կառուցվածքի վրա: Երկու երկրներն էլ, ամենայն հավանականությամբ, կվերանայեն եւ կվերագնահատեն զենքի գնումների եւ ռազմական մարտավարությունը՝ հիմնվելով պատերազմից քաղված դասերի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին