Բեռնարդ Քուշներ. «Պետք է խոսեք ձեր թշնամու հետ» - Mediamax.am

exclusive
12656 դիտում

Բեռնարդ Քուշներ. «Պետք է խոսեք ձեր թշնամու հետ»

Բեռնարդ Քուշները
Բեռնարդ Քուշները

Լուսանկարը` Մեդիամաքս


2021 թվականի փետրվարի վերջին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներն այցելել էր Հայաստան եւ Արցախ: Ստեփանակերտից Երեւան վերադառնալուց հետո նա հարցազրույց էր տվել Մեդիամաքսին:

 

- Պարոն Քուշներ, «Ավրորա» նախաձեռնության պատվիրակության ուղեկցությամբ այցելել էիք Արցախ։ Հիմա մենք նստած ենք Երեւանի կենտրոնում եւ պատուհանից լսվում են ընդդիմության հանրահավաքի ձայները։ Ի՞նչ եք զգում հենց հիմա։

 

- Հիմա բարդ ժամանակաշրջան է՝ պատերազմի եւ Հայաստանի եւ Արցախի միջեւ առկա թյուրըմռնման հետեւանքով։

 

Պատերազմի գլխավոր պատճառը Ադրբեջանն էր, Թուրքիան, սիրիացի վարձկանները։ Ես գիտեմ այդ ամենը եւ կտրականապես դեմ եմ այն ամենին, ինչ նրանք արեցին, սպանելով մարդկանց:

 

Այս պահին հետպատերազմյան իրականություն է եւ Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում մենք տեսանք երիտասարդների եւ ծերերի, որոնք մեկուսացված եւ միայնակ էին։ Նրանք անկարող էին խոսել ապագայի մասին։

Բեռնարդ Քուշները Բեռնարդ Քուշները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք շատ մարդկանց հանդիպեցինք, այցելեցինք վերականգնողական կենտրոններ եւ հիվանդանոցներ, խոսեցինք բժիշկների եւ այն մարդկանց հետ, որոնք տակավին վախենում են պատերազմից։

 

Իմ ցանկությունն է, որպեսզի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը ավելի շատ շփվեն, միմյանց ավելի լավ ճանաչեն։ Սրա անհրաժեշտությունը զգացել եմ ոչ միայն ես, այլեւ մեր պատվիրակության անդամները:

 

- 2000-ականների կեսերին Դուք գլխավորում էիք Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարման առաքելությունը։ Կոսովոյի եւ Արցախի միջեւ նմանություն տեսնու՞մ եք:

 

- Մարդիկ նույնն են։ Ոչ ամբողջությամբ, բայց ինչ-որ չափով խնդիրն էլ է նույնը։ Այնտեղ ռուսական զորքերի ուղղակի միջամտություն չի եղել՝ չհաշված մի դրվագ։ Բայց սա Կովկասն է։

 

Թվում էր, որ անհնար է, աներեւակայելի է օգնել Կոսովոյի մարդկանց, որպեսզի նրանք անկախություն ձեռք բերեն, բայց մենք դա արեցինք։

 

Խաղաղապահների ներգրավվածության հետեւանքները երբեք չես կարող կանխատեսել։ Դա միշտ էլ բարդ է։ Ընդգրկուն երկխոսություն է պետք, որը տարիներ կտեւի:

Բեռնարդ Քուշները Բեռնարդ Քուշները

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետք չէ եզրակացնել, թե մենք բոլոր ազգերին նույն հարթության վրա ենք դիտարկում։ Ամենեւին ոչ, բայց երկխոսությունը մնում է երկխոսություն։ Պետք է կարողանաք լսել ե՛ւ ձեր գործընկերներին, ե՛ւ ձեր թշնամիներին։ Սա չի նշանակում, որ պետք է մոռանալ կոտորածների հետեւանքների մասին։ Անհնար է ներել ցեղասպանությունը, բայց եթե խաղաղություն եք ուզում, պետք է խոսեք ձեր թշնամու հետ։

 

- 2007-2010 թվականներին Դուք զբաղվել եք ԼՂ կարգավորմամբ՝ զբաղեցնելովՖրանսիայի արտգործնախարարի պաշտոնը։ Հիմա այցելել եք Արցախ կործանարար պատերազմից հետո։ Որպես նախկին միջնորդ, ի՞նչ էիք զգում:

 

- Իրավասություն չունեմ խոսելու Ֆրանսիայի նախագահի կամ կառավարության անունից, բայց կարծում եմ, որ եթե լինի իրական առաջարկ եւ երկխոսություն սկսելու որոշակի հնարավորություն, Ֆրանսիան եւ Եվրամիությունը միանշանակ կհամաձայնեն` որոշակի լրացուցիչ ուժեր ներգրավվելու համար։

Բեռնարդ Քուշները Բեռնարդ Քուշները

Լուսանկարը` Մեդիամաքս

- 2007-ին, երբ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն էիք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի հետ համատեղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացրեցիք «արդար եւ հավասարակշռված» առաջարկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Ի՞նչ եք կարծում, կա՞ր հնարավորություն կողմերին համոզելու՝ ընդունելու այն:

 

- Կարծում եմ՝ այո: Բայց քանի դեռ այսօր դրա պահանջարկը չկա, չկա նաեւ հնարավորությունը։

 

Որպես առաջին քայլ մենք պետք է փոխենք մթնոլորտը, մարդկանց զգացողությունները։ Դա ժամանակ է պահանջում։

Բեռնարդ Քուշները Բեռնարդ Քուշները

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց պետք չէ մոռանալ, որ Երեւանում եւս շատ բարդ իրավիճակ է, եւ դա խնդրի մի մասն է։ Նախեւառաջ պետք է լուծեք ձեր ներքին խնդիրը։ Նախ պետք է երկխոսեն ձեր կառավարությունն ու ընդդիմությունը։ Սկսեք դրանից:

 

Բեռնարդ Քուշների հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին