Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե. «Լիտվան նման ծրագիր երբեք չէր իրագործել» - Mediamax.am

exclusive
58051 դիտում

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե. «Լիտվան նման ծրագիր երբեք չէր իրագործել»

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն

Լուսանկարը` Լիտվայի դեսպանություն

Լուսանկարը`


Հունիսի 19-ին Հայաստան կժամանի Լիտվայի մասնագետների թիմը` 8 բուժաշխատող եւ 3 փորձագետ: Մեդիամաքսը Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին խնդրել է պատմել, թե ինչպես կայացվեց այս որոշումը: 

 

- Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս որոշվեց բժիշկների խումբ ուղարկել Հայաստան:

 

- Երկու տարի առաջ հայ ժողովուրդը դուրս եկավ փողոց ՝ պահանջելու փոփոխություն եւ ժողովրդավարական բարեփոխումներ. նրանք պահանջում էին վերջ տալ համակարգային կոռուպցիային: Այս զարգացումները դրդեցին Լիտվային՝ այլ դոնորների հետ միասին, ակտիվացնել ներգրավվածությունը, շատ ավելի ակտիվ կիսել փոփոխությունների լիտվական (բավականին թարմ) փորձը եւ դրանով աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին: 

 

Համավարակի դեմ արդյունավետ պայքարը գլոբալ մարտահրավեր է, որը սպառում է շատ ռեսուրսներ, էներգիա եւ կարող է շեղել ուշադրությունը նախկինում մշակված ծրագրերից: Համավարակների համար գոյություն չունի բարենպաստ ժամանակ՝ ոչ Լիտվայում, ոչ Հայաստանում, ոչ էլ այլուր: Սակայն մենք կարծում ենք, որ Հայաստանին աջակցելը հիմա շատ կարեւոր է, որպեսզի բարեփոխումների այն թափը, որը մշակվել է առանցքային ոլորտներում նախքան COVID-19-ի ժայթքումը, չնվազի: Դա է պատճառը, որ COVID-19-ի  դեմ պայքարում Հայաստանին օժանդակելը մեր օրակարգում է, առավել եւս, որ Արեւելյան գործընկերության երկրների հետ համերաշխությունը Լիտվայի համար երբեք դատարկ խոսք չի եղել: Վիլնյուսը հետեւում է COVID-19-ի հետ կապված զարգացումներին ամբողջ տարածաշրջանում, եւ տեսնելով Հայաստանում վարակման դեպքերի աճը, մենք քննարկում էինք Հայաստանին սատարելու հետագա ուղիները:

 

Բժիշկների եւ փորձագետների խումբ ուղարկելու որոշման համար առիթ հանդիսացավ Հայաստանի վարչապետի հանրային կոչը սփյուռքի բժիշկներին՝ օգնության ձեռք մեկնելու մասին, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են: Մի օր ուշ երեկոյան հայկական ԶԼՄ-ներից մեկի հրապարակումները կարդալուց հետո, Լիտվայի մի քանի նախարարությունների եւ մեր դեսպանության միջեւ առցանց քննարկում սկսվեց այն մասին, թե մենք ինչպես կարող ենք օգնել: Արդյո՞ք պետք է հիվանդների ընդունենք: Կամ գուցե բժիշկներ ուղարկենք: Մեր քննարկումներում բավական առաջ էինք գնացել, երբ ստացանք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական դիմումը: Այդ պահին արդեն գիտեինք, որ ունենք բժիշկներ, ովքեր պատրաստ են ժամանել: Լիտվայի արտաքին գործերի, առողջապահության, պաշտպանության եւ ֆինանսների նախարարությունների միջեւ ձեռք բերված համապարփակ համաձայնության շնորհիվ որոշումն ընդունվեց ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում: Մենք կատակում էինք, որ եթե Լիտվան ավելի շատ ինքնաթիռներ ունենար, բժիշկների խումբն արդեն երեկ ժամանած կլիներ: Նման արագությունը, ինչպես նաեւ նման առաքելություն կազմակերպելը մեզ համար աննախադեպ փորձառություն էր: Այն հստակ վկայում է Հայաստանին սատարելու մեր պատրաստակամության եւ նվիրումի մասին: Ուրախ եմ, որ պետական մակարդակով այսպիսի օգնություն առաջարկելու հարցում Լիտվան ու Վրաստանը առաջիններից էին: 

 

- Պատմեք, խնդրեմ, բժիշկների թիմի մասին: Ինչպիսին է կազմը, ե՞րբ են ժամանելու եւ որքա՞ն կմնան Հայաստանում:

 

- Թիմը բաղկացած է 11 մասնագետից: Հունիսի 19-ին նրանք կժամանեն Երեւան եւ  այստեղ կմնան տասնչորս օր: Խմբի բոլոր անդամներն ուղղակիորեն ներգրավված էին Լիտվայում COVID-19-ի դեմ պայքարի գործում: Բժշկական անձնակազմը (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, շտապ օգնության բժիշկներ եւ  խնամողներ) կաշխատի անմիջապես վարակված պացիենտների հետ, իսկ երեք փորձագետները կաշխատեն հայկական հաստատությունների հետ եւ կներկայացնեն առաջարկություններ՝ COVID-19-ի դեմ պայքարի կազմակերպչական եւ լոգիստիկ մասով: Միգուցե որոշ մոտեցումներ, որոնք Լիտվայում արդյունավետ են եղել, կարող են կիրառվել նաեւ Հայաստանում: Մեզ համար կարեւոր է ոչ միայն ժամանակավորապես թեթեւացնել մեկ կամ երկու ծանրաբեռնված հիվանդանոցների աշխատանքը, այլեւ ավելի ծանրակշիռ եւ համակարգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին:- Խմբի անդամները կամավորներ են, թե՞ նրանց հավաքագրել է Լիտվայի առողջապահության նախարարությունը:

 

- Խմբի բոլոր անդամները առաքելությանը մասնակցում են կամավորական հիմունքներով: Այն փաստը, որ նրանք դարձել են կամավոր, չնայած իրենց առողջության համար որոշակի ռիսկերին, վկայում է Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին աջակցելու նրանց մոտիվացիայի մասին: Այս մասնագետները աշխատում են մեր առողջապահության համակարգում, գործուղվող բժիշկները եւ խնամողները Լիտվայի երկու խոշորագույն առողջապահական հաստատություններից են`Լիտվայի առողջապահության համալսարանի Kauno klinikos եւ Վիլնյուսի համալսարանական Santaros Klinikos հիվանդանոցներից: Ժամանող խմբի կազմում ընդգրկված է նաեւ երկու ռազմական փորձագետ Լիտվայի զինված ուժերից (ռազմական բժիշկ եւ լոգիստիկայի փորձագետ): 

 

- Ո՞վ է հոգում խմբի փոխադրման, ինչպես նաեւ Հայաստանում մնալու ծախսերը. Լիտվայի կառավարությունը  թե՞ մասամբ նաեւ հայկական կողմը:

 

- Առաքելության ծախսերը հոգում է Լիտվայի կառավարությունը` Շվեդիայի կառավարության մասնակցությամբ: Շատ ուրախ ենք, որ մեր հյուսիսային հարեւանը միացել է մեզ եւ հոգալու է այս առաքելության բաղադրիչներից մեկի ծախսերը: Շվեդիայի  արտաքին գործերի նախարարությունը հատկացրել է շուրջ 50 հազար եվրո:

 

Խումբը Հայաստան կժամանի Լիտվայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով: Առաքելությունն իր հետ կբերի շուրջ 2 տոննա բժշկական սարքավորումներ եւ պարագաներ, որոնք կմնան Հայաստանում:

Լիտվայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում 2020թ. մայիսին Լիտվայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում 2020թ. մայիսին

Լուսանկարը` Լիտվայի դեսպանություն

Միեւնույն ժամանակ, ցանկանում են անկեղծ շնորհակալություն հայտնել հայկական կողմին `արտաքին գործերի եւ առողջապահության նախարարություններին եւ, իհարկե, հիվանդանոցներին, որտեղ կաշխատի մեր բուժանձնակազմը: Նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար:

 

- Մայիսին Լիտվան մարդասիրական եւ բժշկական օգնություն ուղարկեց Հայաստան. կարո՞ղ ենք ասել, որ բժիշկների առաքելությունը կազդարարի օգնության երկրորդ փուլի մեկնարկը:

 

- Իսկապես, Լիտվայի կառավարությունն արդեն մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանին ՝ COVID-19-ի դեմ պայքարի համար: Լիտվայում արտադրված 10 500 բժշկական դեմքի պաշտպանիչ վահաններ բերվել են Հայաստան եւ բաշխվել հիվանդանոցներում եւ կարանտինային կենտրոններում:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը «Զվարթնոց» օդանավակայանում 2020թ. մայիսին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը «Զվարթնոց» օդանավակայանում 2020թ. մայիսին

Լուսանկարը` Լիտվայի դեսպանություն

Բայց ես առանձնակի հպարտ եմ, որ մեր կառավարությունը կարողացավ արձագանքել ՀՀ կառավարության կողմից երկրորդ օգնության խնդրանքին: Ինչպես արդեն ասացի, Լիտվան նախկինում նման ծրագիր չէր իրականացրել:

 

Ցանկանում եմ նաեւ շեշտել, որ չնայած երկու դեպքում էլ նախագծերը լիտվական են, մեր աջակցությունը տրամադրվել է Team Europe օգնության փաթեթի շրջանակներում՝ որպես Հայաստանին սատարելու ԵՄ-ի ջանքերի մի մաս: Համավարակը գլոբալ է, մենք պետք է համագործակցենք եւ աջակցենք միմյանց, եթե ուզում ենք արդյունավետ լինել այս ճգնաժամի հաղթահարման գործում: Մենք ավելի ուժեղ ենք, երբ միասին ենք գործում:

 

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին