Դեբորա Գրիզեր. Հայաստանում ինձ երբեք օտար չեմ զգացել - Mediamax.am

exclusive
54881 դիտում

Դեբորա Գրիզեր. Հայաստանում ինձ երբեք օտար չեմ զգացել

Դեբորա Գրիզերը
Դեբորա Գրիզերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսը զրուցել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ։ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը նա ստանձնել էր 2016-ին եւ առաքելությունը կավարտի 2020-ին։

 

Փոքրիկ սեղանի շուրջ մեկուկես ժամ զրուցելուց հետո Դեբորա Գրիզերն առաջարկում է «զբոսնել» Երեւանի իր բնակարանում, որտեղ ամուսնու հետ բնակվում է վերջին երեք տարին։

 

Աֆրիկան ու Հայաստանը՝ ձեռք ձեռքի, նրա տան ամեն անկյունում են։ Պատերին ընտանեկան բազմաթիվ լուսանկարներ ու կտավներ են կախված։

 

«Իմ աղջիկը ձեր տարիքին է՝ 24 տարեկան, նա է այս կտավների հեղինակը։ Նայեք այս գույներին։ Նա իսկապես տաղանդավոր է, այնպե՞ս չէ», - հարցնում է Դեբորան։

Լուսանկարը` Դեբորա Գրիզերի արխիվից

Ընտանեկան լուսանկարներից մեկում ժպտում են նրա երկու դուստրերը։

 

«Ես պարզապես շատ էի ուզում երեխա ունենալ։ Իմ նախկին ամուսինն Աֆրիկայից էր, եւ ես որդեգրեցի նրա զարմուհուն, երբ նա 3 տարեկան էր, հետո արդեն դուստր ունեցա։ Այս պահին իմ աղջիկներից կրտսերը սովորում է Ֆիլադելֆիայի համալսարանում, իսկ իմ ավագ դուստրն ու խորթ որդին աշխատում են Վաշինգտոնում։ Իմ աղջիկներն այնքան տարբեր են, մեկը, կարծես, արեւ լինի, մյուսը՝ լուսին։

 

Շատ մեծ ընտանիք ունեմ։ Սա մայրս է, նա նախորդ տարի այցելել էր Հայաստան եւ շատ սիրեց ձեր երկիրը։ Մինչ իմ գալը Հայաստանի մասին շատ բան չէր լսել, եւ առհասարակ, մայրս Միացյալ Նահանգների տարածքը երբեւէ չէր լքել, նույնիսկ անձնագիր չուներ։ Ես էլ ասացի նրան․«Մայրիկ, դու պետք է գաս Հայաստան։ Սա իսկապես հրաշալի վայր է, եւ դու անպայման պետք է այցելես»։ Այնպես որ, կյանքում առաջին անգամ նա լքեց երկիրը, եւ մենք հրաշալի ժամանակ անցկացրինք այստեղ»,- պատմում է Դեբորան։

Լուսանկարը` Դեբորա Գրիզերի արխիվից

- Ձեր սեղանին տիկնի՞կ է։

 

- Հավատում եք, թե ոչ, այդ տիկնիկը ես եմ։ Եղեգնաձորի «Մոշ» ստուդիայի հիմնադիր Արմինեն է ինձ համար այն պատրաստել։ Նա մեր ծրագրերից մեկի՝ «Իմ Հայաստանի» մասնակիցներից է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա համատեղ ծրագիր է Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ եւ Սմիթսոնյան ինստիտուտի միջեւ։ Ծրագրի գաղափարը զբոսաշրջիկներին Երեւանից դուրս տանելն ու նրանց մարզեր «տեղափոխելն» է, հայկական մշակույթի հետ ծանոթացնելը։ Արդյունքում մարզերում բնակվողները զբոսաշրջությունից եկամուտ են ստանում։

 

«Իմ Հայաստան»-ը համատեղում է հետազոտությունները, փաստաթղթերն ու պատմագրությունը համայնքային զբոսաշրջության զարգացման միջոցով մշակութային կայունությունն ամրապնդելու համար։ Այն տեղացի գործընկերներին ներգրավում է համայնքային ոլորտի հետազոտություններում` փաստաթղթավորելու հայկական մշակութային ժառանգությունը եւ ստեղծելու այնպիսի փորձառություն, որը կարող են վայելել զբոսաշրջիկները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնպես որ, ինձ նման մարդիկ՝ որպես զբոսաշրջիկ, կարող են այցելել եւ հանդիպել, օրինակ, Արմինեի հետ, որը Վայոց ձորում տիկնիկներ է պատրաստում։

 

Զբոսաշրջությունը Հայաստանում աճել է: Եվ չնայած ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» նախագիծը չի կարող սրա «դափնիներն» ամբողջությամբ իրեն վերագրել, կարծում ենք, որ դրական միտման մեջ մենք էլ մեր ներդրումն ունենք։

 

- Այս տարի Դուք կավարտեք Ձեր գործունեությունը Հայաստանում։ Ո՞րն էր Ձեր ամենակարեւոր նախագիծը։

 

- Կարծում եմ՝ աշխատանքիս ամենակարեւոր մասը հայերի հետ շփումն ու կապն էր անձնական եւ գործնական հարթություններում, իսկ Թավշյա հեղափոխության շրջանն ուղղակի հիասքանչ էր։ Ինձ ամենից շատ տպավորեց փաստը, որ այն «տնային» հեղափոխություն էր, 100 տոկոսով հայկական։

 

Նախորդ 28 տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն մի շարք քայլեր էր նախաձեռնել Հայաստանում քաղաքացիական հասարակության, երիտասարդության եւ անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար, եւ հաճելի էր տեսնել այն կարեւոր դերը, որ ունեցան այս խմբերը իշխանության խաղաղ փոխանցման գործում:

Դեբորա Գրիզերը Դեբորա Գրիզերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ եկա Հայաստան, USAID- ի բյուջեն կրճատվել էր՝ հասնելով ամենացածր մակարդակին: Դժբախտաբար, առաջին քայլերից մեկը, որը ստիպված էի անել, մեր աշխատակիցներից մի մասին աշխատանքից ազատելն էր, ինչը շատ դժվար էր անել, բայց նվազող բյուջեն այլ ելք չէր թողնում՝ քիչ ծրագրեր, հետեւաբար՝ ավելի քիչ անձնակազմ: Մենք շարունակում էինք աշխատել եւ շարունակ շեշտում էինք, որ աշխատում ենք տեղական կազմակերպությունների միջոցով եւ ուղղակիորեն կառավարության հետ, քանի որ այն ավելի ծախսարդյունավետ եւ կայուն մոտեցում էր։

 

Հետո տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցումը։ ԱՄՆ Կոնգրեսը հաստատում է ԱՄՆ արտաքին օգնության բյուջեն, որը ստանում են հարյուրավոր երկրներ։ Հայաստանի պարագայում ԱՄՆ կառավարությունը որոշեց, որ Թավշյա հեղափոխությունը եւ խաղաղ իշխանափոխությունը նոր հնարավորություններ են ստեղծել՝աջակցելու Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին:

Դեբորա Գրիզերը Դեբորա Գրիզերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուստի մենք քրտնաջան աշխատեցինք, որպեսզի այդ հնարավորությունների մասին իրազեկվեն Վաշինգտոնում գտնվող մեր գործընկերները։ Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչներին հրավիրեցինք Հայաստան՝ հանդիպելու նոր կառավարությանը եւ սեփական աչքով տեսնելու այդ հնարավորությունները։ Արդյունքում 2018 թվականին Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ բյուջեն ավելացավ 88 %-ով։

 

- Երբ խոսում եք Հայաստանի մասին, Դուք ժպտում եք, նաեւ շարունակ փորձում եք հայերեն բառեր կիրառել։ Ինչպե՞ս սկսեցիք սիրել մեր երկիրը։

 

- Հայաստանում ինձ ամենուրեք շատ ջերմ են ընդունել։ Ես ինձ երբեք օտար չեմ զգացել, թեեւ տեղացիներից տարբերվող արտաքին ունեմ։ Հայաստանում մարդիկ շատ հյուրընկալ են ու ընկերասեր։ Սա մի վայր է, որտեղ դու քեզ երջանիկ ես զգում եւ ուզում ես մնալ։

 

Այստեղ տեսնելու շատ գեղեցիկ բաներ կան, շատ սարեր կան, ինչն անչափ կարեւոր է ինձ համար, որովհետեւ իմ հայրենի քաղաքում ոչ մի սար չկա։ Ես ու ամուսինս սիրում ենք արշավների գնալ եւ միշտ բազմաթիվ տարբերակներ ենք գտնում։ Այս երկիրը սիրելու բազմաթիվ պատճառներ կան։ Շատ տպավորիչ էր Թավշյա հեղափոխությունը, որն իմ կյանքի ամենավառ դրվագներից էր։ Հեղափոխության ընթացքում իմ երկու դուստրը այստեղ էին եւ շատ ոգեշնչված էին տեսնել, թե ինչպես է հեղափոխությունը մոբիլիզացվել հասարակ քաղաքացիների կողմից, տեսնել ժողովրդավարությունը գործողության մեջ։

 

- Ամեն շաբաթ կարող ենք տեսնել Ձեզ Նորքի մանկատանը: Հարցը կարող է շատ անձնական հնչել, բայց ի՞նչ եք անում այնտեղ:

 

- Այն իմ սիրելի վայրերից մեկն է, որտեղ այցելում եմ հանգստյան օրերին։ Ես կաթոլիկ եմ։ Եվ երբ եկա այստեղ ու լսեցի Նորք Մարաշում գտնվող մանկատան մասին, սկսեցի գնալ այնտեղ ամեն կիրակի՝ մտածելով, որ գնում եմ պատարագի։

 

Այնտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող 20 երեխա, բոլորն էլ բարեգործ քույրերի հոգածության ներքո են։ Նրանց տեսնելուց հետո այդ վայրը սկսեց դառնալ իմ ամենշաբաթյա կյանքի մի մասը։

Դեբորա Գրիզերը Դեբորա Գրիզերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես օգնում եմ քույրերին երեխաներին խնամելու հարցում, երբեմն ուղղակի կերակրում եմ, երբեմն խաղում եմ նրանց հետ։ Այդ երեխաներից շատերը չեն կարող խոսել, չեն կարող քայլել, բայց նրանք երջանիկ են եւ քեզ են երջանկացնում։

Չնայած հաշմանդամությանը, նրանք շարունակում են շատ դրական լինել, եւ ես տեսել եմ, որ այդ երեխաներից ոմանց որդեգրել են արտասահմանցի, ինչպես նաեւ հայ ընտանիքներ։ Այն, որ նրանց մասին այսուհետ հոգ են տանելու մանկատնից դուրս, ընտանեկան միջավայրում, շատ ոգեւորող է։

 

Եվ ես սիրում եմ երեխաներին։ Ես սիրում եմ երեխաներին, որովհետեւ… Նայեք իմ նկարներին։ Դուք տեսնո՞ւմ եք, թե որքան մեծ է իմ ընտանիքը։ Ես ապրել եւ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ երեխաներն ամենուր էին։ Ես մեծ ընտանիքից եմ սերում եւ մեծացել եմ վեց քույրերիս ու եղբայներիս հետ, եւ այս պահին իմ ծնողները 27 թոռ ունեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Եվ ընտրության այլ հնարավորություն ուղղակի չեք ունեցել։

 

- Ճիշտ այդպես։ Ընտրության այլ հնարավորություն, քան երեխաներին սիրելը, ուղղակի չեմ ունեցել։

 

Բայց ինչ վերաբերում է Հայաստանում իմ հանգստյան օրերին, ես շատ սիրում եմ ճանապարհորդել մարզերում, հանդիպել մեր ծրագրերի աշխատակիցներին ու մասնակիցներին, տեղացի ընտանիքներին ու երեխաներին։ Երբ սկսում ես ուսումնասիրել նրանց կյանքը, գնահատում ես նրանց կենսակերպը։

 

Ես շփվում եմ այնպիսի մարդկանց հետ, որոնք գուցե բարձր եկամուտ չունեն, բայց կիրք են տածում իրենց աշխատանքի հանդեպ եւ շատ նվիրված են։ Նրանցից շատերը դարձել են իմ ընկերները։

 

Ես նաեւ շատ եմ ընթերցում մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն։ Բոլոր ժամանակների իմ ամենասիրելի հեղինակները Հեմինգուեյն ու Ջոն Սթայնբեքն են։

 

- Ձեր աշխատանքային օրը սովորաբար գրասենյակո՞ւմ եք անցկացնում։

 

Ես նկատել եմ, որ Դուք սիրում եք դրսում աշխատել։ Օրինակ՝ այսօր ինչո՞վ եք զբաղվել։

 

- Այո, ես սիրում եմ աշխատել դրսում, որպեսզի տեսնեմ մեր նախագծերը, որովհետեւ ես սիրում եմ ոչ թե լսել, թե մենք ինչ ենք անում, այլ ուղղակիորեն կապի մեջ լինել այդ ամենի հետ։ Դա օգնում է ինձ հասկանալ կյանքը եւ մեր նախագծերի կարեւորությունը Հայաստանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր հանդիպել եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ քննարկելու մեր նոր նախագիծը, որով նախատեսում ենք Շիրակի եւ Լոռու մարզերում կենտրոններ կառուցել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որպեսզի օգնենք նրանց ավելի անկախ լինել։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են գնալ այդ կենտրոնները եւ ասել՝ ես խնդիր ունեմ, եւ այս կամ այն ծառայությունը հասանելի չէ ինձ համար։ Եվ կենտրոնն այդ մարդկանց կուղղորդի այնտեղ, որտեղ նրանք կարող են աջակցություն ստանալ։

 

- Ինչո՞ւ եք սիրում Ձեր աշխատանքը USAID-ում։

 

- USAID առաքելությունն իմ տարերքն է։ Սա մի բան է, ինչին անձամբ ես հավատարիմ եմ։ Ես սիրում եմ աշխատել, որովհետեւ հավատում եմ իմ աշխատանքին։ Աշխատանքի նպատակն ու արդյունքն ինձ առաջ մղող ուժն են։

 

Օրինակ՝ այս աշխատանքի շնորհիվ ես ծանոթացել եմ Զառայի եւ Վահագնի հետ, երկուսն էլ արվեստագետ են եւ ապրում են Սիսիանում։ Մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ այցելեցի նրանց, տեսա, որ մի փոքր ստուդիա ունեն, բայց ամեն ինչ անում են եւ շատ ջանասիրաբար աշխատում են այն մեծացնելու համար, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ կարողանան կավե սպասք գնել։

 

Մեկ տարի հետո, երբ նորից այնտեղ գնացի, տեսա, որ նրանք երկրորդ սրահն են բացել եւ զբոսաշրջիկների համար լանչ են պատրաստում։ Գիտեք, երբ մարդիկ ասում են, որ USAID նախագծերից որեւէ մեկը փոխել է իրենց կյանքը, չափազանց կարեւոր է ինձ համար, այն ինձ ուժ է տալիս, այն ինձ առաջ է մղում եւ մոտիվացնում։

 

- Իսկ կա՞ մի կիրք, որ փոխել է Ձեր կյանքը։

 

- Պատմեմ այն փորձառության մասին, որը փոխեց իմ կյանքը։ Մանկությունս անցկացրել եմ Միացյալ Նահանգների կենտրոնում գտնվող փոքրիկ քաղաքում։

Դեբորա Գրիզերը Դեբորա Գրիզերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայերի մեծ մասը ճանաչում է Արեւելյան ափը, Արեւմտյան ափը, բայց ոչ ոք չի գնում ԱՄՆ կենտրոնական մասը։ Ես հենց այդ միջանկյալ հատվածից եմ, շատ փոքրիկ քաղաքից։ Ինչպես արդեն պատմեցի, ոչ մայրիկս, ոչ էլ քույրերից ու եղբայրներից որեւէ մեկը երբեք չէր լքել Միացյալ Նահանգները։ Երբ երիտասարդ էի, մի օր արթնացա ու ասացի՝ ուզում եմ գնալ Աֆրիկա ու միանալ Խաղաղության կորպուսին։ Այն ինձ շատ էր հետաքրքրում, եւ ես շատ էի ուզում ուժերս այնտեղ փորձել, որովհետեւ ինձ դուր է գալիս մարդկանց օգնելու եւ աջակցելու գաղափարը։ Պետք է գնայի Մալավի՝ մի փոքրիկ երկիր Հարավային Աֆրիկայում։

 

Երբ ընտանիքս լսեց իմ ծրագրերի մասին, միաձայն ասաց՝ ոչ, եւ նրանց մոտ շոկ սկսվեց։ Բայց ես թողեցի ընտանիքս, քաղաքս, ստորագրեցի փաստաթղթերն ու գնացի Մալավի։ Այնտեղ առաջին անգամ լսեցի USAID-ի մասին։ Երբ ավարտեցի ծառայությունս Խաղաղության կորպուսում, միացա USAID-ին։ Ահա թե ինչպես եմ հիմա այստեղ եւ ինձ իսկապես երջանիկ եմ զգում։

 

- Պատրա՞ստ եք լքել Հայաստանը։

 

- Դժվար է հեռանալ, քանի որ ինձ իսկապես դուր է գալիս այստեղ ապրել, եւ ես վայելում եմ իմ այստեղ գտնվելը։ Սակայն երբ արտաքին ծառայության մեջ ես, պետք է պահպանես անձնական կյանքիդ եւ աշխատանքիդ հավասարակշռությունը։

 

Ամուսինս նույնպես վայելում է Հայաստանը, քանի որ Ամերիկյան համալսարանում է աշխատում։

 

Այս տարի կվերադառնանք Վաշինգտոն, բայց լավ նորությունն այն է, որ մեր երեխաներն են այնտեղ եւ մենք նրանց ավելի մոտ կլինենք։ Բայց ես հաստատ կվերադառնամ Հայաստան։

 

Դեբորա Գրիզերի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին