Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ - Mediamax.am

exclusive
5090 դիտում

Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ

Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ

 

- Պարոն Գեւորգյան, հատկապես վերջին շրջանում մամուլում ակտիվացել Ձեր անվան հետ կապվող տարբեր վարկածներն ու շահարկումները: Ի՞նչ կասեք այդ մասին:

 

- Գիտեք, ես վարկածների եւ բամբասանքների հանդեպ շատ երկար տարիների իմունիտետ ունեմ։ Դրանց վերաբերվում եմ որպես փաստ, եւ հնարավորության դեպքում՝ հումորով։ Եթե կասեք, թե կոնկրետ որ մեկին անդրադառնամ՝ սիրով։

 

- Մասնավորապես, կարծիքներ են հնչում քաղաքական կյանքում ձեր հնարավոր դերակատարության մասին:

 

- Միակ ճշմարտությունն այնն  է, որ պետական համակարգից դուրս գալուց հետո ես զբաղեցնում եմ «Արինս գրուպ» ընկերության վարչության նախագահի պաշտոնը եւ իմ ողջ ժամանակը եւ կարողությունները ներդնում եմ իմ նոր աշխատանքի մեջ, որը անչափ հետաքրքիր է եւ հեռանկարային։ 

 

Ես մայիսի 8-ին Բաղրամյան 26-ում դիմավորեցի նորընտիր վարչապետին, ինձնից կախված ամեն ինչ արեցի՝ առաջին օրերին աշխատանքի բնականոն շարունակման համար եւ, հաջողություն մաղթելով նոր իշխանություններին, դուրս եկա պետական համակարգից։  

 

 

Իմ կյանքի այս փուլում ինձ տեսնում եմ բացառապես մասնավոր հատվածում, մեր երկիր ներդրումներ, նոր նախագծեր բերելու գործում, եւ ես այստեղ իմ գիտելիքն ու փորձը կարող եմ մեծ արդյունավետությամբ օգտագործել։ 

 

Ես հոգնել եմ պետական ծառայությունից, իսկ քաղաքական պրոցեսներով երբեք, եւ առավել եւս՝ հիմա, հետաքրքրված չեմ։

 

- Ի՞նչ կասեք նոր կառավարության գործունեության մասին:

 

- Իրականում նոր կառավարությունը քիչ ժամանակ է ունեցել տեսանելի արդյունքներ ցույց տալու համար։ Նրա իրական գործելու ժամանակը գալու է արտահերթ ընտրություններից հետո։ Որպես պետական մտածողության կրող մարդ, որը պետական համակարգում աշխատանքի երկար փորձ ունի, կարող եմ ասել, որ որեւէ կառավարության ձախողումը միայն կառավարության կամ կոնկրետ անձերի ձախողումը չէ, այլ՝ պետության, երկրի ձախողումը, այնպես որ չեմ պատկերացնում մի բանական մարդու, որը շահագրգիռ կլինի կառավարության ձախողման մեջ։ 

 

 

Ես իսկապես կուզեմ, որ կառավարությունը լավ արդյունքներ արձանագրի։  Իհարկե, կան ռիսկեր, կան մտավախություններ, կան պրոցեսներ, որոնք կցանկանայի, որ այլ կերպ ընթանային, բայց կարծում եմ՝ դրանք տեսանելի են նաեւ կառավարությանը եւ ընտրություններից հետո որոշակի շտկումներ, հուսով եմ, կարվեն։  

 

- Իսկ ի՞նչ զարգացումներ կան ձեզ առաջադրված մեղադրանքի հարցում։

 

- Ես այս թեմայով գիտակցաբար չեմ խոսել եւ այսօր էլ կանեմ նույնը։ Ես հակված եմ խնդրին նայել որպես իրավական պրոցեսի, երբեք չեմ խուսափել, խոչընդոտել քննության ընթացքին: Հուսով եմ, որ խելամիտ ժամկետներում իրավական ճանապարհով այս թեմային վերջակետ կդրվի, քանի որ ես օրենքի եւ իմ խղճի առաջ ինձ բացարձակ հանգիստ եւ վստահ եմ զգում։ 

 

Արմեն Գեւորգյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին