Արմեն Գեւորգյան․ «Պետական համակարգը պետք է անխափան աշխատի» - Mediamax.am

exclusive
7563 դիտում

Արմեն Գեւորգյան․ «Պետական համակարգը պետք է անխափան աշխատի»


Լուսանկարը` PAN Photo


ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն ասել է, որ «պետական համակարգը պետք է անխափան աշխատի՝ անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից»։

«Խոսքը գնում է պետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին», - նշել է Արմեն Գեւորգյանը Մեդիամաքսի հետ զրույցում։

 

«Իմ զբաղեցրած պետական պաշտոնը ենթադրում է մի շարք գործառույթներ։ Որեւէ պետական պաշտոնյա այսօր իրավունք չունի խուսափել իր աշխատանքային պարտականոթյունները բարեխղճորեն կատարելուց, քանի որ դա կարող է վտանգել մեր երկրի եւ քաղաքացիների բնականոն կյանքը։

 

Անկախ սպասվող զարգացումներից եւ նոր իշխանության ձեւավորման ընթացքից, բոլոր պետական պաշտոնյաները պետք է հստակ կատարեն իրենց գործառույթները։ Եթե երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, դա չի նշանակում, որ զինվորները պետք է թողնեն ծառայությունը եւ սահմանից տուն վերադառնան։ Նույնը վերաբերվում է նաեւ պետական պաշտոնյաներին», - ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը։

 

Արմեն Գեւորգյանը հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացները Հայաստանում կզարգանան բացառապես խաղաղ եւ օրինականության սահմաններում։

 

Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով իր հետագա պաշտոնավարման հարցը, փոխվարչապետի պաշտոնակատարն ասել է, որ կշարունակի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

 

«Անկախ զբաղեցրած պաշտոնից, ես միշտ փորձել եմ ծառայել եւ օգտակար լինել պետությանը։ Վստահ եմ, որ բոլորս, անկախ զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից, պարտավորություն ունենք մեր երկրի հանդեպ՝ հատկապես այս պատասխանատու ժամանաշրջանում», - ասել է Արմեն Գեւորգյանը։ Նա նաեւ հիշեցրել է, որ փորձառություն ունի մասնակցելու Հայաստանի համար կարեւոր ծրագրերի իրագործմանը՝ աշխատելով պետական համակարգից դուրս։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին