Արմեն Գեւորգյան. «Պետք են ոչ ստանդարտ լուծումներ» - Mediamax.am

exclusive
30225 դիտում

Արմեն Գեւորգյան. «Պետք են ոչ ստանդարտ լուծումներ»

Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հարցազրույցը Մեդիամաքսին

-Պարոն Գեւորգյան, պետական համակարգում տասնութ տարի աշխատելուց հետո մոտ երկու տարի առաջ հեռացաք փոխվարչապետի պաշտոնից: Շատերի համար անակնկալ էր, երբ մի քանի ամիս առաջ վերադարձաք պետական համակարգ՝ որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր վերադարձի որոշումը:

 

- Երկար տարիներ աշխատելով պետական համակարգում՝ հասկացա, որ դադարի կարիք ունեմ: Պաշտոնից  դուրս աշխատանքն ավելի անկաշկանդ է դարձնում մարդուն. կան բազմաթիվ առավելություններ՝ սեփական ծրագրերը կազմելու առումով: ԱՄՆ-ում ուսանելուց հետո վերադառնալով տարբեր ծրագրեր էի սկսել՝ օգտագործելով Հարվարդում ձեռք բերած կապերը եւ գիտելիքները: Բնականաբար, շարունակում էի նաեւ շփումները պետական համակարգի իմ գործընկերների հետ:

 

Անհատական զարգացման հետագա վեկտորի որոշման առումով ինձ համար բավականին դժվար փուլ էր. պետք է որոշեի՝ կարող եմ վերադառնալ պետական ծառայության, թե՞ ապագաս պլանավորում եմ արդեն որպես մասնավոր անձ,  զբաղվում ձեռներեցությամբ կամ ակադեմիական աշխատանքով:

 

Լավ հասկանում էի, որ պետական ծառայությունից դուրս լինելու դեպքում իմ կյանքն ու աշխատանքը հանրության, մամուլի համար հետարքրքություն առանձնապես չէին ներկայացնի, ես ազատ կլինեի իմ գործողություններում եւ ձեռնարկներում: Ուստի կար պահ, երբ ավելի շատ հակված էի զբաղվելու մասնավոր-հասարակական գործունեությամբ: Բայց ամեն ինչ փոխվեց ապրիլյան պատերազմից եւ Արցախ այցելելուց հետո:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանրապետության նախագահն ինձ առաջարկեց ստանձնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Խնդիր դրվեց նոր որակ հաղորդել կառույցի աշխատանքին, դարձնել այն ավելի համահունչ սահմանադրական նոր դրույթներին, եւ ես փորձում եմ արդեն նախաձեռնված փոփոխությունների միջոցով իրականացնել այդ խնդիրը:

 

- Գրեթե երեք ամիս զբաղեցնում եք այս պաշտոնը: Բավարարված եք վերադարձի Ձեր որոշումով:

 

- Զգացմունքներս հակասական են: Պետական պաշտոնը մի կողմից որոշակի պայմաններ է պարտադրում` քո գործունեությունը, նախկին ու ներկա նախաձեռնությունները հանրային հետաքրքրության եւ քննարկման առարկա են դառնում:

 

Մյուս կողմից՝ պետական համակարգի կոնկրետ ոլորտում դրական արդյունքը իսկապես կարող է բավարարվածության մեծ զգացողություն պարգեւել այն իմաստով, որ կարողացար որեւէ օգտակար բան անել:

 

Իմ այս քայլը  ինչ-որ իմաստով փոխզիջում էր ինքս ինձ հետ, որը թույլ տվեց հավասարակշռել իմ մեջ տարբեր մոտեցումները: Ինձ սովորեցրել են լինել առաջնորդ, ով փոփոխություններ է անում իրեն շրջապատող միջավայրում: Սա նշանակում է խնդիրների լուծման ոչ ստանդարտ մոտեցումներ գտնել, ստեղծագործ լինել, մտածել ավելի լայն հեռանկարի կտրվածքով, չտրվել պահի դժվարությանը, իսկ ամենակարեւորը՝ պատասխանատու լինել ընդունվող որոշումների եւ վերջնական արդյունքի համար:

 

Այս պահի դրությամբ մի գործընթաց է սկսվել, որի արդյունքի համար պատասխանատվություն եմ կրում: Այդ արդյունքից ելնելով էլ՝ կկարողանամ ասել, բավարարված եմ, թե ոչ:

 

-Ինչպե՞ս եք պատկերացնում Անվտանգության խորհրդի դերն ու նշանակությունը: Ինչպես պետք է հասարակությունը հասկանա այս կառույցի օգտակարությունն ու անհրաժեշտությունը, որի համար նշանակալի միջոցներ են հատկացվում պետբյուջեից:

 

-Նշեմ, որ այն առաջին հերթին սահմանադրական մարմին է, որն արդեն միանգամայն հստակ սահմանադրական լիազորություններ ունի: Դրանց իրականացման արդյունավետությունն անմիջականորեն կապված է լինելու մեր երկրում ռազմական անվտանգության որակի ու մակարդակի հետ:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կառույցը, կարծում եմ, կարող է հանդես գալ որպես ինտելեկտուալ հարթակ գործադիր իշխանության աշխատանքի համար: Այս հարթակում կգեներացվեն առկա խնդիրների եւ սպառնալիքների լուծմանը վերաբերող նոր գաղափարներ, մոտեցումներ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներ: Նաեւ կարծում եմ, որ այդ հարթակը կարող է հանդես գալ նաեւ որպես կոնստրուկտիվ ընդդիմախոսական հարթակ իշխանության ներսում:

 

Քննարկումներին ու աշխատանքներին կմասնակցեն նաեւ Սփյուռքի կազմակերպությունները: Այս ինստիտուտի շուրջ պետք է համախմբվի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ արտաքին անվտանգության ոլորտներն ընդգրկող երկրի ամբողջ վերլուծական եւ հետազոտական ներուժը:

 

-Վերջերս Ռուբեն Վարդանյանը հայտարարեց նոր նախաձեռնության՝ Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) գործարկման մասին, որի նպատակը տեխնոլոգիական առաջընթացի համար հիմքերի ստեղծումն է: Ինչ նշանակություն կարող է ունենալ այս նախաձեռնությունը Հայաստանի զարգացման եւ ազգային անվտանգության կենսական շահերի ապահովման տեսանկյունից:

 

- Ոչ միայն ծանոթ եմ FAST նախաձեռնությանը, այլեւ ակտիվ մասնակցություն եմ ունեցել դրա շուրջ վերջին քննարկումներին: Այն խոստանում է դառնալ մասնավոր-պետական համագործակցության եւս մեկ հաջողված օրինակ, ինչպես IDeA-ի մյուս ծրագրերը:

 

Ես միշտ համարել եմ, որ Հայաստանի պոտենցիալ մրցակցային առավելություններից մեկը կարող է լինել տեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալը եւ հենց դրանով պետք է պայմանավորված լինի երկրի բեկումնային զարգացումը: Մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, բայց ունենք այն, ինչ շատերը չունեն՝ մտավոր ներուժ եւ մարդկային ռեսուրս: Ավելի քան համոզված եմ, որ երկրի առաջադեմ տեխնոլոգիական զարգացումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ կրթական համակարգի վերափոխման, գիտահետազոտական նոր, առավել արդյունավետ ինստիտուտների ձեւավորման համար:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրի այսպիսի զարգացումը մեր շատ հայրենակիցների համար հայրենադարձության եւ իրենց հմտություններն ու ունակություններն հայրենիքում օգտագործելու հնարավորություն կստեղծի:

 

Այս ամենը վճռական նշանակություն կունենա երկրի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման եւ ամրապնդման համար, որը կարող է եւ պետք է դառնա ցանկացած նոր եւ առաջադեմ տեխնոլոգիայի հիմնական սպառողն ու պատվիրատուն՝ մեր երկրի համար առավելագույն անվտանգություն ապահովելու համար:

 

- Հայաստանի եւ հայության անվտանգությանը վերաբերող թիվ մեկ հարցը Ղարաբաղյան հիմնախնդիրն է: Վերջին շրջանում շատ են կանխատեսումները, ենթադրությունները եւ շահարկումները կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Դուք ի՞նչ եք կարծում:

 

- Ապրիլյան իրադարձություններից հետո ինքս ինձ անընդհատ հարց էի տալիս` ինչպես ենք մենք երկխոսում մեր հասարակության հետ ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծումների շուրջ: Այստեղ մի քանի հարց է առաջ գալիս:

 

Ինչպիսի՞ որոշման է պատրաստ մեր հասարակությունը (հասարակություն ասելով, մենք պետք է հասկանանք նաեւ սփյուռքը): Ինչպե՞ս է պետք օպտիմալ կերպով հարաբերակցել Ղարաբաղի խնդրի լուծումը Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային շահերի հետ գլոբալ առումով:

 

Համոզված եմ, որ ապագա համաձայնագրի հիմնական կետերի որոշման առումով առաջնային իրավունքը պետք է պատկանի Արցախի ժողովրդին, որը պետք է վստահ լինի բոլոր երաշխիքների եւ իր պատմական հողի վրա անվտանգ ու անկախ ապրելու պայմանների անխախտության մեջ:

 

Իմ կարծիքով՝ այս հարցի լուծումը կլինի այն համազգային փոխզիջումը, որին մեր ժողովուրդը պետք է հասնի միջազգային հանրության հետ: Եվ դա կլինի պատմական որոշում, որը կկանխորոշի մեր ժողովրդի հետագա զարգացման ու բարգավաճման ընթացքը:

 

Պե՞տք է արդյոք հաշվի նստել միջազգային հանրության կարծիքի հետ, որը միատարր չէ եւ տարբեր շահեր է համատեղում: Ո՞ւմ վրա մենք իսկապես կարող ենք հույս դնել հարցի վերջնական եւ արդար լուծման մեր պայքարում: Արդյո՞ք բավարար ռեսուրսներ ունենք Ադրբեջանի եւ նրա դաշնակիցների ագրեսիվ եւ ոչ ադեկվատ քաղաքականությանը դիմակայելու համար:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարող եմ արձանագրել, որ այսօր մեր հանրության մեջ ակտիվ է միայն 1994 թվականից հետո դե ֆակտո ձեւավորված իրավիճակի ցանկացած փոփոխության ժխտման գաղափարը: Բայց դրան պատրաստ չէ միջազգային հանրությունն ու հակամարտության մյուս կողմը: Արդյո՞ք մենք կկարողանա՞նք մեր մեջ քաջություն գտնել համարժեք գնահատելու իրականությունն ու այն փոխելու հնարավորությունները՝ առանց զգացմունքների ու քաղաքական շահարկումների:

 

- Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր մեր երկրի զարգացմանը վերաբերող առավել հրատապ խնդիրները:

 

-Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է պատրաստվենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին` հստակ գիտակցելով, որ դրանք երկրի քաղաքական լանդշաֆտը ձեւավորելու միակ լեգիտիմ, սահմանադրական ուղին են: Եվ այստեղ ամենադժվար խնդիրը իշխանություններինն է: Առաջինը՝ պետք է ընտրությունների նախապատրաստման ու անցկացման այնպիսի պայմաններ ու նախադրյալներ ստեղծվեն, որպեսզի արդյունքների արդարության եւ ազնվության վերաբերյալ ոչ ոք կասկած չունենա:

 

Երկրորդ՝ իշխանություններն իրենք պետք է պատրաստվեն ընտրություններին, որպեսզի հանրությանը կամ դրա մի մասին համոզեն, որ իրենց կարելի է վստահել եւ իրենք պատրաստ են շարունակել իրենց գործունեությունը: Դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ սոցիալական լարվածությունն ու տնտեսական բարդ պայմանները նոր, ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում:

 

Մյուսը կարեւոր խնդիրը համազգային բաց երկխոսության ծավալումն է այն մասին, թե ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա մեր երկիրը: Մենք չեք կարող միաժամանակ զբաղվել ամեն ինչով եւ շոշափելի արդյունքի հասնել: Դա իրատեսական չէ:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերները, իմ կարծիքով, երեքն են՝  կրթություն, արդարություն եւ խաղաղություն: Սրանք այն անհրաժեշտ նախադրյալներն են, որոնք պետք է ապահովեն երկրի կայուն եւ բեկումնային զարգացումը: Մենք պետք է նաեւ որոշենք զարգացման օպտիմալ տնտեսական մոդելը՝ հաշվի առնելով ինչպես աշխարհաքաղաքական եւ կոմունիկացիոն իրողությունները, այնպես էլ երկրի ներքին ներուժը: Ո՞ր ոլորտները կարող են լինել տնտեսական աճի շարժիչ ուժը:

 

Այսօր օբյեկտիվորեն դա գյուղատնտեսությունն է ու դրա հետ կապված՝ վերամշակող արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցության ոլորտը, լեռնահանքային արդյունաբերությունը եւ բնական պաշարների օպտիմալ օգտագործումը, թեթեւ արդյունաբերությունը, ոսկերչությունը, զբոսաշրջությունն ու սպասարկման ոլորտը, բանկային համակարգը, առողջապահական եւ կրթական ծառայությունները, շինարարական արդյունաբերությունն ու կից ոլորտները, էներգետիկան: Ընդ որում, որոշ բնագավառներ պետք է կոչված լինեն հիմնականում լուծելու բնակչության զբաղվածության խնդիրը, եւ պետությունն այդ բնագավառներից լուրջ հարկային ակնկալիքներ չպետք է ունենա:

 

Սրան զուգահեռ կարեւորագույն խնդիր է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը: Երկրում դասական ընկալմամբ միջին խավի ձեւավորումն ու կայուն կերպով ընդլայնումը, իմ համոզմամբ, կայուն եւ շարունակական տնտեսական զարգացման հիմնական նախադրյալն է: Միջին խավը դառնում է բնակչության այն շերտը, որն անկայունության դեպքում կորցնելու բան է ունենում եւ իշխանություններից կարող է բիզնես վարելու համար դինամիկ, թափանցիկ եւ հավասար պայմաններ պահանջել: Սա  ֆունդամենտալ անհրաժեշտություն է ՝ երկրում իրական քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման համար:

 

Մյուս կարեւոր անհրաժեշտությունը ողջ պետական ապարատի բարեփոխումն է: Առաջ գնալու, կոռուպցիայի առաջացման ու տարածման առաջնային պատճառները վերացնելու համար անհրաժեշտ է ունենալ ավելի կոմպակտ եւ խելացի պետական ապարատ: Սա չափազանց դժվար ու ցավոտ խնդիր է: Ցավոտ է այն առումով, որ պետք է հրաժարվել ոչ միայն վատ ավանդույթներից, այլեւ համակարգում ներգրավված շատ մարդկանցից: Պետք է ստեղծել նոր կառավարչական էլիտա, որի գիտելիքներն ու պատկերացումները ձեւավորվել են արդեն լիբերալ տնտեսության արժեքների հիման վրա, որն ազատ է վարչական միջամտության բարդույթից, ունակ է  ինքնաքննադատաբար ընկալելու ու բաց երկխոսություն վարելու օրախնդիր հարցերի շուրջ:

 

-Երկրում առկա տարբեր խնդիրների  ֆոնին տեղի ունեցան հուլիսյան ողբերգական դեպքերը: Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները եւ ի՞նչ դասեր մենք պետք է քաղենք:

 

-Այդ իրադարձությունների պաշտոնական գնահատականներն արդեն տրվել են:

 

Անձամբ ինձ համար, որպես մարդու ու քաղաքացու, դա ողբերգություն էր: Երեք հայ ընտանիք կորցրեց իր որդուն, հորը, եղբորը: Շատերը վիրավորվեցին եւ վնասվածքներ ստացան: Արդյո՞ք այն նպատակներն ու խնդիրները, որոնք իրենց առջեւ դրել էին այդ իրադարձությունների կազմակերպիչները, արժեին այդ կյանքերը:

 

Համոզված եմ, որ ցանկացած քաղաքական գործընթացի կամ նախաձեռնության հիմքում մի պարզ ճշմարտություն պետք է լինի՝ մարդկայն կյանքը բացարձակ արժեք է, եւ ոչ ոք չի կարող այն վտանգի ենթարկել  հանուն նույնիսկ ամենամարդասիրական նպատակի: Դրան է հանգել մարդկության այն մասը, որն իրեն քաղաքակիրթ ու զարգացած է համարում: Հույս ունեմ, մենք մեզ այդպիսին ենք համարում:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատարվածի մյուս ասպեկտը վերաբերում է նրան, որ երկրի կայուն եւ բարեկեցիկ զարգացման հիմքը խնդիրների լուծումն է հասարակական-քաղաքական գործընթացների միջոցով, այլ ոչ թե զենքի եւ բռնության: Արդյո՞ք դա մեր երկիրը, մեր միջավայրը, որտեղ ապրում ենք եւ որտեղ մեծանում են մեր երեխաները, ավելի հուսալի ու անվտանգ է դարձնում:

 

Այս ամենն ասում եմ, հստակ հասկանալով, որ շատերին կարող է եւ դուր չգալ  ու կարող եմ քննադատության արժանանալ:  Ուրախ կլինեմ, եթե այդպիսով խոսքս հասցնեմ այն մադկանց, ում համար կայունությունն ու քաղաքակիրթ հանրության մաս կազմելը իսկապես կարեւոր նշանակություն ունեն:

 

- Դուք կրկին հայտնվել եք մամուլի ուշադրության կենտրոնում եւ նորից շրջանառվում են հարցերը, որոնք «ուղեկցում» են Ձեզ վերջին տարիների ընթացքում: Եկեք խոսենք դրանցից մի քանիսի մասին: Առաջինը` Դուք երկար տարիներ զբաղեցրել եք բազմաթիվ բարձր պաշտոններ, սակայն բանակում չեք ծառայել:

 

-Շատ լավ, պատրաստ եմ մանրամասն պատասխանել: Երբ դարձա վարչապետ Արմեն Սարգսյանի օգնականը, վերադարձել էի Ռուսաստանից: Այնտեղ օրենքով սահմանված կարգով ազատվել եմ պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ թեկնածուական թեզն ու աշխատանքի անցել ըստ մասնագիտության: Սովորելու եւ աշխատանքի ընթացքում կցված եմ եղել համապատասխան զինկոմիսարիատի:

 

Տասը տարիների ընթացքում եղել եմ ՀՀ նախագահի առաջին օգնականը, աշխատակազմի ղեկավարը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ամենակարեւորը՝ ըստ էության, կատարել եմ նաեւ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի օգնականի պարտականությունները ու զբաղվել եմ այնպիսի աշխատանքով, որն էական նշանակություն է ունեցել Զինված ուժերի համար:

 

Կարծում եմ, եթե նախագահի աշխատակազմն ունենար զորամասի կարգավիճակ, ինչպես օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը, ապա ես կհամարվեի զինծառայություն անցած եւ բավականին բարձր զինվորական կոչում կունենայի: Բայց երբեք դրան ուշադրություն չեմ դարձրել, քանի որ որեւէ օրենք չեմ խախտել եւ կատարել եմ անմիջապես գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությունները:

 

Խնդիրը թե իրավական, թե բարոյական տեսանկյունից դիտարկելու դեպքում էլ արդարանալու եւ մեղավոր զգալու որեւէ առիթ ու պատճառ չունեմ:

 

- Գրում են նաեւ, որ «Լինսի» հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ են ծախսվել եւ Քըրք Քըրքորյանը դժգոհ է մնացել ծրագրերի արդյունքից եւ դրանով էր պայմանավորված Հայաստանում նոր ծրագրեր չիրագործելու նրա որոշումը:

 

-Ափսոսում եմ, որ այս թեման, հատկապես կոնկրետ անձանց կողմից, ժամանակ առ ժամանակ շահարկվում է, չնայած նրան, որ թեմային բազմիցս անդրադարձել եւ մեկնաբանություններ է տվել Հարութ Սասունյանը, ով Քըրք Քըրքորյանի ներկայացուցիչն էր:

 

Միանշանակ կարող եմ ասել, որ դրանք մերկապարանոց ու անհիմն մեղադրանքներ են: Նման մեղադրանքներ հնչեցնողներն ավելի ազնիվ կլինեին, եթե համապատասխան փաստեր ներկայացնեին իրավապահներին: Հակառակ դեպքում ոչ մի բարոյական իրավունք չունեն վարկաբեկել այն ծրագիրը, որը լուրջ նշանակություն է ունեցել Հայաստանի համար:

 

Ցավոք, բացասական գնահատականներն ավելի մեծ հանրային հետաքրքրություն եւ արձագանք են ունենում մեզանում, քան պաշտոնական մեկնաբանություններն ու գնահատականները: «Լինսի» հիմնադրամի ծրագրերի արդյունքների հետ կապված գնահատականների դեպքում զավեշտալին այն է, որ դրանք  հնչում են մարդկանց կողմից, ովքեր երբեք չեն տեսել Քըրքորյանին, չեն շփվել նրա հետ, չեն լսել նրա կարծիքը, առաջնորդվում են ասեկոսեներով: Իսկ այն անձի մեկնաբանությունները, ով երկար տարիներ աշխատել է նրա հետ, եղել է նրա անձնական ներկայացուցիչը ծրագրերում՝ անտեսվում են։

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեեւ ես ոչ բոլոր տարիներին եմ ղեկավարել հիմնադրամի ծրագրերը, բայց ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ իրականությունը հետեւյալն է. ծրագրի իրականացման ընթացքում եղել են թերություններ ու խնդիրներ, կարող էին լինել  աշխատանքի որակի հետ կապված դժգոհություններ, բայց երբեք՝ չարաշահումներ:  Խախտումների դեպքում մեղավորները պատասխանատվություն էին կրում օրենքով եւ պայմանագրերով նախատեսված կարգով:

 

Այս ծրագրի հետ կապված ցանկացած չարաշահում միշտ համարել եմ անբարո, ոչ պակաս անբարո եմ համարում այս թեմայով ցանկացած անհիմն շահարկում ու մեկնաբանություն:

 

- Վերջերս հրապարակում եղավ այն մասին, որ Ձեր ընտանիքը Չեխիայում զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով: Դուք ընդունելի՞ եք համարում, որ պաշտոնյայի ընտանիքը զբաղվի բիզնեսով:

 

- Կոնկրետ ծրագրի հետ կապված հրապարակվել են նաեւ իմ մեկնաբանություններն ու պարզաբանումները: Կարծում եմ, եթե մարդը պետական պաշտոնյա է, ապա չի նշանակում, որ նրա հարազատները չպետք է ոչինչ անեն եւ ոչ մի նախաձեռնություն չցուցաբերեն:

 

Բացասական ընկալումների պատճառը հիմնականում այն է, որ պաշտոնյաների հարազատների բիզնես գործունեությունը կապվում է պաշտոնյայի կողմից դիրքի չարաշահման, պետական միջոցների յուրացման եւ այլնի հետ: Եթե ամեն ինչ բարոյական եւ իրավական հարթությունում է, եթե ընտանիքի անդամի բիզնես ծրագրերը կապ չունեն պաշտոնյայի գործունեության հետ, եթե ներգրավվում են օրենքով թույլատրելի միջոցներ, եթե պահպանվում են օրենսդրական բոլոր ընթացակարգերը եւ նրանք գործում են հավասար իրավական դաշտում, ապա, կարծում եմ, այս դեպքում որեւէ խնդիր չկա:

 

Իմ հարազատներից  ու ընկերներից շատերի ծրագրերին (ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս) ինքս մասնակցություն եմ ունեցել պետական համակարգից իմ հեռանալուց հետո, որոշ ստարտափ նախագծեր ինքս եմ մշակել եւ ուղղորդել՝ օգտագործելով ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքներն ու կապերը:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես միշտ ելնում  են այն պարզ իրողությունից, որ երբեք շահերի բախում չպետք է առաջանա իմ պետական ծառայության հետ կապված: Որպես պետական պաշտոնյա՝ ես իրավունք չունեմ զբաղվել բիզնեսով եւ մասնավոր կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ հանդիսանալ, ու ես հետեւում եմ օրենքի պահանջին:

 

Այս համատեքստում եւս մեկ  հանգամանք եմ ուզում ընդգծել.  համոզված եմ, որ ցանկացած գործարար դատապարտված է ձախողման, եթե իր բիզնես մոդելը կառուցում  է պետական հովանավորչության, անազնիվ մրցակցության վրա: Այդ դեպքում ձախողումը դառնում է ընդամենը ժամանակի հարց:

 

Բացի այդ, մեր երկրում պետք է փոխվի բիզնեսի իրականացման մշակույթը: Լինելով ձեռներեց՝ հայերը մշտապես արագ եւ մեծ արդյունքի են ձգտել: Բայց մենք պետք է գիտակցենք, որ աշխարհում փոխվում է բիզնեսի իրականացման ընդհանուր փիլիսոփայությունը, որի հիմնական էությունը արդար եղանակով արդար եկամուտի ստեղծումն է: Մենք բոլոր շանսերն ունենք տարածաշրջանում  որպես գրագետ ձեռներեց  ու նախաձեռնող ազգ հանդես գալու, որի ներկայացուցիչների հետ աշխարհում շատերը կուզենան գործ ունենալ, ներդրումներ կատարել եւ տնտեսական նոր նախագծեր իրականացնել:

 

- Վերջերս Ձեզ առնչվող մի քանի  հրապարակումներ եղան, այդ թվում  նաեւ այն մասին, որ իշխանության վերին ատյաններում քննարկվում է Ձեզ վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

 

- Նման քննարկումներ ինձ հետ չեն եղել: Ցավոք, ներքին զգացողություն ունեմ, որ հատկապես վերջին հրապարակումներն ուղղորդվել են: 

 

Իմ կրթությունն ու դաստիարակությունը  թույլ չեն տալիս վարվել այնպես, ինչպես դա անում են իմ մասին հրապարակումներ պատվիրողները: Համոզված եմ, որ մարդիկ, որոնց հետ աշխատել եմ` թե իշխանության ներսում եւ թե նրանից դուրս, իմ մասին կարծիք են կազմում ելնելով ոչ թե այդ հրապարկումներից, այլ իմ աշխատանքից եւ շրջապատի նկատմամբ իմ վերաբերմունքից:

 

Որոշել եմ այսուհետ չմեկնաբանել ու ուշադրություն չդարձնել այն հրապարկումներին, որոնք անմիջականորեն իմ ծառայողական պարտականություններին եւ աշխատանքին չեն առնչվում:

 

Ես վերադարձա պետական համակարգ, քանի որ ինձ առաջարկվեց իմ փորձով օգտակար լինել կոնկրետ ոլորտում: Ես պատշաճ կատարում եմ իմ պարտականությունները: Խորհուրդ կտայի մյուսներին էլ նույն եռանդով գործով զբաղվել՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասկանում եմ նաեւ, որ այս հարցազրույցը եւս ոմանք փորձ կանեն ներկայացնել որպես քաղաքական հավակնությունների դրսեւորում: Սակայն ես քաղաքական եւ կուսակցական հավակնություններ երբեք չեմ ունեցել եւ չունեմ: Մտահոգություններս եւ կարծիքներս ձեւավորվել են այն փորձի եւ գիտելիքների վրա, որոնք ձեռք եմ բերել պետական աշխատանքի ընթացքում՝ լավ պատկերացնելով մեր երկիրը, մարզերն ու համայնքները:

 

Արմեն Գեւորգյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին