Հարություն Մարության. Կարեւոր է՝ ինչպես հիշել ցեղասպանությունը - Mediamax.am

exclusive
4368 դիտում

Հարություն Մարության. Կարեւոր է՝ ինչպես հիշել ցեղասպանությունը

Հարություն Մարությանը
Հարություն Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը սեպտեմբերի 14-ին ընտրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ 

 

Հարություն Մարությանը 62 տարեկան է, երկար տարիներ հետազոտում է ցեղասպանության հիշողության եւ ազգային ինքնության, կոլեկտիվ եւ պատմական հիշողության, պատկերագրության, էթնիկ պատմության հարցեր։

 

- Տնօրեն ընտրվելուց հետո հարցազրույցներ շա՞տ են խնդրում։

 

- Ես ազգագրագետ եմ։ Միշտ ես եմ ձայնագրել։ Հիմա ընկնելու եմ «մեդիայի ձեռքը»։ Բոլորն ուզում են հանդիպել նորընտիր տնօրենի հետ, բոլորը հարցեր ունեն քննարկելու, այնինչ դեռ այստեղ բոլորի հետ չեմ ծանոթացել։

 

- Ցեղասպանության թանգարանի խնդիրներին ծանո՞թ եք։

 

- «Ցեղասպանության հիշողությունը եւ ցեղասպանության հիշողությունը աշխարհում» թեման իմ նեղ մասնագիտացումն է։ 2007-2015 թթ. այս թանգարանի գիտական խորհրդի անդամ էի, հետո ինչ-ինչ հարցեր եղան, դիմում գրեցի եւ լքեցի խորհուրդը։ 

 

Հարություն Մարությանը Հարություն Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Անձնակա՞ն, թե՞ գործնական խնդիրների պատճառով հեռացաք խորհրդի կազմից։

 

- Այս հարցին ես նախընտրում եմ չպատասխանել։ Եկե՛ք այդ էջը փակված համարենք։

 

- Շա՞տ են անելիքները։ Կա՞ ցուցակ, ինչից եք սկսելու։

 

- Կա տեսլականը, որը ներկայացրել եմ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Բայց այն կյանքի կոչելը տարիների աշխատանք է ենթադրում։ Պահանջվում են ոչ միայն իմ, այլեւ աշխատակազմի ջանքերը։

 

- Ինչպե՞ս եք գնահատում աշխատակազմի աշխատանքը։

 

- Հիմնականում նորմալ է։ Աշխատանքային մթնոլորտ է։ Մարդիկ թրծված են՝ խնդիրներ միշտ եղել են եւ նրանք փորձել են հաղթահարել։ Թանգարանի թեման այնպիսին է, որ պահանջում է ե՛ւ կարգապահություն, ե՛ւ անհրաժեշտության դեպքում բռունցքվելու ունակություն։

 

- Աշխատակազմում փոփոխություններ լինելո՞ւ են։ Հաճախ նոր տնօրեններն աշխատանքը սկսում են կրճատումներից։

 

- Երկու աշխատակից իրենց որոշմամբ են դուրս գալու։ Առանձնապես մանեւրելու տեղ չունեմ, բայց եթե մեր բյուջեն բարելավվի, կփորձենք նոր աշխատակիցներ ընդունել։

 

Հարություն Մարությանը Հարություն Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հին աշխատակիցների ատեստացիա կանցկացնենք։ Առաջին անելիքներից կլինի ընդունման-հանձնման հանձնաժողովներ ստեղծելը, ինչը տարիներ շարունակ չի արվել։ 

 

- Այս տարիների ընթացքում շա՞տ են եղել թանգարանի բացթողումները։

 

- Չէի ուզենա դրանք ձեւակերպել որպես բացթողումներ։ 

 

- Այդ դեպքում ի՞նչ լրացումներ եք պատրաստվում անել։

 

- Իմ տեսլականում խնդիրը ներկայացրել եմ մի քանի տեսանկյունից՝ ցուցադրության հարցեր, գիտական անձնակազմի հարցեր, գիտական հարցեր, հիշողության քաղաքականության հարցեր։ 

 

- Փոփոխություննե՞ր եք նախատեսում ցուցադրության քաղաքականությունում։

 

- Իմ խորին համոզմամբ՝ թանգարանային ցուցադրությունը պետք է ոչ միայն արտացոլի իրականությունը, այլեւ որոշ շեշտադրումներ անի։ Տասնամյակներ շարունակ շեշտել ենք կորստի, ջարդվելու փաստը։ Բայց ցեղասպանության տարիներին հայերը նաեւ դիմադրել են՝ ինքնապաշտպանական մարտերում։ 

 

Հաճախ եմ որսում խոսակցություններ այն մասին, երբ երիտասարդներն ասում են, որ չեն ուզում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելել, որպեսզի իրենց զոհի ժառանգ չզգան։

 

 

Իմ համոզմամբ՝ սա հիշողության քաղաքականության մեջ առկա բացթողումների հետեւանք է։ Կարեւոր է՝ ինչպես հիշել ցեղասպանությունը։ Մի բան է, երբ դու աշխարհին ներկայանում ես որպես կոտորված ազգի ժառանգ, եւ այլ բան է, երբ ներկայանում ես որպես մեկը, ում նախնիները փորձել են դիմադրել։ Հիշողության մեջ կատարվող փոփոխությունները, ժամանակից բացի, հետեւողական աշխատանք են պահանջում։

 

- Այսինքն, պետք է վերաբանաձեւե՞լ ապրիլի 24-ի խորհուրդը։

 

- Միշտ ցանկացել եմ, որ ապրիլի 24-ը լինի «Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական մարտերի հերոսների օր»։ Կփորձենք այս գաղափարը ինչ-որ կերպ արտացոլել մշտական ցուցադրությունում կամ ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպել եւ անդրադառնալ այս թեմային։ Սրանով դեմ չենք գնա պատմությանը, բայց ինչ-որ բան ավելի կշեշտադրենք։

 

Հարություն Մարությանը Հարություն Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Թանգարանը պրոպագանդայի հզոր միջոց է։ Հոլոքոստի 66 թանգարան ու ցուցադրություն կա աշխարհում, Հայոց ցեղասպանությանը նվիրված մի քանիսը միայն՝ մեր թանգարանն է, պատմության թանգարանում մի հատված կա, Լոս Անջելեսի «Արարատ» թանգարանում, Բեյրութի «Թռչնոց բույնն է» եւ վերջ։ 

 

Մարդիկ պետք է ճանաչեն, հասկանան ցեղասպանությունը։ Այն պետք է դառնա  մարդկանց հիշողության մի մասնիկը։ Ինչո՞ւ Ֆրանսիայում չի ընդունվում Ցեղասպանության քրեականացման օրենքը, որովհետեւ, ըստ իս, հոլոքոստը ֆրանսիացիների կոլեկտիվ հիշողության մասն է, իսկ հայոց ցեղասպանությունը՝ ոչ։

 

Հայերն այնտեղ գնացել են հարյուր տարի առաջ՝ հեռվից, առանց լեզու իմանալու։ Իսկ հոլոքոստի վկաները ֆրանսիացիների հարյուր տարվա հարեւաններն են եղել։ Արդյունքում դա իրենց հավաքական հիշողության մասն է դարձել։

Հարություն Մարությանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին