Սեպտեմբերի 18-ին մեկնարկել է Ծիրանի մշակութային հանգույցի եւ Մեդիամաքս մեդիա-ընկերության նախաձեռնած «Կարմիր թել» զրույցների շարքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանի զրույցը ծավալվել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման շուրջ:
Նրանք անդրադարձել են սրբադասման նշանակությունը, ինչպես նաեւ ազդեցությանը՝ Հայաստանի ներկայի եւ ապագայի վրա:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Պատմական կարեւորագույն իրադարձություն է եկեղեցու կյանքում 600 տարի անց սրբադասման կարգի վերականգնումը:
Այս ամբողջ ժամանակահատվածում մենք՝ որպես ժողովուրդ, ապրել ենք զոհի հոգեբանությամբ, դա լավ է կամ վատ, ես իմ գնահատականն ունեմ (զոհը Սուրբ գրքում բարձրագույն ընծան է Աստծուն), բայց զոհվածի հոգեբանությունը խորացել է, մենք դարձել ենք մեր նահատակների կամ զոհերի հիշատակի առջեւ ավելի աղերսող, քան թե դա օգտագործել ենք որպես մեզ համար կարեւորագույն զենք՝ աշխարհի հետ հարաբերվելու համար:
Սրբադասման խորհուրդը հոգեւոր տրանսֆորմացիայի առիթ կամ պատճառ կարող է դառնալ ճիշտ մեկնաբանության եւ մատուցման դեպքում: Մենք չսրբացրեցինք նրանց, ճանաչեցինք նրանց սխրագործությունը: Ժողովուրդը վաղուց արդեն նրանց սուրբ էր համարում, իսկ եկեղեցին պարզապես իր կնիքը դրեց: Ուրախ եմ բոլոր նրանց համար, ում վրա սրբադասումը ազդեցություն չի թողել, դա նշանակում է, որ այդ մարդիկ մեր նահատակներին սուրբ են համարել, եւ հիմա որեւէ նոր բան տեղի չի ունեցել, պարզապես եկեղեցին է ճանաչել նրանց սուրբ լինել:
Հարություն Մարության. «Նահատակ» բառը նշանակում է հավատի պաշտպանության համար զոհված մարդ, «մարտիրոս» բառը՝ իր դավանած հավատի համար նահատակված մարդ: Բանն այն է, որ այդ ձեւակերպումներն իրենց մեջ ըմբոստություն եւ պայքար են կրում, այլ ոչ թե պարզ զոհողություն: Ինձ համար նահատակը համարժեք է Եղիշե պատմիչից մեր մեջ անցած «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» բանաձեւմանը: Բայց չէ որ այդպես չի եղել Ցեղասպանության ժամանակ, շատ դեպքերում մարդիկ չեն իմացել, թե ինչի համար են իրենց կոտորում: Եվ որ կարեւոր է տվյալ պարագայում՝ ոչ բոլորն են կռվել, պայքարել հանուն հավատքի, ինչպես որ էր Վարդանանց նահատակների դեպքում:
Ցեղասպանության ընթացքում որոշ ժամանակ անց են միայն սկսել հայերին առաջարկել կրոնափոխ լինել, ընդ որում պայմանականորեն հաշվվում է, որ կրոնափոխ է եղել մոտ 100 հազ. մարդ, որոնց մի մասին հետագայում կրկին կոտորել են, երբ տեսել են, որ շատ մարդիկ են մահվան պարտադրանքի տակ դիմում կրոնափոխության:
Մեկ այլ հարց է առաջ գալիս՝ հայ մարդիկ, որոնք հրաժարվել են հայ ինքնության մի մասից՝ Քրիստոնեությունից, եւ այսօրվա բնութագրմամբ մուսուլման են, ամեն դեպքում կոտորվել են, եւ ոչ թե քրիստոնյա, այլ հայ լինելու համար են կոտորվել: Արդյո՞ք այստեղ հակասություն չի գալիս էթնիկ հայ եւ քրիստոնյա հայ լինելու միջեւ:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Մարտիրոս» բառը հունարենից նշանակում է վկա, վկայել, վկայություն: Նոր կտակարանյան հիմք ունի: Իսկ «սուրբ» բառը նշանակում է զատված, մաքրված, ընծայված, նվիրված: Այս դեպքում խոսքը Աստծուն վկայության մասին է: Եկեղեցին իր գործառույթներն ունի, իր աստվածաբանական, վարդապետական ձեւակերպումներն ունի, հիմնված է սուրբգրային մտածողության, պատմական փորձառության վրա, կտրված որոշում կայացնելու, պահի տակ տրամադրություն ստեղծելու բացարձակ հակվածություն չունի:
Ցավոք, եկեղեցին իր հոգեւոր բովանդակությունից դուրս ենք ցանկանում տեսնել, ուզում ենք տեսնել քաղաքական լույսի տակ, որը մեծ վնասակարություն ունի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գալով այն մտքին, թե հայ էին, քրիստոնյա էին… ես կարծում եմ, որ սա շատ վտանգավոր զանազանում է, այսօրվա իմաստով է վտանգավոր: Ո՞վ կարող է բնութագրել, թե ով է հայը: Ոչ ոք չի կարող: Դասական սահմանումները տալով դեռ չի նշանակում, որ հայի բնութագիրն ենք տվել: Ես կարծում եմ, որ մենք չպիտի վախենանք մեր քրիստոնյա լինելուց, հակառակը՝ պետք է ավելի խորացնել դա:
Այսօր նաեւ չափազանցվում է մահմեդականացված հայերի թիվը, որոնք գտնվում են մեր պատմական հայրենիքում: Թուրքական կառավարության քաղաքականությունն է դա, որով ցույց են տալիս, թե Ցեղասպանություն տեղի չի ունեցել: Մեծ թվով հայեր մահմեդական են դարձել, այսօր ապրում են, մի մասն էլ զոհվել են Առաջին Աշխարհամարտի ժամանակ: Մենք, ցավոք, թուրքական այս քարոզչության ջրաղացին ջուր ենք լցնում:
Հարություն Մարության. Մարդիկ հրաժարվում էին կրոնափոխ լինել ոչ միայն այն պատճառով, որ չէին ցանկանում դավաճանել Քրիստոսի հավատքին, այլեւ այն, որ ստիպված էին լինելու հրաժարվել բազմաթիվ հայկական արժեքներից: Իրենք պետք է ամբողջովին փոխեին իրենց կենցաղը, մաս դառնային այն հասարակությանը, որը կոտորել իր ազգին, հարազատներին, բարեկամներին, եւ ինքն այդ ամենը տեսել էր: Քրիստոնեությունն ընդամենը մեկ գործոն էր, որ մարդիկ հրաժարվում էին կրոնափոխ լինել:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Քրիստոնեությունը ոչ թե սոսկ բաղադրիչ էր, այլ կարեւոր բաղադրիչ էր: Երբ թուրքերը խոսում էին հայերի մասին, նրանց «գյավուր» հավատքի տերմինով էին բնորոշում, նրանց չէին բնորոշում սոսկ որպես հայ: Երբ մենք հարցը քննարկել ենք սրբադասելիս, փորձել ենք դիտարկել նաեւ դահիճի տեսանկյունից: Նրանք չեն ասել պարզապես հայ է, ասել են՝ անհավատ է: Հայ եկեղեցին այդ հայ լինելու եւ քրիստոնյա լինելու զանազանության սկզբունքը եւս հաշվի է առել:
Հայ եկեղեցին դեռեւս 5-րդ դարից որպես սրբադասման բանաձեւ ունի «Վասն հայրենյաց, վասն հավատո»-ն: Այսինքն՝ հայրենիքի, որ հայ ժողովրդի օթեւանն է, եւ հավատի, որը նույն հարթության եւ աստիճանի վրա է գտնվում:
Սրբադասելով մենք նույնիսկ սահմանել ենք ժամանակահատված, ըստ էության 1915-1923թթ. ամբողջ ժամանակահատվածում նահատակվածներին ենք սրբադասել: Մենք չենք սրբադասել միայն նրանց, ովքեր կոնկրետ Ցեղասպանության ակտի ժամանակ են նահատակվել, այլեւ նրանց ովքեր Ցեղասպանության հետեւանքներով հետագայում խելագարվել են, մահացել: Մարդը չի մահմեդականացել, չի փախել, գնացել է գիտակցված նահատակության:
Սրբադասումը շատ ընդգրկուն է եղել, ոչ մի սահամանափակում չի դրվել: Հաճախ հարցում է լինում նաեւ մահմեդականացված հայերի, ինքնասպանվածների շուրջ, բոլորին եկեղեցին վերաբերվել է իր հոգեւոր խնամքով, որեւէ մեկին դուրս չի թողել:
Հարություն Մարության. Հայոց ցեղասպանության պարագայում երեւույթն ուղեկցվում էր հայրենազրկմամբ: Ցեղասպանության զոհերին սրբացնելով՝ այն կրոնականացվում է, մինչդեռ շատ ավելի ընդգրկուն երեւույթ է: Մի կողմից նշվում է, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, շեշտվում է ընդգրկման համաշխարհային լինել, ինչը կրոնական պատկանելություն չի շեշտում, մյուս կողմից՝ հայ եկեղեցին սրբադասման կարգով նեղացնում է հանցագործության շրջանակները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Շեշտվում է, որ Ցեղասպանության խնդիրը կոնֆլիկտ է եղել քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ: Սա սրբադասման քաղաքական հետեւանքներից մեկն է: Եթե հարցին նայենք Արեւմուտքի քաղաքացու աչքով, արեւմտյան պետությունները կերտում են քաղաքացիներ՝ անկախ կրոնական պատկանելությունից, իսկ հայերը բարձրագույն արժեք են հռչակում հանուն կրոնի զոհված մարդկանց:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Ինձ իմ հոգեւոր դաշտն է հետաքրքրում, թե որքանով կկարողանամ իմ ժողովրդին իր հոգեւոր ինքնաճանաչողությանը հասցնել: Մնացած քաղաքական հարցեր են, որով պետությունը թող զբաղվի: Ըստ էության՝ սրբադասման կարգը, խորհուրդն ուղղված էր ներքինին՝ հայ մարդու վերականգնման, ինքնաճանաչողության, ինքնագնահատականի վերականգնմանը եւ ոչ թե որեւէ օտար պետության կամ կազմակերպության:
Հարություն Մարության. Հայ պատմագրության մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվել է որպես հայերի ոչնչացում թուրքերի կողմից, էթնիկ, այլ ոչ թե գաղափարախոսական խնդիր: Մինչդեռ սրբադասումից հետո շարքային քաղաքացու ենթագիտակցության մեջ մտնում է, որ քրիստոնյա հայերին նահատակել են մուսուլման թուրքերը: Սա եւս սխալ ըմբռնման տեղիք կարող է տալ:
Ես առաջարկել եմ ապրիլի 24-ը հռչակել որպես «Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների (մարտերի) հերոսների հիշատակի օր», որի արդյունքում գալիք սերունդներին չէր մատուցվի զոհի հոգեբանությունը, մինչդեռ այն մարդիկ, ովքեր պիտի ընդունեն այդ որոշումը, կարծում են, որ սրբադասումով արդեն հարցը փակված է: Ասում են՝ եկեղեցին արդեն հայտարարել է սուրբ, էլ ի՞նչ ենք նոր բաների հետեւից ընկնում:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Ցեղասպանության կիրառելիությունը բնորոշելու առումով, ես կարծում եմ, որ լայնածավալ պետական քաղաքականություն պետք է լինի ոչ թե զուտ միջոցառումային մակարդակով, այլ արմատական, հիմքային, որը կկիրառվի մեր կյանքի բոլոր ոլորտներում: Մենք չենք օգտագործում այդ իրողությունը, մենք ընդամենը միջոցառում ենք անում, այս կամ այն երկրին խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մենք նույնիսկ պահանջատեր չենք նրանց նկատմամբ, ում աչքի առաջ դա տեղի է ունեցել: Սրբադասումը կարեւորագույն բաղադրիչներից մեկը, առանցքը կարող է դառնալ: Զոհի եւ հերոսության գաղափարն է, որ իր մեջ ունի սրբադասումը: Դա կարող է դառնալ ամբողջ համակարգի մի մասը: Ես կարծում եմ, որ Ցեղասպանության նկատմամբ մեր համակարգված վերաբերմունքի բացակայությունն է խնդիր: Մենք պետք է ունենանք այդ համակարգն ու բոլոր քայլերը բխեցնենք դրանից: Թող սրբադասումը մեր հաղթարշավի մաս դառնա, ոչ թե պատճառ լինի մեր խեղճության: Դա հոգեւոր «ատոմային ռումբ» է մեր կյանքում: Մենք ինչպե՞ս ենք օգտագործում մեր իրավազրկված լինելը, դա պետական քաղաքականության հարց է: Ես կարծում եմ, որ այս սրբադասումը ոչ մի կերպով չի տկարացնում, հակառակը զորացնում է գործընթացը:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: