Շայ Ռեշեֆ. Օնլայն կրթությունը մատչելի է, հարմար եւ որակյալ - Mediamax.am

exclusive
20613 դիտում

Շայ Ռեշեֆ. Օնլայն կրթությունը մատչելի է, հարմար եւ որակյալ

Շայ Ռեշեֆը
Շայ Ռեշեֆը

Լուսանկարը` UoPeople

Լուսանկարը`


Շայ Ռեշեֆը University of the People (UoPeople)-ի տնօրենն է, որն ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված, առանց ուսման վարձի աշխարհի առաջին օնլայն կրթական հաստատությունն է: Այն անհատներին տրամադրում է հնարավորություն ստանալ բարձրագույն կրթություն՝ անկախ ազգությունից, ֆինանսական կամ հասարակական խոչընդոտներից: 

Ռեշեֆը, ով միջազգային կրթական շուկայում 25 տարուց ավելի փորձ ունեցող ձեռներեց է, անցած շաբաթ այցելել էր Հայաստան՝ նկարահանվելու վիդեո բլոգեր Nas Daily-ի տեսանյութում, հանդիպելու UoPeople-ի հայ ուսանողներին: Նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

 

- University of the People-ը գործում է արդեն 9 տարի: Ինչպիսի՞ ազդեցություն է այն  ունեցել գլոբալ կրթական համակարգի վրա այս տարիների ընթացքում: 

 

- Մեր գործունեության հիմքում ընկած է այնպիսի մոդելի կառուցումը, որը ցույց կտա, որ որակյալ կրթությունը կարող է լինել մատչելի եւ հասանելի բոլորին: Այսօր մեր համալսարանում սովորում է 15 հազար ուսանող, որոնց մի մասը գտնվելով բավական բարդ պայմաններում, բարձրագույն կրթություն ստանալու այլ հնարավորություն չունի: Այնպես որ, մեր համալսարանը նրանց կյանքում կարեւոր դեր է խաղում: 

 

Մի շարք երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, կրթությունը բավական թանկ է: Միաժամանակ, աշխարհում կան վայրեր, որտեղ համալսարաններում տեղերը չեն հերիքում բոլոր ցանկացողների համար: Օրինակ, Նիգերիայում ամեն տարի 1.5 մլն մարդ անցնում է ընդունելության քննությունների միջով, սակայն համալսարաններում տեղեր կան միայն 500 հազար ուսանողի համար: Ստացվում է, որ այդ երկրում 1 միլիոն մարդ յուրաքանչյուր տարի զրկվում է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: 

 

Մենք ասում ենք, որ այս խնդիրը կարելի է լուծել օնլայն կրթության միջոցով: Ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ օնլայն կրթությունը կարող է հասանելի լինել բոլորի համար: 

 

- Ի՞նչ եք կարծում, ներկայում օնլայն համալսարաններն ավելի լա՞վ են իրենց դրսեւորում, քան ավանդականները:  

 

- Դա հարաբերական է: Որոշ ավանդական համալսարաններ այդքան էլ լավը չեն, եւ օնլայնը նրանց միանշանակ կարող է փոխարինել: Բայց օնլայն կրթությունը միշտ չէ, որ լավագույն լուծումն է բոլորի համար, քանի որ որոշ ուսանողներ իսկապես դեմ առ դեմ շփման կարիք ունեն: Ուրիշների համար հարմարավետ է օնլայն սովորելը: 

 

Օրինակ փախստականների դեպքում հետեւյալ սկզբունքն է գործում. կամ նրանք օնլայն կրթություն են ստանում, կամ ընդհանրապես կրթություն չեն ստանում: Այդ մարդկանց համար մենք հիանալի լուծում ենք: 

 

Մեր համալսարանում կրթությունն անվճար է: Սակայն ուսանողները պետք է յուրաքանչյուր կուրսի ավարտին $‌100 վճարեն՝ որպես գնահատման գումար: 1 տարվա ուսուցումը բաղկացած է 10 կուրսից եւ արժե $‌1 000: Ստացվում է, որ 4 տարվա բակալավրի ծրագրի արժեքը կազմում է $‌4 000: Այն ուսանողները, որոնք ֆինանսական դժվարություններ ունեն, ստանում են կրթաթոշակ համալսարանի կողմից, որովհետեւ մեր առաքելությունն է որակավորված որեւէ ուսանողի ֆինանսական պատճառներով դուրս չթողնել համալսարանից:

 

Ավանդական լավագույն համալսարանները միշտ գործելու են: Օրինակ, ներկայում Հարվարդում սովորելու, ներառյալ`բնակության ծախսերը կազմում են շուրջ $‌300 հազ.: Բայց եթե մի օր Հարվարդի համալսարանը որոշի տարեկան $‌1 մլն գանձել, այն կշարունակի ունենալ անհրաժեշտ թվով ուսանողներ:

 

Շայ Ռեշեֆը Շայ Ռեշեֆը

Լուսանկարը` Ted.com

 

Ապագայում յուրաքանչյուր համալսարան պետք է ինքը որոշի, թե որքան գումար պետք է պահանջի իր տրամադրած կրթության համար եւ հստակ սահմանի, թե ինչու: Կարծում եմ՝ ապագայում յուրաքանչյուր համալսարան պետք է մասնագիտանա մեկ ուղղությամբ, որում ինքն ամենալավն է իրեն դրսեւորում եւ որոշի, թե որն է դրա համար պահանջվող գումարի ճիշտ չափը:   

- Ովքե՞ր են UoPeople-ի աջակիցները եւ ինչպե՞ս եք նրանց համոզում ներդրում կատարել օնլայն կրթության ասպարեզում: 

 

- Բազմաթիվ անհատներ եւ հիմնադրամներ են մեզ աջակցում, այդ թվում՝ The Bill and Melinda Gates Foundation-ը, Fondation Hoffmann-ը, The Ford Foundation-ը եւ այլք: 

 

Կարծում եմ՝ նրանք մեզ աջակցում են, քանի որ հավատում են, որ մենք ենք բարձրագույն կրթության ապագան եւ ցանկանում են, որ մենք այդ գործում հաջողենք: 

 

Մենք ունենք շուրջ 7 000 կամավորներ, նրանց թվում են Բերքլիի, Կոլումբիայի, Օքսֆորդի եւ այլ համալսարանների կարեւոր դեմքեր: Նրանք համագործակցում են մեզ հետ, քանի որ գիտեն, որ բարձրագույն կրթության գինը այնքան բարձր է այսօր, որ պետք է գոյություն ունենա այլընտրանք: Նաեւ աշխարհի բազմաթիվ կետերում կրթության որակը բավական լավը չէ: Դու գումար ես վճարում, ստանում դիպլոմ, բայց այն քեզ չի պատրաստում հաջողության հասնելու աշխատանքային շուկայում: Մենք նաեւ ուսանողներ ունենք, որոնք ունեն այլընտրանք եւ կարող են այլ տեղում սովորել, բայց մեզ են ընտրում, կարծում եմ՝ որակի համար: 

 

- Որքա՞ն հայ ուսանող է UoPeople-ն ունեցել իր գործունեության 9 տարիների ընթացքում: 

 

- Այս տարիների ընթացքում շուրջ 20 հայ ուսանող ենք ունեցել: Նրանց մի մասը ապրում է Հայաստանից դուրս: Ցանկանում ենք ավելի շատ հայ ուսանողներ ունենալ ապագայում, որովհետեւ նրանք սովորաբար հիանալի ուսանողներ են: 

 

- Ո՞վ կարող է սովորել համալսարանում: Ի՞նչ պետք է իմանան ապագա ուսանողները դիմելուց առաջ: 

 

- Մեզ մոտ սովորելու համար հարկավոր է ունենալ դպրոցական դիպլոմ եւ անգլերենի իմացություն: Եթե դիմորդը չի սովորում այնպիսի դպրոցում, որտեղ անգլերենը գլխավոր լեզուն է, պետք է առանձին կուրս անցնի, որպեսզի ապացուցի, որ անգլերենի մակարդակը բավարար է մեզ մոտ սովորելու համար: Ապա դիմորդն անցնում է եւս երկու կուրսեր, ապացուցելով, որ համապատասխանում է համալսարանի չափանիշներին: 

 

Համալսարանն առաջարկում է բակալավրի ծրագրեր՝ բիզնես կառավարման, համակարգչային գիտությունների եւ բժշկական գիտության ուղղություններով, ինչպես նաեւ՝ MBA:

 

Մտածում ենք լրացուցիչ մասնագիտություններ ավելացնելու մասին, բայց այս պահին տրամադրում ենք կրթություն այն ուղղություններում, որոնք գլոբալ աշխատանքի շուկայում ամենապահանջվածն են:

 

Նարինե Դանեղյանը զրուցում է Շայ Ռեշեֆի հետ Նարինե Դանեղյանը զրուցում է Շայ Ռեշեֆի հետ

 

 

 

Յուրաքանչյուր վիրտուալ դասարան կազմված է 20 ուսանողից, որոնք 20 տարբեր երկրներ են ներկայացնում: Սա նաեւ հիանալի մշակութային պրակտիկա է, քանի որ ուսանողները սովորում են այլ մշակույթներից մարդկանց հետ աշխատել:

 

- Սա ձեր առաջին այցն է Հայաստան: Ի՞նչն է Ձեր բերել այստեղ: 

 

- Ես եկա Հայաստան, քանի որ Nas Daily-ն ներկայում տեսանյութեր է պատրաստում Հայաստանի մասին: Նա որոշել էր իմ եւ մեր համալսարանի մասին տեսանյութ պատրաստել, քանի որ լսել էր մեր մասին եւ հավանել էր համալսարանի կոնցեպտը: 

 

 

Ես շատ եմ ճամփորդում եւ փորձում որքան հնարավոր է շատ հանդիպել աշխարհի տարբեր կետերում բնակվող մեր ուսանողներին: Այնպես որ այս այցը նաեւ լավ հնարավորություն էր մեր հայ ուսանողներին հանդիպելու համար:

 

 

- Ի՞նչ գիտեք Հայաստանի ՏՏ եւ նորարարության ոլորտի մասին: 

 

- Հայաստանը խելացի երկիր է, որն ուն զարգացման ներուժ: Հարցն այն է, որ հաջողության հասնելու համար Հայաստանը էկոհամակարգ ստեղծելու կարիք ունի:   Կարծում եմ՝ առանց կառավարության կողմից կրթությանը հատկացվող աջակցության կամ արտերկրից եկող գումարների հաջողության հասնել չի ստացվի: Սակայն, գլխավոր բանը, որ երկիրը տեխնո-կենտրոն է դարձնում, ոչ միայն ներդրումներն են, այլեւ տաղանդը, իսկ տաղանդ այստեղ կա: 

 

Ի դեպ, անցած տարի հանդիպեցի հայազգի Շառլ Ազնավուրն: Նա ինձ առաջարկեց, որ UoPeople-ը սկսի հայերեն լեզվի ուսուցման կուրս առաջարկել եւ խոստացավ դրա համար վճարել (ծիծաղում է): 

 

- Եւ ի՞նչ, համաձայնեցի՞ք:

 

-Ոչ (ծիծաղում է): Պատճառն այն է, որ մենք լեզվի ուսուցման կուրսեր չենք առաջարկում: Նույնիսկ վստահ էլ չեմ, որ նա լուրջ էր առաջարկում: Բայց հաճելի էր, Ազնավուրը հիանալի մարդ է: 

 

-Ո՞րը կլինի Ձեր խորհուրդը այն երիտասարդներին, որոնք ցանկանում են փորձել իրենց օնլայն կրթության ասպարեզում: 

 

- Պետք է շատ մոտիվացիա, նվիրվածություն եւ ժամանակի կառավարման ուժեղ հմտություններ ունենաս, որպեսզի օնլայն ուսուցման գործընթացում հաջողության հասնես: Շատերն անցնում են օնլայն ուսուցման եւ հետո հասկանում, որ դա իրենց համար չէ: Պետք է կարգապահ լինես, քանի որ բարդ գործընթաց է: Անգլերենը եւս չափազանց կարեւոր է: 

 

Կարծում եմ, որ բոլորը պետք է դիտարկեն բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը: Խրախուսում եմ մարդկանց օնլայն կրթություն ստանալ, քանի որ դա մատչելի է, ճկուն, հարմար եւ որակյալ: Սա է կրթության ապագան: 

 

Շայ Ռեշեֆի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին