Nas Daily. Հայաստանը ներկայացնում եմ իրական գույներով - Mediamax.am

exclusive
32317 դիտում

Nas Daily. Հայաստանը ներկայացնում եմ իրական գույներով

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Աշխարհահռչակ վլոգեր Nas Daily-ին վերջապես Հայաստան էլ եկավ: Պաղեստինա-իսրայելացի ճամփորդ վլոգերը 1-րոպեանոց տեսանյութեր է պատրաստում հայկական մշակույթի, հայերի եւ մեր ապրելակերպի մասին: Մի շարք մարդիկ պարզապես խենթանում են Նասի վիդեոների համար, իսկ շատերն էլ դեռ հետաքրքրված են, թե ով է այս երիտասարդը եւ ինչու է նման հավես տեսանյութեր պատրաստում մեր մասին, որոնցից մեկում նկարահանվել է անգամ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախքան վլոգերը կսկսեր այսօրվա զբաղված նկարահանման օրը, Մեդիամաքսը հանդիպել է Nas Daily-ին եւ զրուցել հայաստանյան ճամփորդության եւ իր ճամփորդական կյանքի մասին: 

Նուսեիր Յասինը, ավելի հայտնի որպես Nas Daily, ամենահաջողակ Facebook վլոգերներից մեկն է՝ նրան մի փնտրեք YouTube-ում, որտեղ մյուս վլոգերներն են ստեղծագործում: Նա միայն ֆեյսբուքյան էջ է վարում եւ միայն մեկ րոպեանոց տեսանյութեր նկարում: Այսօր Nas Daily-ի 832-րդ օրն է տեսանյութ պատրաստելու: 

Նուսեիրը պարտավորվել է վավերագրել իր կյանքի 1000 օրը, իսկ սկսած 828-րդ օրվանից նա իր մի քանի օրերը Հայաստանին է նվիրում: Մյուս նշանակետը հնարավոր է Մեծ Բրիտանիան լինի: 

 

 

1-րոպեանոց իր տեսանյութերով Նասն աշխարհի մարդկանց ստիպում է համացանցում որոնել Armenia բառը եւ սիրահարվել մեր մշակույթին: Nas Daily թիմը դեռ Հայաստանում է,  պատրաստվում է տեսնել սահմանը, նկարահանել բնությունը եւ գուցե դեռ փնտրել մարդկանց, որոնք հետաքրքիր պատմություն ունեն: Նրանք նաեւ պատրաստվում են վերջին օրը շատրվանային փարթի կազմակերպել Հանրապետության Հրապարակում, սակայն ծրագրերը դեռ կարող են փոխվել, որովհետեւ սա Nas Daily-ին է, եւ ամեն ինչ կախված է տվյալ օրվանից: 

 

Ո՞վ է Nas Daily-ին

 

Ես պարզապես մի տղա եմ, որը թողել է գործը 832 օր առաջ եւ վերջին 831 օրն աշխարհի տարբեր ծայրերում պատրաստում է 1-րոպեանոց տեսանյութեր՝ ամեն օր տեղադրելով դրանք ֆեյսբուքյան էջում: Ինձ հետաքրքրող թեմաների մասին տեսանյութերը պատրաստելուց հետո մարդիկ սկսեցին հետեւել ինձ. հիմա նրանք 7 միլիոն են: 

 

Մարդկանց սկսեցին դուր գալ տեսանյութերս, որովհետեւ դրանք այն մասին են, թե ինչն է լավը աշխարհում: Այն ստիպում է քեզ մտածել, որ աշխարհն ավելի փոքր է, քան իրականում կա, որ իրականում բոլորս էլ նույնն ենք: Եթե դուք հետաքրքրված եք մյուս մարդկանցով, երկրներով ու մշակույթով, ուրեմն սա այն ալիքն է, որ ես ձեզ համար եմ պատրաստում՝ փորձելով որքան հնարավոր է անկեղծ մնալ: «Մարդիկ, որոնք հետաքրքրված են մյուսներով». նրանք են իմ վիդեոներին հետեւող հասարակությունը: 

 

Ես դեռ ունեմ 168 օր: Դրանից հետո պատրաստվում եմ ավարտել իմ 1000 օրը եւ հիմա մտածում եմ իմ հաջորդ ծրագրի մասին. այն գուցե Հայաստանում Nas Daily-ի անունով սրճարան հիմնելը լինի (ծիծաղում է-հեղ.)… Երբեք չգիտես: 

 

Nas Daily-ն Nas Daily-ն

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ես ծրագրավորող էի, աշխատում էի Նյու Յորքում PayPal-ի համար: Երբեք չեմ զղջում, որ սկսել եմ Nas Daily-ին: Իրականում այնքան ուրախ եմ, որ կարող եմ կյանքս կառավարել այնպես, ինչպես ուզում եմ: 

 

Դրա համար եմ այստեղ 

 

Մի անգամ Երուսաղեմում քրիստոնեական, մուսուլմանական ու հրեական թաղամաս տեսա, եւ ինչ-որ մեկն ասաց, որ հայկականը նույնպես կա: Հիշում եմ՝ ինչպես մտքումս ասացի, «սա ի՞նչ է, գրողը տանի, ինչո՞ւ հայկական թաղամաս, ինչո՞ւ է այն այստեղ»: Դեռ շատ բան չգիտեի Հայաստանի մասին, գուգլ չէի արել: 

 

Nas Daily-ն Nas Daily-ն

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երկու շաբաթ առաջ Թուրքիայում էի, նայեցի քարտեզին եւ հասկացա, որ Վրաստանի կողքին եմ, նաեւ Ադրբեջանի ու ի՞նչ. երկիր, որի անունն է Արմենիա: Մի քիչ կարդացի համացանցում եւ հասկացա, որ Հայաստանը տոննայով ավելի շատ մշակույթ ունի, քան սովորական մյուս երկրները, ու հասկացա նաեւ, որ սա իմ տեղն է այցելելու, դրա համար եմ այստեղ: 

 

Ի դեպ, RepatArmenia-ն ինձ հետ կապի մեջ էր, ասել էին՝ եթե գաս, մենք քո կյանքն ավելի հեշտ կդարձնենք այստեղ: 

 

Ի՞նչը կարող էր գրավել Nas Daily-ին Հայաստանում

 

Կրոնը մեծ դեր է խաղում Հայաստանի հանդեպ ուշադրությունս գրավելու հարցում: Անցյալի սարսափեցնող պատմությունը նույնպես ինձ հետաքրքրում է, հայրենադարձության թեման էլ եզակի է: Մի շարք բաներ, որ կարդացի Հայաստանի վերաբերյալ, հիշեցրին իմ ծննդավայր Իսրայելի մասին, թվում է՝ սա Իսրայելն է՝ 10-20 տարի առաջ: Զգում եմ, որ հայերն այնպիսի հասարակություն են, որ ստիպում են քեզ նրանց մի մասը զգալ, երկրորդ՝ այն նաեւ ստիպում է հավատալ Հայաստանի ապագային: 

 

 

Ընդհանուր առմամբ, այն, ինչ հետաքրքիր եմ համարում, տեսանյութի թեմա եմ դարձնում: Հայաստանը եզակի է. պարը, մշակույթը, երաժշտությունը, ուտելիքը, բայց ինձ համար այս ամենը հետաքրքիր չէ, ու ես նման թեմաների մասին նյութ չեմ պատրաստում: 

 

Nas Daily-ն Nas Daily-ն

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ինձ դուր է գալիս, թե ինչպես եք դուք շախմատ սովորեցնում դպրոցում, ու ես դրա մասին տեսանյութ եմ պատրաստում: Սա CNN չէ, սա այն ամենն է, ինչ Nas Daily-ին ուզում է անել: 

 

Հայերի լավն ու վատը 

 

Շատ բան կա Հայաստանից սովորելու. հասարակ օրինակներ՝ պուլպուլակները կամ շախմատը, որոնք մյուս երկրներում էլ կարող են անել: Կամ այն, որ կարող եք լինել այդքան հավատացյալ եւ միաժամանակ՝ օտարներին այդքան ընդունող: 

 

Բայց բացասականն էլ ասեմ: Աստծո սիրո, մի՛ ծխեք ներսում, այդքան շատ քթի վիրահատություն մի՛ արեք, ինչ է դուք ուզում եք անթերի քիթ ունենալ մեծ քթի փոխարեն, ինչո՞ւ: Ավելի շատ անգլերեն սովորեք: 

 

Ամալի Խաչատրյանը զրուցում է Նուսեիր Յասինի հետ Ամալի Խաչատրյանը զրուցում է Նուսեիր Յասինի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Շատ բաներ կան, որ Հայաստանում կարելի է ավելի լավ անել, բայց դուք նաեւ շատ բան ճիշտ եք անում: Իմ գործն այն չէ, որ ճամփորդեմ տարբեր վայրերով ու ասեմ՝ այս կամ այն արեք: Իմ գործն աշխարհով մեկ ճամփորդելն է ու բառացիորեն յուրաքանչյուր երկրից լավը ստանալն է: Ես այստեղ եմ, որ ձեր բոլորից վերցնեմ ամենալավը: Ես ուզում եմ, որ իմ վիդեոներն իմ փորձի մասին լինեն, ու եթե ես հաջողեմ, ուրեմն ես Հայաստանն եմ ցույց տալիս՝ իրական գույներով: 

 

Հայաստանյան ճամփորդության մասին 

 

Իսկապես սիրում եմ հայաստանյան այս ճամփորդությունս: Նախ, զգում եմ, որ ավելի շատ մարդկանց հետ կարող եմ շփվել, ավելի շատ մարդ է անգլերեն խոսում, քան ես պատկերացնում էի (գուցե նրանից է, որ դեռ միայն կենտրոնում եմ եղել): Որպես Nas Daily՝ մենք փորձում ենք սիրել բոլոր վայրերը, որտեղ այցելում ենք, փորձում ենք նկատել այն բաները, որոնք աշխարհն ավելի լավն են դարձնում: Մենք որոշ երկրներ ավելի շատ ենք սիրում, եւ Հայաստանը ամենավերեւում է, 4-րդ կամ 5-րդ տեղում է. այն շատ-շատ տարբեր է: 

 

 

Սիրում եմ այն երկրները, որտեղ ինձ այդ երկրի մի մասն եմ զգում, որտեղ կարող եմ միջոցառումներ կազմակերպել ու խոսել մի շարք թեմաների մասին: Այս զգացողությունը հենց առաջին օրվանից ունեմ՝ օդանավակայանից: Երբ հայտնեցի, որ գալու եմ Հայաստան, շատ նամակներ սկսեցի ստանալ, ոգեւորված էի՝ տեսնելով ինձ դիմավորելու եկած մեծ թվով մարդկանց… 

 

Nas Daily-ն Nas Daily-ն

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հայերն ինձ նաեւ Իսրայելի մասին են հիշեցնում, հրեա համայնքը շատ ուժեղ է, նրանք իսկապես մտահոգվում են Իսրայելի համար, իրենց խոսքը վերածում են գործի, եւ հիմա Իսրայելն աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է: Հայաստանի եւ Իսրայելի միջեւ նմանություններ եմ նկատում: 

 

Արա այն, ինչ իսկապես ուզում ես անել

 

Աշխատանքից դուրս գալ եւ ճանապարհորդել՝ գրեթե երազանք է թվում շատերի ու նաեւ ինձ համար: Ես չէի երազում աշխատանքս թողնելու ու ճամփորդելու մասին: Երազում էի անել այն, ինչ ուզում եմ ու հանդիպեմ այնքան շատ մարդկանց, ինչքան հնարավոր է: 

 

Դա այն ամենն էր, ինչ ուզում էի եւ ուզում էի պատճառ գտնել մարդկանց հանդիպելու: «Հե՜յ, դու շատ հավեսն ես, ուզում եմ քո ընկերը լինեմ», բայց որպես ծրագրավորող ես ոչ մի առիթ չունեմ քո ընկերը լինելու: 

 

A post shared by Nas Daily (@nasdaily) on Jul 17, 2018 at 12:53pm PDT

 

Եթե երկրի նախագահ ես, որպես ծրագրավորող ես ոչ մի պատճառ չունեմ քեզ հետ զրուցելու, եւ դու նույնպես: Այսպիսով, մտածեցի այն բանի մասին, որն ինձ կօգնի խոսել աշխարհում բոլոր մարդկանց հետ: 

 

Նախկինում երբեք այսքան լարված չեմ աշխատել: Մի քիչ ալարկոտ էի, 11-ին արթնանալն ինձ համար դժվար էր: Շատ բան չէի անում, բայց ինձ միշտ հոգնած էի զգում: Երբ անում եմ այն, ինչ սիրում եմ, անսահման էներգիա եմ ունենում: 

 

Nas Daily-ն Nas Daily-ն

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մի՛ եղեք միալեզու

 

Եթե հիմա անգլերեն չես կարողանում խոսել, ուրեմն ինչ-որ մի բան սխալ ես անում: Այսօր գլոբալ լեզուն կամ անգլերենն է, կամ իսպաներենը: Սովորիր այս լեզուները, որովհետեւ հենց սա քո առջեւ դուռ կբացի դեպի մեծ աշխարհ: Եթե միայն հայերեն ես խոսում, ուրեմն դու բանտարկված ես աշխարհի մի հատվածում: Իմ խորհուրդն է սովորել անգլերեն: Ընկերներիցս շատերն իրականում ինձնից ավելի խելացի են, բայց նրանք չգիտեն՝ ուր դիմել, քանի որ անգլերեն չեն խոսում: 

 

This is 1 minute, see you tomorrow! 

 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին