exclusive
24443 դիտում

Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ երիտասարդների դաշնակիցը լինել

Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին


- Պարոն Սարգսյան, Հայաստանում եւ Սփյուռքում ձեր հանդիպումների մասին պատմող հաղորդագրություններում հաճախ խոսվում է այն մասին, որ ներկայացրել եք ապագա Հայաստանի Ձեր տեսլականը: Տեսլականը երկարաժամկետություն է ենթադրում, բայց ես ուզում եմ հարցնել տեսանելի ապագայի մասին՝ եթե ընտրվեք նախագահ, պաշտոնավարելու եք 7 տարի: Ինչպիսի՞ն կուզեք Հայաստանը տեսնել 2025 թվականին:

- Կցանկանամ երիտասարդ Հայաստան տեսնել։ Նկատի չունեմ միայն այն, որ երիտասարդներն ավելի շատ ներգրավված լինեն պետական կառավարման համակարգում։ Ցանկանում եմ, որ Հայաստանը ոգով երիտասարդ լինի՝ 21-րդ դարին համահունչ։

- Երբեմն կարող ենք կարծիքներ լսել, որ մեր հարուստ պատմությունը՝ մեծ արժեք լինելով հանդերձ, երբեմն խանգարում է մեզ, եւ մենք ապագային նայելու փոխարեն տարվում ենք անցյալով։ Ինչպե՞ս գտնենք «ոսկե միջինը»։

- Պատմությունն ու ժառանգությունը մեծագույն արժեքներ են, բայց մարդը պետք է ապագայով ապրի։ Հիշողություններով ապրելով՝ չենք աճում։ Պետք է ապրել վաղվա օրով։ Անցյալը եւ ժառանգությունը, անշուշտ, կարեւոր են, սակայն անցյալը չպետք է ապրելակերպ լինի։

Անհատների, կազմակերպությունների եւ պետությունների պարագայում ամեն ինչ իսկապես սկսվում է տեսլականից: Եթե այն չունենաս, չիմանաս, թե երկիրն ուր ես տանում, ժամանակակից պետություն ունենալ չես կարող:

Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վերջին շրջանում շատ հանդիպումներ եք ունեցել երիտասարդների հետ: Նրանց մեջ տեսնո՞ւմ եք ժամանակակից Հայաստան կառուցելու ներուժը:

- Այո, նրանք ֆանտաստիկ ներուժ ունեն: Հայ երիտասարդները միշտ էլ աչքի են ընկել ստեղծագործ ներուժով, պարզապես տարբեր ժամանակները տարբեր պայմաններ ու հնարավորություններ են տալիս: Իմ սերնդի երիտասարդությունը անցավ Խորհրդային միությունում, եւ մենք կարող էինք միայն երազել ազատության այն աստիճանի մասին, որն ունեն այսօրվա երիտասարդները:

Նրանք ազատ են, բայց այսօր ես մեծ հավաքական ստեղծագործ մթնոլորտ չեմ տեսնում՝ կան առանձին խմբեր, օազիսներ, կղզիներ, որոնք միմյանց հետ չեն կապվում, երբեմն նույնիսկ տեղյակ էլ չեն միմյանցից: Կարծում եմ՝ օգտակար կլինի կազմել 25-40 տարեկան ծագումով հայերի ցանկ, որոնք աշխարհի տարբեր մասերում հաջողությունների են հասել: Համոզված եմ, որ նրանց թիվը հսկայական է լինելու: Գրեթե ամեն օր շփվում եմ այդ մարդկանց հետ տարբեր երկրներում եւ ինքս կարող եմ 100 հոգուց բաղկացած ցուցակ կազմել: 

Ի դեպ, մեր զրույցից հետո այստեղ է գալու այդ երիտասարդներից մեկը՝ Մուշեղ Թովմասյանը: Նրա հայրիկը աստղագետ է, իմ ուսանողն է եղել, ես էլ Մուշեղի կնքահայրն եմ: (Զրույցի ընթացքում պարզվում է, որ մենք Մուշեղ Թովմասյանի մասին գրել ենք մի քանի տարի առաջ՝ նա Մեդիամաքսի 50 Գլոբալ հայերը նախագծի հերոսներից էր-հեղ.)

50 գլոբալ հայերը․ Մուշեղ Թովմասյան


Մեր նոր սերունդը լավն է՝ Հայաստանում եւ Սփյուռքում: Անշուշտ, Սփյուռքի ավանդական կազմակերպությունները եւ կառույցները պիտի պահպանվեն, բայց նոր սերունդը պետք է վերաձեւակերպի տեսլականը:

- Բայց գոյություն ունեցող համակարգերը՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում, ուժեղ հակազդեցություն են ցուցաբերելու:

- Իհարկե: Այդպես եղել է եւ լինելու է՝ ցանկացած համակարգ սկսում է դիմադրել՝ ինքնապահպանման բնազդից ելնելով: Բայց ավելի լավ է նոր սերնդի էներգիան ուղղվի այդ հակազդեցության հաղթահարմանը, քան վատնվի այլ բաների վրա:

Հաճախ խոսում ենք մեր ՏՏ ոլորտի հաջողությունների մասին, որոնք, անշուշտ առկա են: Սակայն ես մեր ՏՏ-ում տեսնում եմ որոշակի փակվածություն, «արգելոցի» վերածվելու միտում: Տաղանդավոր ու եռանդուն երիտասարդները պետք է ճանաչեն միմյանց ու զգան, որ իրենք են երկրի տերը, իրենք եք այն ղեկավարելու, տնտեսությունը զարգացնելու:

Ինձ հաճախ երիտասարդները հարց են տալիս՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան: Ես էլ ասում եմ՝ դուք պետք է ասեք, դուք եք դա անելու: Ես իմ դերը տեսնում եմ այդ անցումն ապահովելու մեջ:

- Կարո՞ղ ենք ձեւակերպել, որ եթե ընտրվեք Հայաստանի նախագահ, երիտասարդները՝ ի դեմս Ձեզ, դաշնակից կունենան:

- Այո: Նրանք էլ իմ դաշնակիցներն են լինելու, քանի որ ուզում եմ, որ մեր երկիրը լինի երիտասարդ, էներգիայով լեցուն, փոփոխությունների ձգտող: Երիտասարդությունը հոգեվիճակ է, տարիքի հետ կապ չունի: Շառլ Ազնավուրն այսօր 94 տարեկան է, բայց հոգով երիտասարդ է:
Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հաճախ ենք խոսում Հայաստան-Սփյուռք կապերի ճիշտ բանաձեւը գտնելու մասին: Դուք կարծո՞ւմ եք, որ հենց երիտասարդները պետք է դառնան այդ «բանալին»:

- Այո: Հայաստանի եւ Սփյուռքի կապերը պետք է կառուցվեն ապագայի վրա: Իսկ ավանդական կառույցներն ու կազմակերպությունները պետք է նոր իմաստ եւ բովանդակություն ձեռք բերեն: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտակցում են, եւ նոր ավյունի կարիքն ունեն:

- Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ Սփյուռքը՝ իր ամբողջ բազմազանությամբ հանդերձ, կոնսենսուսի կգա այն մասին, որ կենտրոնը Հայաստանն է:

- Կարծում եմ՝ դրանում բոլորը վաղուց համոզված են: Խնդիրն այլ է՝ այո՛, կենտրոնը Հայաստանն է, բայց դա ի՞նչ է նշանակում: Մարդիկ պետք է իրենց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասնակից զգան:

- Դուք հաճախ խոսում եք կրթության կարեւորության մասին: Այսօր խոսեցիք օազիսների կամ կղզյակների մասին՝ այդպիսիք ունենք նաեւ կրթության ոլորտում, սակայն մեր միջնակարգ կրթությունն իր ձեւով ու բովանդակությամբ հին է, կարծրացած ու չի համապատասխանում ժամանակակից պետության պահանջներին:

- Երբ խոսում ենք միջնակարգ կրթության մասին, ապա այն, ինչ այսօր ունենք Երեւանում, պետք է ապահովենք նաեւ ամենահեռավոր գյուղերում: Տաղանդավոր երեխաները ծնվում են ամեն տեղ, եւ բոլորը լավ կրթություն ստանալու իրավունք ունեն:
Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կրթական համակարգի կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի նաեւ տաղանդավոր երեխաների բացահայտումը: Դպրոցը միայն այն տեղը չէ, որտեղ երեխան կրթություն է ստանում: Դպրոցում պետք է կարողանան բացահայտել երեխայի երաժշտական, մարզական կամ մաթեմատիկական տաղանդները եւ ծնողներին խորհուրդ տան երեխայի ապագայի վերաբերյալ:

Իսկապես, կրթության ոլորտում մենք բազում եւ լուրջ խնդիրներ ունենք: Ունենք նաեւ լավ օրինակներ եւ պետք է փորձենք դրանց դրական փորձառությունն ի մի բերել եւ կառուցել ազգային կրթական համակարգ, որը չի նմանակելու արտասահմանյաններին:

Արմեն Սարգսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am