Ավետ Ադոնց. “ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու բանակցությունները սկսելու համար պետք է իրականացնենք էական բարեփոխումներ” - Mediamax.am

14339 դիտում

Ավետ Ադոնց. “ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու բանակցությունները սկսելու համար պետք է իրականացնենք էական բարեփոխումներ”

Ավետ Ադոնցը
Ավետ Ադոնցը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը`


Եվրոպական Միությունում եւ Բելգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Նախորդ շաբաթ Ֆիլիպ Լեֆորտը նշանակվեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության (ԵՄ) նոր հատուկ ներկայացուցիչ: Այդ պաշտոնը թափուր էր մնացել փետրվարի 28-ից, երբ լրացել էր նախկին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մանդատը, եւ այս ընթացքում ԵՄ-ում քննարկում էր գնում` արժե՞ պահպանել այդ պաշտոնը, թե ոչ:

 

- Իսկապես, ԵՄ-ում բավականին ակտիվ քննարկում էր գնում հատուկ ներկայացուցիչները ինստիտուտի (դրանք գործում էին ոչ միայն Հարավային Կովկասում) շուրջ: Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվեց Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը, որը ենթադրում է արտաքին քաղաքականության վարման ավելի կենտրոնացված մեխանիզմների ներդրում:

 

Ի վերջո, հաշվի առնելով այն փաստը, որ Հարավային Կովկասում կան չլուծված հակամարտություններ, չկարգավորված միջպետական հարաբերություններ եւ այլ կարեւոր հիմնահարցեր, որոնք պահանջում են ԵՄ-ի ակտիվ ներգրավումը, որոշում կայացվեց պահպանել հատուկ ներկայացուցչը ինստիտուտը այս տարածաշրջանի համար: ԵՄ-ում որոշեցին, որ այդ ինստիտուտը թույլ կտա ստանալ բազմակողմանի գնահատականներ տարածաշրջանի վերաբերյալ:

 

Եվրոպացի գործընկերների հետ բազմիցս քննարկել ենք այս հարցը` հույս հայտնելով, որ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը կգործի ավելի արդյունավետ, քան իր նախորդը` Պիտեր Սեմնեբին: Առաջին հերթին ի նկատի ունենք այն, որ հատուկ ներկայացուցիչը կարող է օգտագործել իր մանդատով նախատեսված բոլոր լծակները, որպեսզի ԵՄ-ի եւ անդամ-պետություններին ներկայացնի առավել օբյեկտիվ գնահատականներ տարածաշրջանի զարգացումների մասին:

 

- Հայաստանը եւ ԵՄ-ն բանակցություններ են վարում Ասոցացման համաձայնագրի շուրջ, եւ երկու կողմերը բավական դրական են գնահատում դրանց ընթացքը` նշելով, որ հարցերի կեսն արդեն համաձայնեցված է: Ի՞նչ ծավալի աշխատանք դեռ պետք է կատարել եւ ո՞րն է բանակցությունների ավարտի հավանական ժամկետը:

 

- Հստակեցնեմ, որ Ասոցացման համաձայնագիրն իր մեջ ներառում է նաեւ Ազատ առեւտրի համաձայնագիրը: Ստորագրվելու է մեկ փաստաթուղթ` բաղկացած երկու մասից` քաղաքական եւ տնտեսական, որոնք չի կարելի տարանջատել միմյանցից:

 

Առաջին մասով արդեն համաձայնեցված է գլուխների կեսից ավելին, եւ բանակցությունների դինամիկան բավական դրական է: Երեք ամիսը մեկ պատվիրակությունները հանդիպում են` Երեւանում եւ Բրյուսելում: Բացի դրանից, պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ վիդեկոնֆերանսների միջոցով:

 

Մոտակա ժամանակներում եվրոպացի գործընկերների հետ կսկսենք հակամարտություններին եւ անվտանգության հարցերին վերաբերող հարցերի քննարկումը, եւ վստահ եմ, որ դրական դինամիկան կպահպանվի:

 

Բանակցությունների ավարտն արդեն տեսանելի ապագայում է, սակայն չպետք է մոռանանք, որ այնուհետեւ պետք է սկսվի ստորագրված փաստաթղթի իրագործումը, եւ փորձը ցույց է տալիս, որ դա եւս ծավալուն աշխատանք պահանջող փուլ է:

 

Փաստաթղթի երկրորդ մասի` Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել:

- Գարնանը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել էր, որ այդ բանակցությունները կմեկնարկեն, «երբ Հայաստանը պատրաստ լինի դրան»: Ինչի՞ մասին է խոսքը:

 

- Այդ բանակցությունները չեն սկսվել նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի` «Արեւելյան գործընկերության» այլ անդամների հետ: Ի դեպ, Ադրբեջանի հետ ԵՄ-ն չի նախատեսում կնքել Ազատ առեւտրի համաձայնագիր, քանի որ այդ երկիրը Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ չէ, իսկ անդամակցությունը ԱՀԿ-ին բանակցություններ սկսելու առաջնային պայմաններից մեկն է:

 

Բանակցությունները սկսելու համար երկիրը պետք է իրականացնի ծավալուն բարեփոխումներ եւ համապատասխանեցնի իր օրենքներն ու ընթացակարգերը Եվրոպական Միության չափանիշներին:

 

Եվրոպական Հանձնաժողովի հատուկ տնտեսական առաքելությունը այցելել է Հայաստան ու մատնանշել է երեք հիմնական ուղղություններ, որտեղ Հայաստանի կառավարությունը պետք է բարեփոխումներ անի` մտավոր սեփականության պաշտպանությունը, առեւտրային արգելքների վերացումը, ֆիտոսանիտարիայի եւ սանիտարիայի ոլորտները: ՀՀ կառավարությունը վերջերս իր որոշմամբ ընդունել է գործողությունների ծրագիր մատնանշված խնդիրների լուծման համար, որի իրագործումից հետո կկարողանանք ասել, որ Հայաստանը պատրաստ է սկսել Ազատ առևտրի գոտու բանակցությունները:

- Փաստորեն, նույնիսկ եթե փաստաթղթի առաջին մասը համաձայնեցվի 100 տոկոսով, այն չի ստորագրվի, քանի դեռ չեն ավարտվի երկրորդ մասի բանակցությունները:

 

- Այո, խոսքը գնում է մեկ միասնական փաթեթի մասին:

 

Ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները ենթադրում են բազմաբնույթ բարեփոխումներ մեր տնտեսական քաղաքականության մեջ: Օրինակ, ԵՄ երկրների խանութներում մտավոր սեփականություն հանդիսացող CD-ն կամ DVD-ն արժեն առնվազն 15-20 եվրո, եւ ոչ թե 2-3, ինչպես այսօր Հայաստանում: Իհարկե, ԵՄ երկրներում եւս կարող եք գտնել նման ապրանք, սակայն ոչ թե խանութներում, այլ տոնավաճառներում կամ նման այլ վայրերում:

 

Նման խնդիրների առկայության պարագայում ԵՄ-ն խնդիր է դնում հավասարեցնել կամ գոնե նվազագույնի հասցնել տարբերությունները մեր ու եվրոպական տնտեսական պայմանների, հարկային ու մաքսային ռեժիմների միջեւ: Կարծում եմ, բուն բանակցային գործընթացը կարող է տեւել ավելի կարճ, քան այս նախապատրաստական աշխատանքը:

- Վստահ եմ, որ մեր քաղաքացիներին առավել հետաքրքրում է վիզային ռեժիմի հնարավոր դյուրացումը` ԵՄ երկրներ այցելելու համար: Ե՞րբ է նախատեսվում սկսել այս բանակցությունները:

 

- Սա մի գործընթաց է, որն ընթանում է Ասոցացման համաձայնագրի բանակցություններին զուգահեռ: Նպատակն է մեր քաղաքացիների այցելությունները ԵՄ երկրներ դարձնել ավլի դյուրին` զգալիորեն կրճատելով այն փաստաթղթերի ցանկը, որոնք այսօր պահանջում են եվրոպական երկրների դեսպանությունները, ինչպես նաեւ գործընթացի վրա ծախսվող ժամանակը: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր քաղաքացիների շոշափելի հատված առհասարակ չի դիմում ԵՄ մուտքի արտոնագիր ստանալու համար` գիտակցելով, որ պետք է հավաքի բազմաթիվ թղթեր ու շատ ժամանակ վատնի` չունենալով մուտքի արտոնագիր ստանալու երաշխիք:

 

Այս փոփոխությունները հնարավորություն կտան ակտիվացնել շփումները մարդկանց միջեւ (people to people contacts): Առանց դրա Ասոցացման համաձայնագրի ստորագրումը եւ ազատ առեւտրի ռեժիմի կիրառումը կարող են պարզապես ինքնանպատակ դառնալ` չտալով այն արդյունքները, որոնք դրված են փաստաթղթերի հիմքում:

 

Սեպտեմբերին ԵՄ անդամ-երկրները Եվրոպական Հանձնաժողովին կտան մանդատ` Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները պաշտոնապես սկսելու համար: Կարծում եմ, դրանք կընթանան մի քանի ամիս, քանի որ, ըստ էության, բանակցություններն արդեն սկսված են, քանի որ հայկական կողմն արդեն իրականացրել է մի շարք անհրաժեշտ բարեփոխումներ:

 

Եւ, իհարկե, կողմերի վերջնական նպատակը վիզային ռեժիմի փոխադարձ վերացումն է:

- Ս.թ. ապրիլի 7-ին Եվրոպական Խորհրդարանի ընդունեց “Եվրոպական հարեւանության քաղաքականության տեսություն” բանաձեւը եւ դրա 49-րդ կետը կոչ է անում միջոցներ ձեռնարկել  վստահության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ “ոչ պաշտոնական կապեր եւ խորհրդատվություններ զարգացնել անջատված տարածքների հանրության հետ”: Ին՞չ կասեք այս առաջարկի մասին:

 

- Վերջին տարվա ընթացքում Եվրոպական Խորհրդարանի մի շարք պատգամավորներ այցելեցին Հայաստան, այնուհետեւ`Լեռնային Ղարաբաղ: Արդյունքում նրանք “անցանկալի անձ” հռչակվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ հայտնվեցին այդ երկրի «սեւ ցուցակում»:

 

Բնականաբար, նման իրավիճակը ընդունելի չէ Եվրոպական Խորհրդարանի եւ նրա անդամների համար, որոնք պետք է հնարավորություն ունենան այցելեն չճանաչված պետություններ, որպեսզի ծանոթանան այնտեղի իրավիճակին` օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Այսինքն, ընդունված բանաձեւի առաջնային նպատակներից մեկն է «օրինականացնել» պատգամավորների այցերը:

- Մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ԵՄ-ն բավական ակտիվ աջակցում էր հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ձեր տպավորությամբ, այսօր, երբ գործընթացը փաստացի սառեցված է, ԵՄ-ն ո՞ւնի ցանկություն եւ լծակներ, որպեսզի դրդի Թուրքիային վերսկսել հարաբերությունների կարգավորումը:

 

- Իրոք, ԵՄ շատ ակտիվ էր եւ շատ ջանքեր գործադրեց արձանագրությունների ստորագրմանը նախորդող փուլում: Վստահ եմ, որ այսօր ստեղծված իրավիճակում Եվրոպական Միությունը կարող է առավել արդյունավետ օգտագործել իր լծակները` գործընթացը ճիշտ հուն վերադարձնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին