Էրիկ դե Ռոտշիլդ. Հայերն ու հրեաները վերապրել են նույն սարսափը - Mediamax.am

exclusive
27497 դիտում

Էրիկ դե Ռոտշիլդ. Հայերն ու հրեաները վերապրել են նույն սարսափը

Էրիկ դե Ռոտշիլդը Տաթեւի վանքում
Էրիկ դե Ռոտշիլդը Տաթեւի վանքում

Լուսանկարը` Հայկ Մելքոնյան

Լուսանկարը`


Նախորդ շաբաթ Ռուբեն Վարդանյանի եւ IDeA հիմնադրամի հրավերով Հայաստան էր այցելել Ռոտշիլդների ցեղի ներկայացուցիչ, հայտնի ֆրանսիացի գործարար եւ մեկենաս բարոն Էրիկ դե Ռոտշիլդը:

 

1973 թ-ից նա գլխավորում է Շատո Լաֆիտ-Ռոտշիլդ (Chateau Lafite-Rothschild) գինեգործական տնտեսությունը: «Բորդոյի գինիների 1855 թ. պաշտոնական դասակարգման» համաձայն, Շատո Լաֆիտ-Ռոտշիլդը դասվել է «Պրեմիեր Գրան կրյու» կարգին (Premier Grand Cru Classe), այսինքն, ստացել է դասակարգման բարձրագույն աստիճանը: Այն ընդգրկվել է Բորդոյի լավագույն արտադրողների հնգյակում՝ Chateau Mouton-Rothschild-ի, Chateau Margaux-ի, Chateau Latour-ի и Chateau Haut-Brion-ի հետ մեկտեղ: 2010 թ-ին բարոն Էրիկ դե Ռոտշիլդը արժանացել է «Wine Enthusiast» ամերիկյան ամսագրի ամենահեղինակավոր մրցանակին՝ «Գինեգործության զարգացման գործում ընդհանուր ավանդի համար»:

 

Էրիկ դե Ռոտշիլդը նաեւ գլխավորում է Փարիզի «Շոա» հուշահամալիրը՝ Հոլոքոստի պատմության թանգարանը:

 

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարան այցելելուց հետո բարոնը համաձայնել է պատասխանել Մեդիամաքսի մի քանի հարցերին:

 

- Ի՞նչ զգացողություններ ունեք Ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր այցելելուց հետո։

 

- Երբ լսում եմ նման սոսկալի հանցագործությունների մասին, ապա շատ նմանություններ եմ տեսնում հայերի ու հրեաների ճակատագրերում, եւ դա սարսափելի է։ Նմանություն կա նաեւ գաղափարախոսական նկատառումներից ելնելով մի ամբողջ ազգ ոչնչացնելու ցանկության մեջ։ Հայերին Օսմանյան կայսրությունում ընկալում էին որպես վտանգ։

 

Սարսափելի է, որ 1915 թ-ին հայերի հետ պատահածը ավելի ուշ կրկնվեց Եվրոպայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ հետո նաեւ Աֆրիկայում… Ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ առանց խղճի խայթի ընդունում մի ամբողջ ազգ ոչնչացնելու գաղափարը։

Էրիկ դե Ռոտշիլդը Հայոց Ցեղասպանության թանգարանում Էրիկ դե Ռոտշիլդը Հայոց Ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Հայկ Մելքոնյան

Փարիզում [Շոա հուշահամալիրում - Մեդիամաքս ] մենք մեր հիմնական խնդիրն ենք համարում կրթությունը։ Ժամանակի ու միջոցների գերակշիռ մասը մենք ծախսում ենք երիտասարդ սերնդի կրթությունը կազմակերպելու վրա։ Մենք նաեւ կրթում ենք ուսուցիչներին, ովքեր պետք է հետագայում կրթեն երիտասարդներին։

 

Լիարժեք կրթություն տալու համար պետք չէ կենտրոնանալ մեկ ցեղասպանության վրա․պետք է պատմել հայերի, հրեաների, թութսիների ցեղասպանությունների մասին։ Միայն այդպես մարդիկ կարող են գիտակցել, որ ցեղասպանություններին շարունակ քաղաքական մոտեցում է ցուցաբերվում։

 

Երկրների վերնախավերը պետք է պատրաստ լինեն ճանաչել ցեղասպանություն իրականացրած անձանց պատասխանատվությունը։ Նայեք մեր օրերում տեղի ունեցող եզդիների ու քրդերի ջարդերին եւ աշխարհի արձագանքին։ Աշխարհի արձագանքը չափազանց զուսպ է։ Մուսուլմանական աշխարհը չի արձագանքում, իսկ ինչ վերաբերում է քրիստոնյա աշխարհին, ապա դրա արձագանքը կարելի է կոչել «լռության արտաբերում», ինչը որոշ իմաստով հնարավոր է դարձնում այդ ջարդերը։ Հենց դա է ամենացավալին իմ համար։

 

- Դուք եղել եք Տաթեւի վանքում եւ այնտեղ տեսել եք հին Հայաստանի մի մասնիկը։ Եղել եք նաեւ UWC Dilijan քոլեջում, որը նոր Հայաստանի մի մասն է։  Եթե փորձեք ամփոփել, ապա ի՞նչ տպավորություններ ստացաք Հայաստանից։

 

- Այսօր աշխարհում ապրում է 12-13 միլիոն հրեա. 6 միլիոնը Իսրայելում են բնակվում եւ մոտավորապես 6 միլիոնը կազմում են շատ հզոր սփյուռքը։ Հայաստանում ապրում է 3 մլն մարդ ու եւս 6 միլիոնը սփյուռքում են։ Այս երկու ազգերը անցել են համանման սարսափների միջով, սակայն հաղթահարել են դրանք եւ այսօր բարգավաճում են։

Էրիկ դե Ռոտշիլդը եւ Ռուբեն Վարդանյանը UWC Dilijan քոլեջի տարածում Էրիկ դե Ռոտշիլդը եւ Ռուբեն Վարդանյանը UWC Dilijan քոլեջի տարածում

Լուսանկարը` Հայկ Մելքոնյան

Հայաստանում ես տեսա մարդկանց, ովքեր ինքնուրույն հարթում են սեփական ուղին, ծրագրեր են կազմում, նոր դպրոցներ կառուցում։ Հուզիչ ինչ-որ բան կա նրանում, որ հայերն ու հրեաները շատ ընդհանուր սովորություններ ունեն, կապված մարդկային հարաբերությունների, աշխատանքի, կրթության հետ։ Հետաքրքիր է, որ երկու ազգերը միանման նպատակներ են հետապնդում։ 

 

- Գիտեմ, որ համտեսել եք հայկական գինիները։ Ինչ եք կարծում, կարո՞ղ են դրանք ապագա ունենալ միջազգային շուկայում։

 

- Ես գրեթե համոզված եմ, որ հայկական գինիները ապագա ունեն։ Դուք ունեք սփյուռք, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ 6 մլն հայերը կսատարեն այդ գինիներին։

Էրիկ դե Ռոտշիլդը Էրիկ դե Ռոտշիլդը

Լուսանկարը` Pinchuk Foundation

Ընդհանուր առմամբ, գինու որակը ողջ աշխարհում զգալիորեն բարձրացել է վերջին 20-30 տարիների ընթացքում։ Նույնը կարելի է ասել նաեւ հայկական գինիների մասին։ Մենք փորձել ենք գինիներ, որոնք շատ լավն էին, մի քանիսն էլ ինձ շատ հետաքրքիր թվացին։ Նաեւ գինիներ կային, որոնք կարող են առաջընթաց գրանցել, եթե աշխատանք տարվի սեպաժի վրա։ Կարծում եմ, հայկական գինիներին մեծ ապագա է սպասում։

 

Էրիկ դե Ռոտշիլդի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին