Ջերմուկի առաջին կին վարորդ Սյուզաննան - Mediamax.am

exclusive
3802 դիտում

Ջերմուկի առաջին կին վարորդ Սյուզաննան


Սյուզաննա Ավետիսյանը
Սյուզաննա Ավետիսյանը

Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Սյուզաննա Ավետիսյան, 29 տարեկան

Ջերմուկ, Վայոց Ձոր

 

Ջերմուկի համայնքապետարանի երիտասարդության ոլորտի մասնագետ, «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ: Սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում: 

 

Երեւանում սովորելուց հետո պատրաստվում էի դիմել աշխատանքի: Ծնողներս ստիպեցին վերադառնալ հայրենի գյուղ՝ Կեչուտ (Ջերմուկից 3 կմ հեռու): Լացելով եմ վերադարձել: 18:00-ից հետո կյանքը մեռած էր Ջերմուկում: Հիմնականում մեծ մարդիկ էին, հասակակից ընկերներս բոլորը Երեւանում էին մնացել: Հասկացա, որ կամ պետք է իմը ստեղծեմ, կամ արտագաղթեմ. որոշեցի ինքս փոխել միջավայրը:

 

Սկսեցի ավտոմեքենա ու հեծանիվ վարել. Ջերմուկի առաջին կին վարորդն եմ: Բնակիչների համար սկզբում շոկ էր, հետո սկսեցին ընդունել, մտածում էին՝ ես ուրիշ եմ, ինձ կարելի է, բայց նույն տղամարդիկ արգելում էին իրենց կանանց ակտիվ լինել: 

 

***

 

2012թ. համայնքի ավագանու ընտրություններում առաջադրել էի թեկնածությունս, 22 տարեկան էի: 10 ձայնի տարբերությամբ չընտրվեցի: Հարազատներիցս շատերն անգամ ինձ չէին ընտրել, պատճառաբանում էին՝ աղջիկ եմ եւ դա իմ գործը չէ: 

 

Դիմել էի մանկապարտեզում կամ դպրոցում աշխատանքի, բայց չընդունեցին: Այդ շրջանում համայնքապետարանը պետբյուջեի ֆինանսավորմամբ երիտասարդության զարգացման կենտրոն պետք է ստեղծեր՝ Ջերմուկի երիտասարդական կենտրոն ՀՈԱԿ-ը: Քանի որ մինչ այդ մի քանի անգամ քաղաքապետին դիմել էի աշխատանքի համար, ճանաչում էր ինձ եւ առաջարկեց այդ ծրագրով ես զբաղվեմ: 

 

Կենտրոնը հիմնել եւ ղեկավարել եմ 2013-2018 թվականներին: Մի շարք կամավորներ ունեինք, երիտասարդների համար անվճար անգլերենի, համակարգչային կրթության դասընթացներ էինք անում, տարբեր թեմաներով սեմինարներ էինք վարում, ճամբարներ էինք կազմակերպում, որոնց հարյուրավոր երեխաներ էին մասնակցում:

 

***

 

Ցավ եմ ապրում, որ Ջերմուկից բարձրագույն կրթությամբ շատ երիտասարդներ աշխատում են մատուցող կամ վարորդ, որ մնան Երեւանում, մինչդեռ կարող էին վերադառնալ ու զարգացնել համայնքը: Երիտասարդները հոյակապ գաղափարներ ունեն, բայց հնարավորություն չունեն դրանք մարզերում իրականացնելու: Մտածում եմ, որ կարելի է գաղափարների բանկ ստեղծել, որտեղ երիտասարդները կտեղադրեն իրենց գաղափարները, իսկ հետաքրքրված մարդիկ կգնեն կամ դրա հեղինակին կներառեն իրենց ծրագրում: 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին