Իսքանդարյաններ. Բաղդադի մեծահարուստները - Mediamax.am

exclusive
5224 դիտում

Իսքանդարյաններ. Բաղդադի մեծահարուստները

Իրաքում հայ ընտանիքները յուրահատուկ հարգանք են վայելել, եւ Իսքանդարյանները, տիրապետելով մեծ հարստության եւ միջոցների, հաճախ նեցուկ են կանգնում իրենց հայրենակիցներին:

Հին Բաղդադը, 1918թ
Հին Բաղդադը, 1918թ

Լուսանկարը` http://abunawaf.com

Սառա Իսքանդարյանը
Սառա Իսքանդարյանը

Լուսանկարը` http://www.sdhnews.com

Սառա Խաթունն ու ամուսինը
Սառա Խաթունն ու ամուսինը

Լուսանկարը` http://www.aztagarabic.com

Նազեմ փաշան
Նազեմ փաշան

Լուսանկարը` http://www.algardenia.com

Պարիսուլա Լամպսոսը
Պարիսուլա Լամպսոսը

Լուսանկարը` «Ես Սադդամի կինն եմ» գրքի շապիկը

«Սառա Խաթուն» ֆիլմից. Սառան եւ Նազեմ փաշան
«Սառա Խաթուն» ֆիլմից. Սառան եւ Նազեմ փաշան

Լուսանկարը` https://www.elcinema.com


«Հայ գերդաստաններ» նախագծի շրջանակում այս անգամ Մեդիամաքսն անդրադարձել է Բաղդադի Իսքանդարյան ընտանիքին, որի մասին թեեւ Հայաստանում քչերը գիտեն, սակայն նրա հետաքրքրաշարժ պատմությունը իր ուրույն հետքն է թողել Իրաքի եւ տեղի հայ գաղթօջախի կյանքում:

 

Իրաքում հայ ընտանիքները յուրահատուկ հարգանք են վայելել, եւ Իսքանդարյանները, տիրապետելով մեծ հարստության եւ միջոցների, հաճախ նեցուկ են կանգնում իրենց հայրենակիցներին: 

 

Ինչպես նշում է «Իրաքահայերի ընտանեկան, մշակութային  միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կդիկյանը` «Իսքանդարյանները, լինելով Իրաքի բարձրատոհմիկ եւ ազնվական ընտանիքներից, որոնք Բաղդադում հաստատվել են դեռեւս 1915թ.-ի ողբերգական դեպքերից շատ առաջ,  հայտնի են իրենց բարեգործություններով եւ Իրաքի հայ համայնքին ցուցաբերած օժանդակությամբ»:

 

Մասնավորապես՝ 1910թ.-ին Հովհաննես Իսքանդարյանի միջոցներով Բաղդադում բացվել է առաջին օրիորդաց դպրոցը, որը, 1917թ.-ին միավորվելով  Բաղդադի Թարգմանչաց դպրոցի հետ (հիմնադրվել է 1852թ.-ին), դարձել է Իրաքի առաջին երկսեռ դպրոցը: Բարեգործություններով եւ իր կյանքի պատմությամբ Բաղդադում առավել հայտնի է Հովհաննես Իսքանդարյանի դուստրը` Սառա Խաթունը:

 

Սառա Իսքանդարյան. օսմանյան փաշայի հայուհի սիրեցյալը

 

 

 

Այսօր դժվար է գտնել մի բաղդադաբնակ հայի, ում անծանոթ կլինի գեղեցկուհի Սառա Իսքանդարյանի անունն ու նրա հանդեպ թուրք փաշայի անպատասխան սիրո պատմությունը:

 

Սառա Իսքանդարյանը, նույն ինքը Սառա Խաթունը, ծնվել է 1889թ.-ին Բաղդադում: Վաղ հասակում կորցնելով մորը` Սոֆիին, փոքր քրոջը` Զաբելին եւ հորը` Հովհաննես Իսքանդարյանին, անչափահաս Սառան մնում է հորեղբոր` Սերոբ Իսքանդարյանի եւ նրա կնոջ խնամակալության ներքո: Լինելով Բաղդադի մեծահարուստ ընտանիքներից մեկը` Իսքադարյանները ներգրավված էին բարձր հասարակության շքեղ կյանքում, մասնակցում էին նրա միջոցառումներին ու երեկույթներին:

 

Հենց այդպիսի երեկույթներից մեկի ժամանակ էլ տեղի է ունենում Բաղդադում Օսմանյան կայսրության կառավարիչ Նազեմ փաշայի եւ Սառայի հանդիպումը, որը երիտասարդ հայուհու համար դառնում է ճակատագրական: Օսմանյան փաշան, տեսնելով շքեղ օրիորդին, չնայած տարիքային մեծ տարբերությանը (Սառան 17 տարեկան էր, Նազեմ փաշան` 50)՝ առաջին հայացքից սիրահարվում է նրան:

 

Շուտով հայուհին իր ոտքով է գալիս Իրաքի կառավարչի մոտ` խնդրելու, որ վերջինս իրեն ձերբազատի հորեղբոր խնամակալությունից, ով իր հայեցողությամբ էր տնօրինում Սառայի ողջ ունեցվածքը: Նազեմ փաշան, ում համար հայ գեղեցկուհու ուշադրությանը արժանանալու հիանալի հնարավորություն էր ստեղծվել, շտապում է բավարարել նրա խնդրանքը:

 

Շուտով ժառանգությունը հանձնվում է Սառայի տնօրինությանը եւ, հասնելով իր ուզածին, նա նույնիսկ չի ուզում լսել հորեղբորորդու` Դանիելի նախազգուշացումները Նազեմ փաշայի իրական մտադրության մասին: Սակայն ճշմարտությունն իրեն երկար սպասել չի տալիս. շուտով բոլորին, այդ թվում՝ եւ Սառային, հայտնի է դառնում փաշայի սիրո ու իր հետ ամուսնանալու ցանկության մասին:

 

Այդ ամուսնությունն ուղղակի խայտառակություն կարող էր լինել Սառայի համար, եւ հպարտ հայուհին շտապում է մերժել փաշայի առաջարկը: Չնայած դրան՝ փաշան որոշում է ամեն գնով հասնել իր սրտի տիրուհուն: Օսմանցին այնքան հեռու է գնում, որ հրամայում է Բաղդադի ոստիկանությանը հարձակվել Սառայի առանձնատան վրա:

 

Թվում էր, թե Նազեմ փաշայի իշխանությունը Բաղդադում անսահմանափակ է, եւ հնարավոր չէ վերջ դնել նրա կամայականություններին, սակայն այս պատմությունից անմասն չի մնում նաեւ քաղաքականությունը:

 

20-րդ դարասկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրության գոյության համար որոշիչ են դառնում: Դեռեւս անցած դարի վերջին «Եվրոպայի հիվանդ մարդ» բնութագրումը ստացած պետությունը հոգեվարք էր ապրում. Օսմանյան կայսրությունում պայքար էր ընթանում «Ազատություն եւ համաձայնություն» («Հյուրիեթ վե Իթթիլյաֆ») ու «Միություն եւ առաջադիմություն» («Իթթիհադ վե թերաք») կուսակցությունների միջեւ:

 

Քաղաքական այս ծանր ժանակահատվածում Իրաք է ժամանում իթթիհադական լրագրող Իսմայիլ Բաբանը, ով սկսում է տեղեկություններ հավաքել Նազեմ փաշայի անօրինությունների մասին: Շուտով Իսմայիլի հետ հանդիպում է խնդրում նաեւ Սառան` պատմելով Նազեմ փաշայի կատարած հանցագործություններից:

 

Սառայի պատմությունը դառնում է այն անմիջական առիթը, որի շնորհիվ իթթիլյաֆական փաշան հեռացվում է պաշտոնից: Թվում է՝ հայ օրիորդը ձերբազատվել է իրեն հետապնդող օսմանյան կառավարչից, սակայն 1912թ. իշխանության են գալիս իթթիլյաֆականները, իսկ  Նազեմ փաշան ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը:

 

Ստեղծված իրավիճակում Սառան ստիպված է լինում լքել Իրաքը` ուղեւորվելով Փարիզ, որտեղ էլ հայ օրիորդն ամուսնանում է Դանիել Թովմասյանի հետ: Եվ միայն Նազեմ փաշայի սպանությունից հետո, երբ Սառային սպառնացող անմիջական վտանգը վերանում է, նա ընտանիքով վերադառնում է Իրաք` տնօրինելու իրավամբ իրեն պատկանող հարստությունը:

 

Սառա Իսքանդարյան բարերարը

 

 

Առաջին աշխարհամարտը  աղետաբեր էր հատկապես հայ ժողովրդի համար, քանի որ հենց այդ ընթացքում, օգտվելով պատերազմական դրությունից, իթթիհադական կառավարությունը իրագործեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` կոտորելով եւ հայրենազրկելով հայ ժողովրդին:

 

Այս տարիներին ինչպես շատ հայ մեծահարուստներ, այնպես էլ Սառա Խաթունը, ջանում էր հնարավորինս օգնել իր տարաբախտ հայրենակիցներին: 1917թ.-ին նրա ջանքերով հիմնադրվում է Հայ կանանց միությունը, որը պետք է զբաղվեր փախստականների խնդիրներով: Այդ տարիներին Սառա Խաթունն ու նրա ամուսինը հագուստով եւ սնունդով ապահովում էին Իրաքի շուրջ 20 հազար հայ գաղթականների:

 

Սառայի ներդրումների շնորհիվ Բաղդադում ստեղծվում է հայկական բնակավայր, որն այժմ կոչվում է նրա անունով: Հետագա տարիներին եւս` մինչեւ սնանկանալը, Սառան շարունակում է օգնություն ցուցաբերել հայկական ուսումնական հաստատություններին:

 

Կյանքի վերջին տարիներն այս ուժեղ ու մեծահոգի կինը անց է կացնում աղքատության մեջ, թեեւ նրա վաստակած աներկբայելի հարգանքը դրդում է շատերին օգնության ձեռք մեկնել:

 

Սառա Խաթունը մահանում է 1960թ.-ին: Նրա կյանքը լուսաբանվում է արաբական տարբեր հեղինակավոր լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Շարքիյա» հեռուստաընկերությունը Սառայի եւ Նազեմ փաշայի պատմության մասին հեռուստանովել է նկարահանում, որն Իրաքում մեծ հեղինակություն է վայելում: Մեծանուն եւ երեւելի հայուհու բարեգործությունները մինչ օրս շարունակում են մնալ բաղդադահայ հասարակության երախտիքի առարկան:

 

Իսքանդարյանների ընտանիքն այսօր

 

 

Իսքանդարյանների ընտանիքի պատմությունը լի է հետաքրքրաշարժ դիպվածներով եւ իրադարձություններով, որոնք առ այսօր իրարամերժ կարծիքների եւ մեկնաբանությունների տեղիք են տալիս:

 

Դրանցից, թերեւս, ամենանշանավորը Սերոբ Իսքանդարյանի կնոջ` ազգությամբ հույն Պարիսուլա Լամպսոսի եւ Սադամ Հուսեյինի սիրավեպն է, որի մասին պատմում է անձամբ Լամպսոսը իր «Ես Սադամի կինն եմ» կենսագրական գրքում:

 

Ըստ այդ գրքի՝ Պարիսուլայի եւ Սադամի հարաբերությունները պատճառ են դարձել Իսքանդարյանների մեկ այլ ժառանգի` Սերոբ Իսքանդարյանի սնանկացման եւ Սադամի կողմից նրա ունեցվածքի բռնազավթման:

 

Համաձայն Պարիսուլա Լամպսոսի հուշերի մասին պատմող գրքի` ամուսինը` Սերոբ Իսքանդարյանը, ով, կորցնելով ամեն ինչ, ստիպված է լինում լքել Իրաքը, ապաստանում է Բեյրութում՝  հույս ունենալով, որ ցանկացած հարմար առիթի դեպքում այնտեղ կտեղափոխի նաեւ իր ընտանիքին:

 

Սակայն Սադամ Հուսեյինի խարդավանքների արդյունքում Պարիսուլան եւ Սերոբը, ի վերջո, ամուսնալուծվում են, իսկ երկու դուստրերը մնում են Իրաքում մոր խնամակալության ներքո` կտրվելով հայկական միջավայրից:

 

Այսօր Սերոբ Իսքանդարյանը եւ այս գերդաստանի անդամները բնակվում են ԱՄՆ-ում: Ցավոք, նրանք հրաժարվեցին որեւէ տեղեկություն հաղորդել իրենց ընտանիքի մասին:

 

Պատրաստեց Անժելա Կժդրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին