Նուբարյան գերդաստանը Եգիպտոսում. Քաղաքական նշանավոր գործիչներից մինչ խոշոր բարեգործներ - Mediamax.am

exclusive
9539 դիտում

Նուբարյան գերդաստանը Եգիպտոսում. Քաղաքական նշանավոր գործիչներից մինչ խոշոր բարեգործներ

Մեդիամաքսի "Հայ գերդաստաններ” շարքն այս անգամ անդրադառնում է Նուբարյան ընտանիքին:

Պողոս Նուբար փաշան
Պողոս Նուբար փաշան

Լուսանկարը` wikimedia.org

Նուբար փաշայի արձանն Ալեքսանդրայում
Նուբար փաշայի արձանն Ալեքսանդրայում

Լուսանկարը` flickr.com

Նուբար փաշան
Նուբար փաշան

Լուսանկարը` http://hy.wikisource.org

Պողոս Նուբար փաշան
Պողոս Նուբար փաշան

Լուսանկարը` nakhshkaryan.blogspot.com

ՀԲԸՄ ներկայիս ներկայիս` 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը
ՀԲԸՄ ներկայիս ներկայիս` 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը

Լուսանկարը` http://orer.eu


Մեդիամաքսի “Հայ գերդաստաններ” շարքն այս անգամ անդրադառնում է Նուբարյան ընտանիքին, որի անդամները հայրենիքից դուրս լինելով հասարակական քաղաքական նշանավոր գործիչներ՝ իրենց անգնահատելի ավանդն են ունեցել նաեւ հայ ժողովրդի բարօրության գործում:

 

Եգիպտոսի հայ համայնքի ոսկեդարը

 

Նուբարյան գերդաստանի նախահայրը 18-րդ դարի հայ զորապետ Նուբար Մելիքյանն է, ով մասնակցելով Դավիթ Բեկի ապստամբությանը` հետագայում տեղափոխվել է Զմյուռնիա: Այնուհետեւ նրա որդին` Մկրտիչը, հաստատվելով Կոստանդնուպոլսում, ամուսնացել է Եգիպտոսի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պողոս Յուսուֆյանի քրոջ հետ: Նրանց ամուսնությունից ծնված զավակներն էլ պապի անունով ստացել են Նուբարյան ազգանունը:

 

Նուբար փաշան

Լուսանկարը՝ http://hy.wikisource.org կայքից

 

Մկրտիչ Մելիքյանի որդին` Նուբար Նուբարյանը, Շվեյցարիայում ստանալով հիանալի կրթություն եւ ուսումնառության տարիներին լինելով Ֆրանսիայի ապագա կայսր Նապոլեոն Երրորդի դասընկերը, շուտով քեռու` Պողոս Յուսուֆյանի խորհրդով տեղափոխվում է ձեւականորեն Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Եգիպտոս:

 

Ինչպես նշում է եգիպտացի հայագետ, դոկտոր Մահմուդ Ռեֆաթը, Մուհամմադ Ալիի կառավարման ժամանակաշրջանը (19-րդ դար) կարելի է Եգիպտոսում հաստատված հայ համայնքի համար ոսկե դար համարել: Այս կարծիքը հիմնավոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եգիպտոսի կառավարման համակարգում հայ գործիչներն ակտիվ մասնակցություն ունեին, եւ դա նաեւ հնարավորություն էր տալիս օժանդակելու հայորդիներին ինչպես Եգիպտոսում, այնպես էլ  Օսմանյան կայսրության մնացած տարածքներում:

 

Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր…

 

Հաստատվելով Եգիպտոսում` Նուբար Նուբարյանը, ունենալով փայլուն կրթություն եւ հասարակական գործչի ի վերուստ տրված տաղանդ, կարողանում է Եգիպտոսում հեղինակություն ձեռք բերել՝ այդ երկրի համար խառնակ ժամանակաշրջանում (Անգլիայի եւ Ֆրանսիայի մրցակցությունը Եգիպտոսի համար, համաժողովրդական պայքար օտար զավթիչների դեմ) դառնալով երկրի առաջին վարչապետը, այնուհետեւ եւս երկու անգամ վարելով այդ պաշտոնը, մինչդեռ Նուբար փաշայի եղբայրը՝ Առաքել Նուբարյանը զբաղեցնում էր առեւտրի նախարարի, այնուհետեւ՝ Սուդանի կառավարչի պաշտոնները: Եգիպտոսի հասարակական քաղաքական կյանքում ունեցած ներդրման համար 1904թ. Ալեքսանդրիայում կանգնեցվել է Նուբար փաշայի արձանը, նրա անվամբ փողոցներ կան Կահիրեյում եւ Ալեքսանդրայում:

 

Պողոս Նուբար փաշան

Լուսանկարը՝ http://nakhshkaryan.blogspot.com կայքից

 

Լինելով քաղաքական գործիչ` Նուբար փաշան նաեւ սեփական ժողովրդի ճակատագրով մտահոգ անհատ էր, ում ազգանպաստ գործունեությունը ներառում էր ինչպես նյութական բարօրության ապահովումն ու կրթական-լուսավորչական շարժման հովանավորումը, այնպես էլ պայքարի քաղաքական մեթոդները: Մանսավորապես, 1878թ. Բեռլինի կոնգրեսում, երբ միջազգային մակարդակով բարձրացվեց հայկական վիլայեթներում բարենորոգումների իրականացման խնդիրը, Նուբար փաշան ներկայացրեց բարեփեխումների իր` չափավոր ծրագիրը, որը, սակայն, ուշադրության չարժանացավ մեծ տերությունների կողմից:

 

Պողոս Նուբար փաշա՝ գյուտարար, հասարակական խոշոր գործիչ

 

Հայ ժողովրդին իր բարեգործություններով եւ հայապահպանության գործում նշանակալի ավանդով առավել հայտնի է Նուբար փաշայի որդին՝ Պողոս Նուբար փաշան, ով Եվրոպայում ստանալով փայլուն կրթություն՝ շուտով դառնում է Եգիպտոսի ընհանուր երկաթուղիների տնօրենը՝ հիմնելով Ալեքսանդրիայի հանրակառքերի եւ Մենզելեի հողերի շահագործման, Կահիրեի ջրամատակարարման ընկերությունները:

 

Պողոս Նուբար փաշան նաեւ գյուտարար էր, մասնավորապես, 1900թ. տրակտորի՝ մեխանիկական գութանի գյուտի համար Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի եւ պարգեւատրվել “Պատվո լեգեոնի” շքանշանով:

 

Պողոս Նուբարը շարունակում է հոր՝ հանուն հայ ժողովրդի բարօրության իրականացվող քաղաքական գործունեությունը, մասնավորապես՝ 1920թ. Փարիզի վեհաժողովում (որը առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներն ամրագրելու նպատակ ուներ) դառնալով հայ ազգային պատվիրակության ղեկավար: Սակայն Պողոս Նուբարի` հայ ժողովրդին մատուցած թերեւս ամենանշանակալի ծառայությունը 1906թ. Կահիրեում Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնումն էր, որը ցայսօր ծառայում է հայ ժողովրդին:

 

Նուբար փաշայի արձանն Ալեքսանդրայում

Լուսանկարը՝ flickr.com կայքից

 

Ստեղծվելով հայ ժողովրդի համար բավականին դժվար ժամանակահատվածում՝ ՀԲԸՄ-ն կարողացավ իր շուրջը համախմբել հայ բարերարներին եւ զգալի միջոցներ տրամադրել` հիմնելու հայկական դպրոցներ եւ որբանոցներ, հայ գյուղացիությանը ապահովելու երկրագործական գործիքներով եւ սերմնացուով, եւ այլն: 1914թ. Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը` տեղափոխվելով Փարիզ եւ այստեղից շարունակելով օգնություն տրամադրել ոչ միայն 1915թ. Մեծ Եղեռնից հետո աշխարհով մեկ սփռված հայությանը, այլեւ Հայաստանի Սովետական Հանրապետությանը: Մասնավորապես, նրա օգնությամբ Երեւանի շրջակայքում կառուցվում է Նուբարաշենը, որը, սակայն, սովետական կառավարության կողմից ստանում է Սովետաշեն անվանումը:

 

1930թ. մահանում է Պողոս Նուբարը: Նրա զավակները, հաստատված լինելով Ֆրանսիայում, շուտով կորցնում են իրենց ազգային նկարագիրը եւ կապն արմատների հետ: Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի պաշտոնում նրան փոխարինում է մեկ այլ նշանավոր հայ` Գալուստ Գյուլբենկյանը:

 

Պատրաստեց Անժելա Կժդրյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին