Տաթեւիկ Մինասյան. Քիմիական տարերքը, աճի ուղին ու վերադարձի հույսը - Mediamax.am

exclusive
16525 դիտում

Տաթեւիկ Մինասյան. Քիմիական տարերքը, աճի ուղին ու վերադարձի հույսը


Տաթեւիկ Մինասյանը (ձախից)
Տաթեւիկ Մինասյանը (ձախից)

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ


Մայրիկի տարերքը մաթեմատիկան էր, հայրիկինը՝ ֆիզիկան եւ առհասարակ բնական գիտությունները, ինքն ընտրեց քիմիան։ Տալլինի տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատող Տաթեւիկ Մինասյանը, ով ամեն օր ավելի ու ավելի է սիրահարվում իր մասնագիտությանը, կարծում է, որ քիմիկոսները մոլորակի զարգացման համար գլխավոր պատասխանատուներից են, այդ կոչմանը պետք է լուրջ վերաբերվել ու գործին մոտենալ նվիրումով։

 

«Իմ սերը բնագիտական առարկաների հանդեպ ծնվել է հայրիկիս հետ երկար ու անչափ հետաքրքիր զրույցներից։ Մեծ դեր է ունեցել նաեւ այն, որ հորեղբայրս ճանաչված գիտնական էր, եւ մարդկության համար մի պիտանի բան անելու կամ ստեղծելու ցանկությունս շատ մեծ էր»,- հիշում է Տաթեւիկը։

 

Առաջին քայլերը դեպի քիմիայի զարմանահրաշ աշխարհ

 

Սովորել եմ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում։ Երբ դպրոցի ավարտական դասարանում էի ու պետք էր ընտրություն կատարել, թե ինչ բաժին եւ որ համալսարանը, ես վճռական էի իմ որոշման մեջ՝ պետք է լիներ Քիմիա եւ Երեւանի պետական համալսարան։ Հիշում եմ՝ հայտերը լրացնելու ժամանակ միայն դա եմ նշել, եւ, չնայած խորհրդատու տիկնոջ՝ այլ բաժիններ եւս ավելացնելու հորդորներին, ես մնացի անսասան։ Այդպես ընդունվեցի ԵՊՀ Քիմիայի բաժին, որտեղ ստացա բակալավրի ու մագիստրոսի աստիճանները։

Լուսանկարը` անձնական արխիվ

Դեռ բակալավրի տարիներից սկսեցի նաեւ զուգահեռ աշխատել Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, եւ այդ որոշումը նաեւ հետո ճակատագրական եղավ իմ՝ արտասահմանում կրթությունը շարունակելու հարցում։ Ղեկավարս՝ պրոֆեսոր Սուրեն Խառատյանը մեզ սովորեցրեց շատ կարեւոր մի բան՝ քննադատական մտածողություն ունենալ ու անընդհատ փնտրել պատասխաններ։ Որոշեցի, որ դեռ շատ ու շատ բաներ կան սովորելու եւ պետք է նաեւ միանալ աշխարհում կատարվող գիտական «թոհուբոհին»։ Այսպես` իմ ասպիրանտական տարիներն անցկացրի Հայաստանից դուրս՝ Տալլինի տեխնոլոգիական համալսարանում։

 

Քիմիայից դեպի Մեխանիկական ինժեներիա

 

Էստոնիայում ուսանելու տարիներին փոխեցի գիտական կողմնորոշումս՝ սովորելով Մեխանիկական ինժեներիայի բաժնում, չնայած, քիմիայի ոլորտում ունեցած գիտելիքները ինձ շատ օգնեցին հասկանալու տարբեր նյութերի մեխանիկական հատկությունները։ Ասպիրանտուրայի տարիներից զբաղվել եմ կերամիկական փոշիների  3D (եռաչափ) տպագրությամբ։ Այդպես են փոշիների լազերային մշակմամբ ստանում տարբեր դետալներ, որոնց պատրաստումը բարդ է կամ գրեթե անհնար ավանդական արդյունաբերական եղանակներով։

Լուսանկարը` անձնական արխիվ

Տալլինի մեր լաբորատորիան համագործակցում էր Երեւանում Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ, եւ տարբեր մետաղական եւ կերամիկական փոշիներ սինթեզելու համար Հայաստանի մեր կոլեգաները հատուկ սարքավորում պատրաստեցին։ Ես անձամբ էի սինթեզում ինձ անհրաժեշտ փոշիները, ենթարկում լազերային մշակման, ուսումնասիրում ստացված դետալների կառուցվածքը, հատկություններն ու դեֆեկտները։ Միայն այն դետալները, որոնց բնութագրերը համապատասխանում են օրեցօր աճող տեխնոլոգիական պահանջներին, կարող են մուտք գործել շուկա եւ գտնել կիրառություն։ Ինձ բախտ վիճակվեց նաեւ վեց ամիս ուսանել եւ աշխատել Կանադայում՝ Վաթեռլոյի համալսարանում։ Այնտեղ էլ ավելի մեծ են գիտական միտքը գործի վերածելու հնարավորությունները, եւ մարդիկ իրենց գործին վերաբերվում են շատ մեծ պատասխանատվությամբ։ Հիշում եմ իմ հիացած աչքերը, երբ առաջին անգամ մտա լաբորատորիա ու տեսա այդօրինակ կարգապահություն ու մաքրություն։

 

2020թ․ դեկտեմբերին պաշտպանեցի ասպիրանտական ատենախոսությունը՝ նվիրված մոլիբդենի դիսիլիցիդ-սիլիցիում/ալյումինային համաձուլվածքի 3D  տպագրությանը։ Առհասարակ, այս մեթոդով կերամիկական փոշիներ կոմպակտավորելը բավականին խնդրահարույց էր, բայց երկարատեւ հետազոտություններից հետո, կարծես թե, ինձ հաջողվեց։

 

Կատարելագործման չընդհատվող հոսքը

 

Տալլինի տեխնոլոգիական համալսարանում զբաղվում եմ ալյումինային համաձուլվածքներից բարդ կառուցվածքով մասերի պատրաստմամբ՝ նույն 3D տպագրության միջոցով։ Շատ հետաքրքիր թեմաներ են, բայց դեռ այնքան սովորելու ու կատարելագործվելու տեղ կա։ Ալյումինի համաձուլվածքները փոքր խտություն ունեն, այդ պատճառով օգտագործվում են ինքնաթիռաշինության, oդատիեզերական արդյունաբերության մեջ։ Սակայն դրանց մեխանիկական հատկությունները, երբեմն, չեն համապատասխանում արդյունաբերական պահանջներին:

Լուսանկարը` անձնական արխիվ

Այդ պատճառով այս համաձուլվածքներին ավելացվում են տարբեր հավելանյութեր կամ փոփոխում համաձուլվածքի մեջ մտնող տարրերն ու նրանց քանակությունը՝ հատկությունները բարելավելու նպատակով։ Հիմա Տալլինում մեր թիմը եւս աշխատում է այս ուղղությամբ՝ գտնելու համապատասխան հավելանյութ առավել արդյունավետ դարձնելու ալյումինի համաձուլվածքների կիրառությունը եւ ընդարձակելու կիրառության սահմանները։

 

Քիմիա գիտությունը՝ Հայաստանում

 

Հայաստանում շատ մեծ դրական տեղաշարժ կա։ Մեծանուն գիտնականներն ու խոստումնալից երիտասարդ գիտնականները փորձում են Հայաստանը եւս դարձնել մրցունակ երկիր քիմիայի ոլորտում։ Լաբորատորիաները հարստանում են նորագույն սարքավորումներով, աշխատակիցները հնարավորություն ունեն պարբերաբար վերապատրաստվելու տարբեր եվրոպական երկրներում։ Այս բոլորն ինձ շատ է ուրախացնում։ Հայաստանում եւս քիմիան ունի իր նվիրյալները, եւ նրանք՝ կրտսեր սերնդի հետ միասին, մեր երկրի անունը բարձր են պահում տարբեր հարթակներում։ Մեր երկրում, հավանաբար, գլխավոր խնդիրը գիտության ոչ բավարար ֆինանսավորումն է, հետեւապես եւ անհնարինությունը ժամանակակից սարքավորումներ գնելու։ Շատ հաճախ է պատահում, երբ հայ գիտնականները շատ կարեւոր հետազոտություն են իրականացնում եւ անհրաժեշտ սարքերի բացակայության պատճառով հետազոտությունը ինչ-որ տեղում կանգ է առնում՝ երբեմն նույնիսկ առանց արդյունքների հրապարակման։

Լուսանկարը` անձնական արխիվ

Արտասահմանում գտնվող հայ գիտնականները եւս արդեն իսկ մեծ ներդրում ունեն եւ ունենալու են մեր գիտության զարգացման մեջ։ Նրանք, հանգամանքների բերումով, ավելի շատ են տեղեկացված աշխարհը գրաված «թոփ» գիտական ուղղություններից եւ ամեն կերպ փորձում են օգնել իրենց հայաստանյան գործընկերներին եւս տեղեկացված եւ մասնակից լինել։ Բազմաթիվ համագործակցություններ են տեղի ունենում Հայաստանի եւ արտերկրում ապրող հայ գիտնականների միջեւ։ Հույս ունեմ, որ մի օր արտերկրում ապրող գիտնականներս գնելու ենք միակողմանի տոմս դեպի Երեւան, վերադառնալու ենք եւ ստեղծելու, ստեղծագործել Հայաստանում։

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Տաթեւիկ Մինասյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին