Կարապետ Մկրտչյան. «Գողացված» դիտակից մինչեւ գունավոր գրավիտացիա - Mediamax.am

exclusive
6611 դիտում

Կարապետ Մկրտչյան. «Գողացված» դիտակից մինչեւ գունավոր գրավիտացիա


Լուսանկարը` անձնական արխիվից

Կարապետ Մկրտչյանը՝ Հումբոլդտ հիմնադրամի տարեկան հավաքին՝ Բեռլինում, 2018թ․
Կարապետ Մկրտչյանը՝ Հումբոլդտ հիմնադրամի տարեկան հավաքին՝ Բեռլինում, 2018թ․

Լուսանկարը` անձնական արխիվից

Կարապետ Մկրտչյանը՝ աջից առաջինը, Կորեայում աշխատելու տարիներին (2016)
Կարապետ Մկրտչյանը՝ աջից առաջինը, Կորեայում աշխատելու տարիներին (2016)

Լուսանկարը` անձնական արխիվից

Կարապետ Մկրտչյանը՝ Ստամբուլում, ձմեռային դպրոցում լեկցիաներ կարդալիս, 2018
Կարապետ Մկրտչյանը՝ Ստամբուլում, ձմեռային դպրոցում լեկցիաներ կարդալիս, 2018

Լուսանկարը` անձնական արխիվից

Կարապետ Մկրտչյանը՝ մանուկ հասակում
Կարապետ Մկրտչյանը՝ մանուկ հասակում

Լուսանկարը` անձնական արխիվից


Գյումրիի «Բալատոն» վարժարանի սան Կարապետը մի օր, ուսուցչուհու հետ «հանցավոր համաձայնությամբ», վերցրեց վարժարանի աստղադիտակն ու որոշ ժամանակով բերեց տուն։ Կարապետի ընկերը տանը դիտակի համար պատվանդան սարքեց, եւ այդ պահից գիշերները սկսեցին «աստղային» դառնալ։

 

«Իր հզորությամբ աստղադիտակը մոտ էր պատմականորեն առաջին՝ Գալիլեյի աստղադիտակին։ Սատուրնի օղակները հստակ չէին երեւում դրանով, բայց Յուպիտերի Գալիլեյան արբանյակները երեւում էին, Մարսը ավելին էր, քան լուսավոր մի կետ երկնքում»,- հիշում է Կարապետը։

 

Կարապետի մեջ գիտության հանդեպ սիրո առաջին սերմերը գրքերն էին «ցանում». 3 տարեկան էր, երբ մայրիկի օգնությամբ սկսեց գիրք կարդալ։ Հետո արդեն այդ սիրո ամրապնդման գործին միացան ուսուցիչները։

 

«Ծնված օրվանից մինչեւ որոշ տարիք բոլորս փորձարար ֆիզիկոս ենք։ Ավագ դպրոցական տարիքում հատկապես հետաքրքիր էին աստղագիտության մասին գրքերը՝ Միրզոյան, Թումանյան, եւ այլ հայ հեղինակների։ Դրանց մի մասը ճարել էի դժվարությամբ, մյուսները` ստացել որպես մրցանակներ՝ օլիմպիադաներում արդյունքների համար։ Գիտաֆանտաստիկ գրականություն կարդացել եմ դպրոցական տարիքից։ Օրինակ՝ «Մահվան Աշխարհը» («Deathworld»), որ նվեր էի ստացել ընկերոջիցս, «Անդրոմեդայի Միգամածություն»-ը, «ԿԷՑ աստղը» եւ «Օդավաճառը», որոնք սովետական արկածային գրականության գրքաշարում էին, որի մեծ մասը, բարեբախտաբար, կար մեր տանը՝ հայերեն գեղեցիկ թարգմանությամբ։ Ի դեպ, շատ կուզեի հայերեն թարգմանվեր նաեւ Լիու Սիշինի «Երկրի անցյալի հիշողությունը» եռագրությունը»,- ասում է Կարապետ Մկրտչյանն, ով այժմ Լոնդոնի կայսերական քոլեջի Բլեքեթի լաբորատորիայում զբաղվում է բարձր էներգիաների տեսական ֆիզիկայով։

 

Ֆիզիկան՝ երջանիկ պատահականությունների արդյունքում

 

Երբ դպրոցական էի, չէի մտածում, որ իրատեսական է ֆիզիկոս (կամ գիտնական ընդհանրապես) դառնալը, չունեի բավարար տեղեկատվություն, նման ճանապարհով անցած ծանոթներ։ Պատահականությունների մի անհավանական շարք օգնեց դիմել եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ էլ, կրկին երջանիկ պատահականությամբ, հաջողվեց տեղափոխվել հատուկ խումբ։ Այնտեղ կարելի էր ստանալ լավագույն կրթությունը Հայաստանում. բակալավրիատի առաջին իսկ տարիներից դասախոսներս էին Դավիթ Սեդրակյանը, Մարտին Գրիգորյանը, Վլադիմիր Մոռոզովը, Առնակ Պողոսյանը եւ այլ ակտիվ եւ բարձրակարգ գիտնականներ։

Կարապետ Մկրտչյանը՝ մանուկ հասակում Կարապետ Մկրտչյանը՝ մանուկ հասակում

Լուսանկարը` անձնական արխիվից

Հետագայում մասնագիտանալով տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ ծանոթացա ժամանակակից գիտություններին։ Այնտեղ իմ դասախոսներից են եղել Էդուարդ Չուբարյանը, Ռոլանդ Ավագյանը, Արմեն Ներսիսյանը, Արամ Սահարյանը, Ռուբիկ Պողոսյանը, Արթուր Իշխանյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը. գիտնականների հիանալի աստղաբույլ։ Այս մարդկանց հետ շփվելու հնարավորությունն արդեն շատ մեծ հաջողություն էր՝ Հայաստանում բարձրագույն կրթության միջին մակարդակի համեմատությամբ։

 

Բակալավրիատի վերջում ծանոթացա Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա) առաջատար գիտաշխատող Ռուբեն Մանվելյանի հետ, ում ղեկավարությամբ սկսեցի աշխատել ժամանակակից գիտական խնդիրների վրա` հետագայում շարունակելով ԵրՖԻ-ի ասպիրանտուրայում։

 

Իմ ոլորտը բարձր էներգիաների տեսական ֆիզիկան է, որն ուսումնասիրում է տարրական մասնիկները եւ հիմնարար փոխազդեցությունները։ Ավելի կոնկրետ՝ հիմնականում զբաղվում եմ դասական եւ քվանտային դաշտերին վերաբերող այնպիսի խնդիրներով, որոնք կապված են գրավիտացիայի ընդհանրացված տեսությունների հետ։

Կարապետ Մկրտչյանը՝ աջից առաջինը, Կորեայում աշխատելու տարիներին (2016) Կարապետ Մկրտչյանը՝ աջից առաջինը, Կորեայում աշխատելու տարիներին (2016)

Լուսանկարը` անձնական արխիվից

ԵրՖԻ-ում ասպիրանտուրայի տարիներին իմ գիտական ղեկավար Ռուբեն Մանվելյանի եւ մեր գերմանացի համահեղինակ Վերներ Ռյուլի հետ ուսումնասիրել ենք բարձր սպիններով դաշտերի փոխազդեցությունները։ Հետագայում սկսել եմ զբաղվել նաեւ այլ թեմաներով, բայց պարբերաբար վերադառնում եմ այս հետաքրքիր թեմային։

 

Մեր ոլորտում տեսությունների փորձնական ստուգման համար կարող են պահանջվել տասնյակ, նույնիսկ հարյուրավոր տարիներ։ Հիմնական ուղենիշը մաթեմատիկական ճշգրտությունն է։ Այսպիսով՝ փորձարար մաթեմատիկոս եմ։

 

Արտասահմանում գիտական ուղին՝ զարգացման հնարավորություն

 

Հայաստանում, ցավոք, հետդոկտորական աշխատատեղերը մրցունակ չեն կամ չկան։ Միջազգային կարիերան բնական մոտեցում է գիտության մեջ, որ զարգացնում եւ հարստացնում է երիտասարդ գիտնականներին։ Որոշ գիտական կենտրոններում աշխատանքի ընդունվելու պարտադիր պահանջ է միջազգային փորձը։

 

Երբ արդեն պատրաստում էի թեկնածուական ատենախոսությունս ԵրՖԻ-ում, զուգահեռ դիմում էի հետդոկտորական աշխատանքի։ Առաջին հրավերը ստացա Պիզայի Սկուլա Նորմալե Սուպերիորե համալսարանից, եւ, քանի որ ինձ ծանոթ պրոֆեսոր էր հրավիրողը, իմ ոլորտում հայտնի հեղինակություն, միանգամից համաձայնեցի։

 

Բարձր էներգիաների տեսական ֆիզիկայի բոլոր ուղղություններին տեղյակ, առավել եւս՝ մասնագետ լինել հնարավոր չէ։ Այժմ փորձում եմ աշխատել մի քանի տարբեր ուղղություններով։

 

Օրինակ՝ օրեր առաջ ավարտեցինք մի աշխատանք, որ վերաբերում է այսպես կոչված «գունավոր գրավիտացիային» (colored gravity)։ Այս տեսության գլխավոր յուրահատկությունն այն է, որ թույլ է տալիս մեկից ավելի գրավիտացիոն դաշտեր։ Ընդհանուր առմամբ, այդպիսի տեսության գոյությունը սահմանափակված է հայտնի խոչընդոտներով (անհնարինության թեորեմներ), սակայն որոշ հատուկ դեպքերում այն հնարավոր է։ Այս ուղղության ուսումնասիրությունը սկսել ենք կորեացի համահեղինակների հետ՝ մոտ 5 տարի առաջ։

 

Մեկ այլ ուղղություն, որով հիմա ակտիվ աշխատում եմ, վերաբերում է էլեկտրական եւ մագնիսական դաշտերի միջեւ համաչափությանը (electric-magnetic duality)։ Բնության մեջ (առայժմ) հայտնաբերվել են միայն էլեկտրական լիցքեր, բայց տեսականորեն կարող են լինել նաեւ մագնիսական լիցք կրող մասնիկներ։

Կարապետ Մկրտչյանը՝ Հումբոլդտ հիմնադրամի տարեկան հավաքին՝ Բեռլինում, 2018թ․ Կարապետ Մկրտչյանը՝ Հումբոլդտ հիմնադրամի տարեկան հավաքին՝ Բեռլինում, 2018թ․

Լուսանկարը` անձնական արխիվից

Էլեկտրամագնիասական դաշտի ժամանակակից տեսությունը՝ քվանտային էլեկտրոդինամիկան, չի նախատեսում մագնիսական լիցքերի գոյություն, թեեւ լավ նկարագրում է փորձնական արդյունքները։ Զարմանալիորեն, ոչ միայն մագնիսական լիցքերի փորձնական հայտնաբերումն է դժվար, այլեւ էլեկտրական եւ մագնիսական դաշտերը համաչափորեն նկարագրող տեսությունը։ Տպավորություն է, որ բնությունը իրացնում է այն, ինչ հեշտ է մաթեմատիկորեն։ Չնայած դրան, էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը կարելի է սահմանել այնպես, որ այն վերաբերվի էլեկտրական եւ մագնիսական լիցքերին՝ առանց խտրականության։ Այդ ուղղությամբ աշխատանքները կարող են նաեւ պատասխանել (գրավիտացիայի քվանտային տեսության թեկնածու) լարերի տեսության որոշ հարցերի։

 

Ֆիզիկան Հայաստանի այցեքարտ դարձնելու հնարավորությունը

 

Հայաստանում արտադրվող գիտության մոտ կեսը ֆիզիկան է։ Եթե համեմատենք Հայաստանում, օրինակ, իրավագիտության մակարդակի հետ, ապա ֆիզիկան աստվածային է. նրա գոյության մասին տեղյակ են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրի մասնագիտական շրջանակներում։ Բայց եթե համեմատում ենք զարգացած երկրների հետ, Հայաստանյան ֆիզիկան, իհարկե, զիջում է շատերին։ Առանձին անհատներ անում են համաշխարհային տեսանելիություն ունեցող աշխատանքներ, բայց նրանք շատ քիչ են, իսկ աշխարհին ներկայանալու նրանց հնարավորությունները՝ խիստ սահմանափակ։

 

Այն երկրների հետ համեմատության մեջ, որոնք չունեն գիտություն ընդհանրապես, թերեւս, մեծ առավելություն է, որ Հայաստանում դեռեւս կան գործող գիտնականներ։ Մասնագիտական միջավայրում բազմիցս է պատահում, երբ իմ ազգանունը կամ հայ լինելը լսելուց ոչ թե հարցնում են, թե որտեղ է Հայաստանը, այլ՝ արդյոք, ազգակցական կապ ունե՞մ Ռուբեն Մկրտչյանի հետ կամ, արդյոք, ճանաչո՞ւմ եմ Արամ Սահարյանին եւ այլն։ Հայտնի ֆիզիկոս Անդրեյ Սլավնովը ջերմությամբ էր հիշում իր ուսանող Էդուարդ Եգորյանին (նաեւ՝ քաղաքական գործիչ, ՀՀ առաջին սահմանադրության համահեղինակ)։

 

Շատ կարեւոր է, որ դեռ կենդանի է հայկական՝ միջազգայնորեն մրցունակ գիտության հնարավորության նկատմամբ հավատը թե՛ Հայաստանում, թե՛ օտարերկրյա հայտնի գիտնականների եւ բյուրոկրատների մոտ, ովքեր հանդիպել են Հայաստանի գիտնականներին, այցելել Հայաստան կամ ճանաչում են ներկայում Հայաստանում աշխատող սակավաթիվ գիտնականներին։ Նրանց հաջորդող սերունդը այլեւս նույնքան ծանոթ ու կապված չի լինելու Հայաստանի հետ, ինչը կբարդացնի միջազգային կապերի եւ համագործակցությունների հաստատումն ու զարգացումը։ Ֆիզիկան Հայաստանի այցեքարտը կարող է լինել՝ հաջողության պատմություն փոքր ու (առայժմ) աղքատ երկրի համար։ Կարող է լինել նաեւ լոկոմոտիվ՝ զարգացման համար։ Խնդիրները շատ են. գիտնականների քանակը, տարիքային կազմը եւ տրամադրվածությունը, մեղմ ասած, լավագույն վիճակում չեն։ Այս խնդիրները շտապ լուծման կարիք ունեն։

 

Ամենաթանկ կապիտալը՝ սպառման եզրին

 

Իմ՝ բարձր էներգիաների տեսական ֆիզիկայով զբաղվելը հնարավոր էր Հայաստանում այդ գիտության գոյության շնորհիվ, ինչի համար ես, իհարկե, երախտապարտ եմ ճակատագրին։

 

Հատկանշական է, որ Հայաստանում գիտության վերելքը սկսվել է նախորդ դարի 40-ականներին, գագաթնակետին հասել 1970-ականներին եւ սկսել թուլանալ դրանից հետո, ինչպես եւ ԽՍՀՄ-ն, որ այդ գիտության պատվիրատուն էր։

 

Մինչդեռ տեսական ֆիզիկան Հայաստանում վերելք է ապրել 80-ականներին, եւ ամենաերկարն է դիմացել քայքայման պրոցեսներին։ Նույնը կարելի է ասել կիրառական մաթեմատիկայի մասին, որ ոչ միայն դիմացել է, այլեւ նույնիսկ իր «վերջին շնչում» նպաստել ինֆորմացիոն տեխնոլոգիաների վրա հիմնված որակյալ բիզնեսների ստեղծմանը։

Կարապետ Մկրտչյանը՝ Ստամբուլում, ձմեռային դպրոցում լեկցիաներ կարդալիս, 2018 Կարապետ Մկրտչյանը՝ Ստամբուլում, ձմեռային դպրոցում լեկցիաներ կարդալիս, 2018

Լուսանկարը` անձնական արխիվից

Սրանք այն ոլորտներն են, որոնց հզորացումը ամենաերկարն է տեւել՝ մասնագետների սերունդ աճեցնելու ժամանակ է պահանջվել, բայց դրանք ամենաերկարն են դիմացել, որովհետեւ կարող են գործել առանց մեծ ներդրումների՝ մարդկային կապիտալի շնորհիվ։ Այս՝ ամենաթանկ կապիտալը վատնվում է Հայաստանում եւ սպառման եզրին է։

 

Գիտության՝ զարգանալու նպատակն ու գիտական սփյուռքը

 

Հայկական գիտության զարգացման մեջ սփյուռքից ներդրում ունենալու համար նախ պետք է, որ այդ գիտությունը զարգանալու նպատակ ունենա։ Հայաստանի գիտական կյանքում գիտական սփյուռքի մասնակցության հաջող փորձեր կան։ Այդ մասնակցությունը կարող է լինել հեռակա, ինչպես օրինակ «Երեւանյան Մաթեմատիկական Կոլոքվիում»-ն է, ՀԳԻ սեմինարը կամ «Գիտակ» ծրագիրը (բոլորը ստեղծվել են վերջին մեկ տարում):

 

Իմ համեստ կարծիքով՝ Հայաստանում գիտական միջավայրի աշխուժացման համար պետք են բավարար քանակի բարձրորակ երիտասարդ գիտնականներ, որոնք կաշխատեն տեղում, բավարար մոբիլություն կունենան արտասահմանյան այցերի համար, ինչպես նաեւ տարբեր ֆորմատների համագործակցություններ արտերկրի (հայ եւ ոչ միայն) որակյալ գիտնականների հետ։ Դրա համար պետք են ներդրումներ։ Պետության կողմից ներկա հատկացումների պարագայում ոչ մի համակարգային առաջընթաց հնարավոր չէ։

 

Եթե պետության վերաբերմունքը չփոխվի, ապա հազարավոր տարիներ անց հնագետները կքննարկեն, թե ինչ են իրենցից ներկայացնում ԱՐՈՒՍ արագացուցչի մնացորդները, կամ Բյուրականի աստղադիտարանից մնացածը (Աստղադիտարանը հզոր գիտական ավանդույթներ եւ այսօր էլ միջազգային տեսանելիություն ունի,- հեղ.), իսկ ոմանք կհայտարարեն, որ դրանք հայկական նախնադարյան գիտության գոյության ապացույցներ են (Քարահունջի նման), եւ որ այդ ապացույցներով հպարտանալը բավարար է, կարիք չկա գիտություն ունենալու։ Ես նրանց կպատասխանեի Գուստավ Մալերին վերագրվող խոսքերով. «Ավանդույթը կրակը վառ պահելն է, ոչ թե մոխիրը պաշտելը»։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին