Հայկ Աբրահամյան. Քվազարներն ու Տիեզերքի չփակվող դուռը - Mediamax.am

exclusive
23624 դիտում

Հայկ Աբրահամյան. Քվազարներն ու Տիեզերքի չփակվող դուռը


Հայկ Աբրահամյանը
Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Աբրահամյանը
Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Աբրահամյանը
Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Աբրահամյանը
Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Աբրահամյանը
Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Աբրահամյանը
Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Աբրահամյանը
Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի  «Գիտամարդ» նախագիծը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: 

 

Ռազմական օդաչու դառնալու երազանքը, որ այդ պահին չբացեց իր թեւերը Հայկ Աբրահամյանի առաջ, նրան երկնքից էլ վերեւ բարձրացրեց ու տարավ դեպի Տիեզերքի անսահմանություն:

 

Մասնագիտության ընտրության առաջ կանգնած Հայկը որոշեց գնալ իր սիրելի՝ ֆիզիկամաթեմատիկական ուղղությամբ եւ ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, երբ պարզեց, որ ռազմական օդաչուի մասնագիտության ընդունելության համար տեղ չի լինելու: 

 

«Դպրոցում բոլոր առարկաներն էլ սիրում էի եւ լավ սովորում, բայց ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուղղությամբ ձգտումն ավելի մեծ էր: Երրորդ կուրսում արդեն որոշեցի մասնագիտանալ Աստղագիտության ոլորտում: Բյուրականի աստղադիտարանի հետ կապը ստեղծվեց, երբ ընտրեցի թեման ու գիտական ղեկավարին, ով աստղադիտարանից էր»,- ասում է Հայկը:

Հայկ Աբրահամյանը Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Հայկ Աբրահամյանը զբաղվում է ակտիվ գալակտիկաների միջուկների եւ դրանց փոփոխականության հետազոտմամբ.

 

«Սկզբում հիմնականում զբաղվում էի քվազարների, բլազարների, ակտիվ միջուկով գալակտիկաների սպեկտրալ ուսումնասիրություններով: Ուղղությունը գրեթե նույնն է, բայց այժմ կենտրոնացած եմ փոփոխականության եւ դրանց բնույթի բացահայտման առանձնահատկությունների վրա»: 

 

Երեւան-Բյուրական ճանապարհն ամեն օր անցնող Հայկն ասում է, որ ցանկացած գործում կարեւորը սերն է ու մեծ հետաքրքրությունը: Լինում է, որ հենց Բյուրականի աստղադիտարանում՝ ծառայողական բնակարաններում էլ գիշերում է, քանի որ գիշերային դիտումներ է կատարում:

 

Չբացահայտվածի գրավչությունը

 

Ես ընտրեցի աստղագիտությունը, քանի որ այն ավելի շատ չբացահայտված տիրույթ է, քանի ֆիզիկայի մյուս բնագավառները: Ֆիզիկայի ֆակուլտետում ինձ համար այդ ժամանակ ամենահետաքրքիր ճյուղն էր: Աստղագիտությունը երկրաչափական պրոգրեսիայով աճող գիտություն է, անընդհատ նոր դիտակներ են պատրաստվում եւ ուղարկվում տիեզերք, նոր տվյալներ են ստանում եւ կատարում ենք ուսումնասիրություններ  այդ նոր տվյալների հիման վրա:

Հայկ Աբրահամյանը Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ նաեւ գրավում էր այն, որ աստղագիտությունը նույն ֆիզիկան է, բայց այդ ֆիզիկան տիեզերքում այլ կերպ է գործում: Այսինքն՝ նույն օրենքներն են, ուղղակի ավելի ընդհանրացված, ավելի հետաքրքիր ու մի փոքր ավելի տարողունակ։

 

Ինչքան փորձում ենք հասկանալ այդ երեւույթները, գիտակցում ենք, որ ոչինչ չենք հասկանում, որովհետեւ ամեն քայլ կատարելուց հետո նորանոր խնդիրներ են առաջանում, եւ դա դրանք հասկանալու անվերջ ձգտման է բերում: Տիեզերքի դռները երբեք չեն փակվում եւ այնտեղից անդադար նոր խնդիրներ են ուղղվում դեպի գիտնականները:

 

Հետազոտելով՝ գալակտիկաների միջուկը

 

Ընդհանուր գալակտիկայի կառուցվածքում ես ուսումնասիրում եմ միջուկը, որն ամենաակտիվ մասն է: Ինձ հետաքրքրող այդ օբյեկտները գտնվում են ավելի երիտասարդ տարիքում: Ուսումնասիրում ենք, թե դրանք ինչպիսի ակտիվություն են դրսեւորում տարբեր էլեկտրամագնիսական ալիքների տիրույթներում: Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռեւս գալակտիկան չձեւավորված՝ գոյություն ունեն առանձին միջուկներ, որոնք գալակտիկաների ձեւավորման սկզբնական փուլում են գտնվում: Սրանք շատ հետաքրքիր են ուսումնասիրության համար, գուցե եւ, ամենաֆենոմենալ օբյեկտներն են տիեզերքում: Սա աստղագիտության մեջ արդի խնդիրներից  է եւ շատ հարցեր կան, որոնք դեռեւս մնում են չբացահայտված:

Հայկ Աբրահամյանը Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ մենք օգտագործում ենք այլ երկրների դիտակների տվյալները, որոնք հասանելի են ցանկացած գիտնականի համար, ստացվում է, որ, չունենալով մեծ ֆինանսավորում, մեր երկիրն այս ուղղությամբ կարողանում է զգալի արդյունքներ ստանալ ու չի զիջում աշխարհի այլ գիտական կենտրոններին: 

 

Բյուրականի աստղադիտարանի դիտակները եւu օգտագործվում են ուսումնասիրություններում, օրինակ՝ սպեկտրալ դասակարգումների, ֆոտոմետրիկ դիտումների համար: Ինդիվիդուալ օբյեկտ դիտելիս, եթե այլ դիտակներում դրանց վերաբերյալ տվյալները բացակայում են, կախված օբյեկտի պայծառությունից՝ մեր դիտակները շատ օգտակար են լինում, կարողանում ենք դրանց շնորհիվ դասակարգում կատարել, որոշել օբյեկտների բնույթը: 

 

Հայաստանը՝ տիեզերքը բացահայտողների շարքում

 

Աստղադիտարանում, ինչպես Հայաստանի մյուս գիտական հաստատություններում, գիտնականների պակաս կա: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Մարդիկ նախընտրում են արտասահմանյան գիտական կառույցներում աշխատել, որտեղ ավելի շատ են վարձատրվում եւ լայն հնարավորություններ են ստանում: 

 

Մենք փորձում ենք կապը պահպանել միջազգային գիտական հաստատությունների հետ՝ մասնակցելով միջազգային գիտաժողովներին եւ այլ միջոցառումներին, որը մեզ որոշակի համագործակցություն, արտաքին ֆինանսավորում կարող է բերել: Դա ոչ միայն նպաստում է սոցիալական վիճակի բարելավմանը, այլեւ՝ գիտական մակարդակի բարձրացմանը: 

 

Փորձում ենք այնպես անել, որի աստղադիտարանը հետագայում էլ լինի բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ մեր ջանքերը կտան իրենց պտուղները: 

 

Դպրոցից դուրս մնացած Աստղագիտությունն ու կադրերի խնդիրը

 

Աստղագիտությունն, ընդհանուր առմամբ, մարդկանց մոտ շատ հետաքրքրություն է առաջացնում՝ անկախ տարիքից: Գիտական առումով բավական լավ վիճակում ենք գտնվում, սակայն կան բայց-եր: Կար ժամանակ, երբ դպրոցում դասավանդվում էր աստղագիտություն, հիմա գրեթե բոլոր կրթօջախներից այն վերացրել են: Այժմ ընդամենը ֆիզիկայի 9-րդ դասարանի դասագրքում մեկ գլուխ է նվիրված, որը շատ վատ է գրված եւ աշակերտների շրջանում հետաքրքրություն չի առաջացնում:

Հայկ Աբրահամյանը Հայկ Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա էլ բերում է որոշակի կադրային խնդիրների, որը կա բոլոր գիտական հիմնարկներում, ինչպես նաեւ՝ աստղադիտարանում: Որպեսզի աստղադիտարանը հետագայում զարգանա, կադրեր են հարկավոր, արդեն 2-3 տարի է, ինչ չունենք ուսանողներ, որոնք կգան դեպի աստղագիտություն:

 

Այս խնդիրները լուծելու համար դպրոցներում պետք է վերականգնել աստղագիտություն առարկան ու դեռ այդ տարիքում երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել:  Հետագայում արդեն բուհում էլ ուսանողը պետք է տեսնի, որ այս ուղղությամբ մասնագիտություն ընտրելիս ունի ապագա: Եթե ուսանողն ավարտում է համալսարանը եւ իր ապագան չի տեսնում աստղագիտության մեջ, ապա չի կարող այս ուղղությունը զարգանալ: 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին