Արծրուն Սարգսյան. Գիտական արդյունքը պետք է կիրառության բերել - Mediamax.am

exclusive
23537 դիտում

Արծրուն Սարգսյան. Գիտական արդյունքը պետք է կիրառության բերել


Արծրուն Սարգսյանը
Արծրուն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արծրուն Սարգսյանը
Արծրուն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արծրուն Սարգսյանը
Արծրուն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արծրուն Սարգսյանը
Արծրուն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արծրուն Սարգսյանը
Արծրուն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

 

Բնության երեւույթներն ուսումնասիրելու եւ ճանաչելու սերն Արծրուն Սարգսյանին ուղղորդեցին դեպի ֆիզիկա, իսկ վերջնական որոշում կայացնելուն նպաստեց հոր` մաթեմատիկոս լինելու հանգամանքը:

 

«Ընդհանրապես, կարծում եմ, որ բոլորին էլ հարկավոր է գոնե ինչ-որ մակարդակի ֆիզիկա իմանալը, որպեսզի պատկերացում ունենան իրենց շուրջը տեղի ունեցող երեւույթների մասին: Պետք է նաեւ մաթեմատիկա սովորել, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ հասկանալ եւ նկարագրել ֆիզիկական երեւույթները: Ֆիզիկան եւ մաթեմատիկան սերտ փոխկապակցված ուղղություններ են: Մաթեմատիկական մտածելակերպը շատ է օգնում` մտածելու ձեւ, վերլուծելու ունակություն եւ լայն մտահորիզոն է ձեւավորում մարդու մոտ»,- ասում է Արծրունը:

 

«Ճամփորդություն» ֆիզիկայի եւ մաթեմատիկայի միջեւ

 

Ֆիզիկայից մաթեմատիկա եւ ապա նորից ֆիզիկա՝ չհեռանալով մաթեմատիկայից. Արծրունի ուսումնական «ճամփորդության» քարտեզն է: Դպրոցն ավարտելուց հետո ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունված երիտասարդը մասնագիտացավ մաթեմատիկական ուղղությամբ, բայց չկտրվեց Ֆիզիկայից:

Արծրուն Սարգսյանը Արծրուն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թեեւ ատենախոսությունը պաշտպանել էի մաթեմատիկայի ոլորտում, բայց 2008թ-ին վերադարձա ֆիզիկայի բնագավառ եւ սկսեցի աշխատել «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում: Համատեղությամբ բարձրագույն մաթեմատիկա եմ դասավանդել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ 2016թ-ից դասավանդում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

 

«ՔԵՆԴԼ» եւ «ԱՐԵԱԼ»` փոխկապակցված ապագան

 

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտակազմակերպչական գծով փոխտնօրեն, «Փնջերի ֆիզիկա» խմբի ղեկավար Արծրուն Սարգսյանը զբաղվում է Էլեկտրոնային փնջերի արագացման նոր մեթոդների ուսումնասիրությամբ, արագացուցիչներում էլեկտրոնային փնջերի ուղեծրերի կարգավորման նոր եղանակների մշակմամբ, ինչպես նաեւ «ՔԵՆԴԼ» նախագծի արդիականացման  եւ էլեկտրոնային փնջերի դիագնոստիկ համակարգերի մշակման ու թեստավորման խնդիրներով:

 

Չնայած ֆինանսավորման բացակայության պատճառով «ՔԵՆԴԼ» արագացուցչի ծրագիր կյանքի կոչել դեռ չի ստացվում, բայց ողջ ինստիտուտն ինտենսիվ աշխատում է թե «ՔԵՆԴԼ»-ի արդիականացման խնդիրների, թե մեկ այլ նախագծի` արդեն գործող «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վրա, որը 5-6 տարեկան է:

 

«Մեր խումբը, կոնկրետ, մշակում է դիագնոստիկ համակարգեր «ԱՐԵԱԼ»  արագացուցչի էլեկտրոնային փնջի բնութագրերի չափման համար: Սա բազմափուլ պրոցես է: Նախագծման աշխատանքների ավարտին հաջորդում է բաղադրիչ սարքավորումների ձեռք բերման (ոլորտի տեղական եւ արտասահմանյան հայտնի արտադրողներից) եւ ինստիտուտի արհեստանոցում անհրաժեշտ դետալների պատրաստման գործընթացը: Այնուհետեւ ինժեներա-կոնստրուկտորական եւ մեքենայի ղեկավարման խմբերի հետ համատեղ դրանք հավաքվում, թեսթավորվում եւ տեղադրվում են արագացուցչի վրա»,- ասում է Արծրունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«ՔԵՆԴԼ»-ի ապագայի մասին խոսելիս, նա նկատում է, որ այս պահին կա «ԱՐԵԱԼ» նախագիծը, որի ապագան ուրվագծված է. «Տեսնում ենք, թե ուր է շարժվում այն, ինչ կիրառություններ է ունենալու, եւ հենց այդ հիմքի վրա էլ առաջ ենք գնում: «ՔԵՆԴԼ»-ի հարցում էլ չենք հուսահատվում, եւ շարունակում ենք այն արդիականացնել, որպեսզի երբ գումարները գտնվեն, այն լիարժեք կարողանա կյանքի կոչվել: «ԱՐԵԱԼ»-ի ապագայի հետ կապված բավական հեռանկարային նպատակներ ունենք: Ներկայում կան հետազոտական խմբեր, որոնք էլեկտրոնային փնջի միջոցով որոշակի նմուշների հետազոտություններ են անցկացնում մեզ մոտ, օրինակ` քաղցկեղի բջիջների: Մեր հետագա նպատակն է ընդլայնել մեքենան, համալրելով նոր սարքավորումներով, եւ շատ ավելի լայնացնել հետազոտությունների սպեկտորը»:

 

Կիրառությունները, ֆիզիկոսի խոսքով, կարող են լինել բժշկության, քիմիայի, կենսաբանության, նյութագիտության եւ այլ ոլորտներում:

 

Ֆինանսական խնդիրներ եւ չիրագործված պոտենցիալ

 

Արծրուն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում ինչպես հարկն է չի իրացվում առկա գիտական պոտենցիալը:

 

«Եթե մենք հետեւենք, թե ինչպես է աշխարհում գիտությունը զարգանում եւ ինչ ներդրումներ են կատարվում, շատ հեշտ կարելի է տեսնել, որ մեզ մոտ, նման մոտեցում չկա: Պատճառը, իհարկե ֆինանսական խնդիրներն են եւ պետության կողմից որոշակի անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս խոսվել է: Այս փաստը մի կողմից հանգեցնում է երկրից կադրերի արտահոսքի, մյուս կողմից՝ նրան, որ շատերը թողնում են գիտությունը եւ տեղափոխվում այլ բնագավառ (հիմնականում՝ ՏՏ):

 

Սակայն սխալ կլինի ասել, թե գիտության խրախուսման ուղղությամբ երկրում ոչինչ չի արվում: Չի կարելի չփաստել վերջին տարիներին Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվող բազմաթիվ աջակցության ծրագրերն եւ դրամաշնորհները: Պարզապես, այն հնարավորությունները, որ ունենք, եւ որ կարելի է կյանքի կոչել, պատշաճ կերպով ֆինանսավորում չեն ստանում, ցավոք»,- ասում է նա:

Արծրուն Սարգսյանը Արծրուն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրադառնալով հիմնարար եւ կիրառական գիտությունները տարանջատելու մասին քննարկումներին, ֆիզիկոսն ասում է, որ դա անթույլատրելի է: Նրա խոսքով, եթե հիմնարար գիտությունը չզարգանա, հնարավոր չի լինի կրթել եւ ստանալ լավ մասնագետներ թեկուզ կիրառական գիտության համար:

 

Ֆինանսական խնդրի հետ սերտորեն կապված է տեխնիկական հագեցվածության հարցը: «ՔԵՆԴԼ»-ում, Արծրունի փոխանցմամբ, այդ հարցերը լուծվում են ինչպես ինստիտուտի հնարավորությունների, այնպես էլ միջազգային համագործակցության շնորհիվ:

 

«Գիտությունն իրեն պահում է դրամաշնորհների միջոցով: Պետության կողմից գիտությունը զարգացնելու նպատակամղվածություն պետք է լինի, դա խիստ անհրաժեշտ է մեզ նման երկրին: Չունենալով այլ ռեսուրսներ, մենք կարող ենք աշխարհին ներկայանալ գիտական արտադրանքով, որն էլ կլինի մեր խաղաքարտը»:

 

Ֆինանսական խնդիրների լուծման տարբերակներից մեկն էլ, ըստ նրա, գիտնականի աշխատանքը բիզնես կիրառության բերելն է: Բայց, ինչպես շատ գիտաշխատողներ, այնպես էլ Արծրունը կարծում է, որ գիտնականը չպետք է իր հետազոտությունները թողնի եւ զբաղվի առեւտրայնացմամբ եւ գիտնականին բիզնեսին կապող օղակ է հարկավոր:

 

Ֆիզիկան «կուլ տվող» ՏՏ-ն

 

Գիտության ոլորտը, ըստ երիտասարդ գիտաշխատողի, հասարակության մոտ մի կողմ է մղվել: Մարդիկ փորձում են այնպիսի ուղղություններ ընտրել, որոնցով կարող են գումարներ վաստակել:

 

«Այժմ ՏՏ ոլորտն է կլանում բոլորին: Շատ ֆիզիկոսներ որոշ ժամանակ անց տեղափոխվում են ՏՏ ոլորտ: Այնպես է ստացվել, որ լուրջ «մրցակցություն» է առաջացել, եւ այս միտումը գնալով գիտության համար վտանգավոր ցուցանիշների է հասնում:

 

Վատատես չարժի լինել, թե գիտությունը մեզ մոտ կմահանա

 

Հասարակության հետաքրքրվածությունը բարձրացնելու արդյունավետ ուղին, ինչպես նշում է Արծրունը, արդյունքի եւ արտադրանքի ցուցադրումն է: Մյուս դերը դպրոցինն է:

 

«Երբ մարդը կանգնում է կյանքի խնդիրների առաջ, մի կողմ է դնում հետաքրքրությունները եւ ընտրում է այն ուղղությունները, որոնցով կյանքի նորմալ պայմաններ կկարողանա ապահովել իր համար»,- ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտնականի հետաքրքրվածությունը եւ էնտուզիազմը, ֆիզիկոսի խոսքով, հնարավոր է պահել միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում:

«Պարզապես բավարար պայմաններ են հարկավոր եւ կենսագործունեության, եւ գիտական գործունեության համար: Հետաքրքրությունների առումով` այն, ինչ նա ստանում է այդ ոլորտում աշխատելիս, բավական մեծ խթան է իր գործունեությունը շարունակելու համար: Վատատես չարժի լինել, թե գիտությունը մեզ մոտ կմահանա: Պետք է փորձել ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածը ներգրավել գիտության մեջ: Եթե հստակ քայլեր ձեռնարկվեն, պետությունը հոգածություն ունենա գիտության նկատմամբ, ապագայի տեսլականը կարող է լավատեսական լինել»,- ասում է Արծրուն Սարգսյանը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին