Երեւան /Մեդիամաքս/. Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված “մոդել” խորհրդաժողով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, “մոդել” խորհրդաժողովին մասնակցում էին 30 հայ երիտասարդներ ՀՀ տարբեր մարզերից:
ՄԱԿ-ի “մոդել” խորհրդաժողովը ՄԱԿ-ի որեւէ մարմնի նմանակում է, տվյալ դեպքում նմանակվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որին մասնակցում են 15 երկրներ:
Խորհրդաժողովի մասնակիցները ընթացակարգի համաձայն,ներկայացնում են տարբեր երկրների պատվիրակների դերերը: Յուրաքանչյուր մասնակից նախապես ուսումնասիրել է հայ-թուրքական բանակցային գործընթացի վերաբերյալ այն երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը ներկայացնում է: Խորհրդաժողովի ավարտին, ժամը 18:00-ին, սպասվում է հարցի հետ կապված բանաձեւի ընդունում:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց, որ նման քննարկումները նպաստում են երիտասարդների բանակցային, հաղորդակցական հմտությունների զարգացմանը եւ ՄԱԿ-ի սկզբունքների եւ արժեքների մասին տեղեկատվության տարածմանը:
“Սա ամենահետաքրքիր թեման է հայ երիտասարդների համար, նրանք պետք է փորձեն դիտարկել այս հարցը այլ պետությունների տեսանկյունից` ազատվելով կարծրատիպերից”,- ասել է Մարիա Դոցենկոն: